Վրաստանը՝ տարանցիկ երկիր հայ զբոսաշրջիկների համար. Ո՞ր երկրներում են հատկապես հայերն անցկացրել իրենց ամանորը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | January 19, 2013 15:40

Վերջին շրջանում հայ հասարակության մի  ստվար հատված նախապատվությունը տալիս է ամանորը արտերկրում դիմավորելուն և հատկապես այն երկրներում, որտեղ տաք է: Փաստն այն է, որ մեկնողների թիվը տարեցտարի մեծանում  է: Բավական մեծացել  է նաև հանրապետության տարածքում ամանորն անցկացնել ցանկացող ներքին զբոսաշրջիկների թիվը: Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանի տեղեկացմամբ` դեկտեմբերի վերջին օրերի դրությամբ հանգստյան գոտիներում, մասնավորապես` Ջերմուկում, Ծաղկաձորում և Դիլիջանում  այցելուների հագեցվածությունը  կազմել է 100  տոկոս:

Կամացկամաց հայ ժողովուրդը  հրաժեշտ է տալիս ամանորը նշելու ավանդական ձևերին՝ այն փոխարինելով ձմեռային, ակտիվ կամ պասիվ տուրիզմով: Զբոսաշրջային կենտրոններ համարվող վայրերում, որոնցից են Ջերմուկը, Ծաղկաձորն ու Դիլիջանը, գները բավական մրցակցային են, որտեղ ամանորյա տոներն անցկացնելու համար դեռ շաբաթներ առաջ էր պետք համարներ ամրագրել: Եվ գների կայուն բարձր լինելու պարագայում նույնիսկ միջին կարգի հյուրանոցային համալիրները հատկապես այս տարվա ամանորյա բոլոր օրերին բազմամարդ են եղել:

Ըստ վիճակագրության և սոցհարցումների արդյունքների, եթե  ամանորյա տոները հավուր պատշաճի անցկացնելու համար  յուրաքանչյուր հայ ընտանիքում միջին հաշվով ծախսվում է 150-250 հազար դրամ, ապա միամտություն կլինի կարծել, որ  հանգստի մեկնող հայ ընտանիքները նախընտրում են տնտեսել ամանորյա ծախսերը: Դեռ ավելին, հանրապետության տարածքում ձմեռային տուրիզմի մեկնելը, հատկապես տոնական օրերին, մեծ ճոխություն է: Այսինքն, եթե հանգստյան տների մեկ համարի մեկ օրվա արժեքը երկու անձի համար միջինը 45 հազար դրամ է, ապա մաթեմատիկական պարզ հաշվարկի արդյունքում հասկանում ենք, որ մի քանի օրվա դիմաց ծախսած գումարն արդեն գերազանցում է 250 հազար դրամը:

Եթե այդ օրերին բավական բազմամարդ են հայաստանյան հանգստյան գոտիները, և լայն թափով զարգանում է ներքին տուրիզմը, իհարկե միայն վճարունակ խավի հաշվին, ապա այս օրերին քիչ չէին նաև արտագնա տուրիզմի մեկնողները: Հիմնական երկրները, որտեղ հայ զբոսաշրջիկները նախընտրել են անցկացնել ամանորյա տոները, տաք և ծովային երկրներն են: Հիմնականում ճամփորդության են մեկնել այն հայ ընտանիքները, որոնք առհասարակ նախապատվությունը տվել են եղանակային տարբերությանն ու մշակութային բազմազանությանը:

Մի քանի տուրիստական գործակալություններից տեղեկացանք, թե այս տարի որ երկրներն են հայ զբոսաշրջիկների կողմից եղել առավել պահանջված: Առաջին ուղղությունը, ուր 7-օրյա հանգստի են մեկնել  հայերը, եղել է Եգիպտոսը, այնուհետև Իսրայելը, Արաբական Էմիրությունները, Հունաստանը, Թաիլանդը: Շատերը մեկնել են` ամանորը իրենց ազգականների հետ դիմավորելու ՌԴ-ում, Ուկրաինայում և Վրաստանում: Սակայն պետք է նշել, որ գնային առումով բավականաչափ մեծ է եղել թե՛ առաջարկվող տուրփաթեթների, թե՛ ավիատոմսերի նախկին սակագների միջև եղած տարբերությունը: Ավիատոմսերը դեկտեմբերի 25-ից կտրուկ բարձրացել էին մինչև  300 հազար դրամով: Եթե գովազդվող բավական գայթակղիչ թվացող մատչելի տուրփաթեթներն  առաջարկում էին ամանորյա հանգիստ, օրինակ` դեպի Եգիպտոս 140 հազար դրամով, իսկ Դուբայ` 180-200 հազար դրամով, ապա հաղորդվում էր միայն հյուրանոցի գինը՝ շփոթության մեջ գցելով հեռուստադիտողին: Եթե սովորական օրերին դեպի Եգիպտոս նույն տուրփաթեթով կարելի էր հանգստի մեկնել 200 հազար դրամով, ապա դեկտեմբերի վերջերին այդ նույն հանգիստը առաջարկվում էր  420-450 հազար դրամով, դեպի Դուբայ չվերթը` 280  հազար դրամի փոխարեն` 600 հազարով, իսկ ավելի թանկ երկրներ, օրինակ` դեպի Հունաստան տուրփաթեթն արժեր 1 մլն դրամ:

Ուստի սա է հիմնական պատճառը, որ այս տարի շատ հայ ընտանիքներ դեպի այդ երկրներ ճամփորդության մեկնելու համար տարանցիկ երկիր էին ընտրում հարևան Վրաստանը: Հատկապես դեկտեմբերի վերջերին դեպի Թբիլիսի տանող հայկական երկաթուղին ևս բազմամարդ էր ուղևորներով: Հայերն ընտրում էին Վրաստանից դեպի այդ երկրներ մեկնելու  անհամեմատ էժան տարբերակը, զբոսաշրջիկը կարողանում էր տնտեսել բավական կլորիկ գումար: Թբիլիսիից ավելի շահավետ էր թե՛ ավիատոմս գնելը, թե՛ տուրփաթեթ պատվիրելը: Հավելենք, որ հայ զբոսաշրջիկները ավիատոմսերի թանկացման պատճառով  հայտնվելով տարանցիկ երկրում, որոշ ժամանակ ստիպված էին այնտեղ մնալ, հետևաբար այդ երկրում  ծախսել  իրենց գումարները սննդի և գիշերակացի համար:

 

Լ.Ն

Դիտվել է 1958 անգամ:
Print Friendly

Leave a Reply