Ի՞նչ դերակատարություն ունի թարգմանիչը քրեական դատավարությունում

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | January 24, 2013 7:00

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 83-րդ հոդվածի համաձայն` թարգմանիչը քրեական գործով չշահագրգռված այն անձն է, որին քրեական վարույթն իրականացնող մարմինը հրավիրում է թարգմանություն իրականացնելու համար:

Թարգմանիչը պետք է ազատորեն տիրապետի քրեական դատավարության լեզվին և այն լեզվին, որից կատարվում է թարգմանությունը: Դատավորը, դատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը, պաշտպանը, ներկայացուցիչը, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցները, ընթերական, դատական նիստի քարտուղարը, փորձագետը, վկան իրավունք չունեն թարգմանիչ լինելու: Թարգմանիչ է համարվում նաև համրի նշանները հասկացող և խուլի հետ նշաններով բացատրվելու ունակ անձը:

Թարգմանիչն ունի որոշակի պարտականություններ, մասնավորապես`

1) թարգմանություն կատարելու համար ներկայանալ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով,

2) քրեական վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել թարգմանչի իր որակավորումը հաստատող փաստաթղթերը,

3) քրեական վարույթն իրականացնող մարմնի, ինչպես նաև կողմերի պահանջով դատական նիստի ընթացքում տեղեկություններ հայտնել իր մասնագիտական փորձի և համապատասխան քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հետ հարաբերությունների մասին,

4) թարգմանությունն ապահովելու համար անհրաժեշտ ամբողջ ժամանակահատվածում գտնվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման վայրում, դատական նիստերի դահլիճում և չլքել նշված գործողության կատարման վայրն առանց այն կատարող անձի թույլտվության, իսկ դատական նիստերի դահլիճը` առանց նախագահողի թույլտվության,

5) թարգմանել լրիվ, ճշտորեն և ժամանակին,

6) ենթարկվել դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի, դատական նիստը նախագահողի օրինական կարգադրություններին,

7) դատական նիստի ընթացքում պահպանել կարգուկանոն,

8) ստորագրությամբ հաստատել իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությունում թարգմանության գրառումների լրիվությունը և ճշտությունը, ինչպես նաև քրեական գործով վարույթին մասնակցող անձանց հանձնվող փաստաթղթերում թարգմանության ճշտությունը,

9) առանց քրեական վարույթն իրականացնող մարմնի թույլտվության` չհրապարակել իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության ժամանակ, ինչպես նաև դռնփակ դատական նիստում իրեն հայտնի դարձած տեղեկությունները:

Թարգմանչի կողմից իր պարտականությունները չկատարելն առաջ է բերում օրենքով նախատեսված պատասխանատվություն:

Թարգմանիչն իրավունք ունի`

1) թարգմանությունը ճշգրտելու համար հարցեր տալ թարգմանության ընթացքում ներկա գտնվող անձանց,

2) ծանոթանալ իր մասնակցությամբ կատարված քննչական կամ այլ դատավարական գործողության արձանագրությանը, ինչպես նաև համապատասխան մասով` դատական նիստի արձանագրությանը և թարգմանության գրառումների լրիվության և ճշտության հետ կապված դիտողություններ անել, որոնք մտցվում են արձանագրության մեջ,

3) ստանալ քրեական գործով վարույթի ընթացքում կրած ծախսերի հատուցում:

Թարգմանիչն ունի նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված այլ իրավունքներ և պարտականություններ:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply