ՀՈՎՍԵՓ ԱՐՂՈՒԹՅԱՆ. XVIII դարի հայ ազատագրական շարժման փայլուն գործիչ

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | January 22, 2013 14:40

Հոգևոր-քաղաքական գործիչը ծնվել է 1743 թ. մայիսի 23-ին Լոռու Սանահին գյուղում` Շիոշբեկ և Քեթևան Արղությանների իշխանական ընտանիքում: Արղության-Երկայնաբազուկները սերել են հայոց Զաքարյան արքայատնից:

Հովսեփ Արղությանը նախնական կրթությունը ստացել է տեղի ծխական դպրոցում, ապա` Էջմիածնի Ժառանգավորաց դպրոցում, որտեղ նրա ուսուցիչն է եղել Սիմեոն Ա Երևանցի կաթողիկոսը:

Արագ առաջանալով հոգևոր սանդղակով` Հովսեփ Արղությանը արդեն 1769 թ. ձեռնադրվում է եպիսկոպոս, շուտով նրան տրվում է նաև արքության տիտղոս:

1773 թ. Հովսեփ արքեպիսկոպոսը նշանակվում է ռուսահայոց թեմի առաջնորդ, իսկ 1780 թ. ` նաև ղրիմահայոց հոգևոր առաջնորդ:

Ռուսական կայսրությունը, 1776 թ. պատերազմում ջախջախելով Օսմանյան Թուրքիային, գրավեց Ղրիմը, տապալեց Գիրեյների խանական տոհմի իշխանությունն ու երկրամասը կցեց Ռուսաստանին: Որպեսզի Ղրիմի նվաճումը վերջնականապես իրականացվի, Եկատերինա Բ կայսրուհու ֆավորիտ և Ռուսաստանի այդ ժամանակվա փաստացի կառավարիչ իշխան Գրիգորի Ալեքսանդրի Պոտյոմկինը հղացավ ղրիմահայության գաղթի ծրագիրը: Այս ծրագրի նպատակը Ղրիմը տնտեսապես քայքայելն էր, որը կդյուրացներ երկրամասի վերջնական նվաճումը, ինչպես նաև` հայերով Դոնի և Հյուսիսային Կովկասի խոպան տափաստանները բնակեցնելը, որը տնտեսական նշանակությունից զատ, ռուսների համար ուներ նաև մեծ ռազմավարական նշանակություն:

Ռուսական արքունիքի այս ծրագրերին համաձայնեցին նաև հայ մտավորականները, մասնավորապես` արքունիքում մեծ հեղինակություն վայելող Հովսեփ արքեպիսկոպոս Արղության-Երկայնաբազուկը և Հովհաննես Լազարյանը: Գործի լծվելով` հենց Հովսեփ Արղությանը ձեռնամուխ եղավ ղրիմահայության գաղթի կազմակերպմանը: Գաղթի արդյունքում 12500 ղրիմահայեր հաստատվեցին Դոնի ափին և այնտեղ հիմնադրեցին Նոր Նախիջևան քաղաքը (տարածքը համապատասխանում է ներկայիս Դոնի Ռոստովի Պրոլետարսկի շրջանին) ու Մեծ Սալա, Սուլթան Սալա, Չալթր, Նովիթա, Թոփթի (այժմ Դոնի Ռոստովի մարզի Մյասնիկյան շրջանում) գյուղերը: Բացի Դոնից` հայերը բնակեցրին նաև Հյուսիսային Կովկասի մի շարք բնակավայրեր` հիմնելով Կիզլյար, Գրիգորոպոլիս (այժմ` Բուդյոնովսկ), Արմավիր և Սուրբ Խաչ քաղաքները: Այս քաղաքների համար Հովսեփ Արղությանի ջանքերով մշակվեցին միասնական հարկային համակարգ, ներքին ինքնավարության կանոններ և որոշակի արտոնություններ:

Գրիգորոպոլիսը հիմնվեց հենց Հովսեփ արքեպիսկոպոս Արղության-Երկայնաբազուկի ջաներով, 1792 թ.: Քաղաքի անվանակոչման երկու տարբերակ կա: Ոմանք նշում են, որ Գրիգորոպոլիս է կոչվել ի պատիվ ամենայն հայոց առաջին հայրապետ Գրիգոր Լուսավորչի, ոմանք էլ պնդում են, որ Հովսեփ արքեպիսկոպոսը ցանկացել է այդ կերպ իր երախտագիտությունը հայտնել հայերի բարեկամ, ոչ վաղ անցյալում Եկատերինա Բ կայսրուհու ֆավորիտ, իշխան Պլատոն Զուբովի կողմից դավադրաբար սպանված իշխան Գրիգորի Ալեքսանդրի Պոտյոմկինի:

