ՀՀ ոստիկանության պետն ընդունել է ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | January 18, 2013 11:36
Հունվարի 17-ին ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն ընդունեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ժամանակավոր հանձնաժողովի նախընտրական դիտորդական առաքելության պատվիրակությանը՝ Կարին Վոլդսեթի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ ոստիկանության պետը ներկայացրեց իրականացվող միջոցառումները, որոնք ուղղված են ընտրացուցակների ճշգրտմանը, նախընտրական շրջանում հավաքների անցկացման ապահովմանը, նախագահի թեկնածուների անվտանգության պահպանմանը և մի շարք այլ խնդիրների, որոնց լուծումը առաջիկա ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու գրավականներից է:
Վլադիմիր Գասպարյանը նշեց, որ այդ ուղղությամբ իրականացվող ծավալուն նախապատրաստական աշխատանքը, ինչպես և նախորդ ընտրությունների ընթացքում ձեռք բերած հարուստ փորձը, հիմք են տալիս հավաստելու, որ նախագահական ընտրությունների ընթացքում, ինչպես և նախընտրական փուլում ոստիկանությունը լիարժեք կկատարի օրենքով վերապահված գործառույթները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Կարին Վոլդսեթը դրական գնահատեց կարճ ժամանակահատվածում կատարված աշխատանքը և հույս հայտնեց, որ ոստիկանությունն իր ծանրակշիռ դերակատարումը կունենա ընտրությունների շրջանում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
Դիտվել է 620 անգամ:
Print Friendly

Leave a Reply