Արղությանը ջանքեր չխնայեց նաև ռուսական զենքի նվաճած սևծովյան արևելյան ափերի հայ ազգաբնակչության կազմակերպման ու տեղավորման հարցերը լուծելիս:

Ռուսական կառավարությունը, բնակեցնելով հայերին այս քաղաքներում, նրանց որոշ ժամանակով ազատեց ամեն տեսակի հարկերից ու տուրքերից, ստեղծեց բոլոր նպաստավոր պայմանները այս նոր բնակավայրերի զարգացման համար: Այս նախաձեռնությունները պաշտպանեց և ակտիվորեն իրականացրեց հենց Հովսեփ արքեպիսկոպոսը:

Առհասարակ XVIII դարը բեկումնային էր հայ ազատագրական մտքի և պայքարի համար: Բազմադարյա նիրհից հետո հայությունն առանձին հատվածներում արթնանում էր, սուր վերցնում և պայքարի մտնում թուրք և պարսիկ տիրապետության դեմ: Մասնավորապես, Արևելյան Հայաստանում անկախության փոքրիկ օջախներ կային Արցախում և Լոռիում:

Արցախի Խամսայի մելիքությունները հայ ազատամարտի դրոշակակիրներն էին: Սյունիքում 1722 թ. թնդաց Դավիթ Բեկի ապստամբությունը: Դրանից հետո Հայաստանում ապստամբական շարժում նախաձեռնեց Հովսեփ Էմինը: Հնդկահայ գաղութը լայն կապեր ուներ Ռուսական կայսրության, Վրաստանի թագավորության հետ: Մադրասի խմբակը շարունակ Հայաստանի ազատագրման ծրագրեր էր կազմում և հղում ռուս, վրացի և եվրոպացի գահակալներին: Մադրասի խմբակը կազմեց նաև ապագա անկախ Հայաստանի սահմանադրությունը` «Որոգայթ փառացը» և ուղարկեց Պետերբուրգ: Մադրասի խմբակի շնորհիվ լույս տեսավ «Նոր տետրակ, որ կոչի հորդորակ» աշխատությունը, որին բաժանորդագրվեցին ռուսահայ շատ գործիչներ` գեներալիսիմուս Ալեքսանդր Սուվորովի գլխավորությամբ: «Նոր տետրակը» Հովսեփ արքեպիսկոպոսի ձեռքով հայտնվեց նաև կայսրուհի Եկատերինա Բ Մեծի (1764-1796) սեղանին:

Այս ամենին անմասն չէր Հովսեփ արքեպիսկոպոս Արղության-Երկայնաբազուկը, որ ոչ միայն խրախուսում էր Հայաստանի ազատագրման ծրագրերը, այլև ակտիվորեն մասնակցում դրանք կյանքի կոչելուն: Արղության-Երկայնաբազուկը ռուսական կաբինետին անընդհատ փորձում էր համոզել, որ Հայաստանի ազատագրման համար հարկավոր է ավելի գործուն քայլեր ձեռնարկել և զորք ուղարկել Կովկաս:

Մտերիմ լինելով Եկատերինա կայսրուհու և իշխան Պոտյոմկինի հետ` Արղությանը նրանց միջոցով փորձում էր լուծել հայությանը հուզող հարցերը: Նա պայքար սկսեց հայկական գաղթօջախներում կաթոլիկության քարոզման դեմ: Եկատերինա Բ Մեծը անձամբ Հովսեփ արքեպիսկոպոսին պարգևատրեց ադամանդե խաչով:

Նա ռուսական արքունիքին հանգամանալից տեղեկություններ էր հաղորդում Արևելյան Հայաստանի վիճակի, տնտեսական կարողությունների, Արցախի մելիքությունների ռազմական ուժի և այն ամենի մասին, ինչ կարող էր անհրաժեշտ լինել ռուսական հրամանատարությանը` ակնկալվող ռուս-պարսկական կամ ռուս-թուրքական պատերազմների ժամանակ:

1795 թ. Պարսկաստանի Աղա Մուհամմեդ խանի` դեպի Թիֆլիս կատարած արշավանքից հետո ռուսական կառավարությունը, հավատարիմ Գեորգիևսկում Ռուսաստանի և Վրաստանի միջև կնքված պայմանագրին, զորք ուղարկեց Կովկաս:

1796 թ. կատարված այս արշավանքին միացավ նաև Հովսեփ արքեպիսկոպոսը, որ շարունակ կոչ էր հղում Վրաստանի հայությանը ամեն կերպ աջակցել ռուսական զենքի հաղթանակին:

Եկատերինա Բ մահից հետո նրա ժառանգորդը` նոր կայսր Պավել Առաջինը (1796-1801), շարունակեց մոր քաղաքականությունը Կովկասում, որի նպատակն էր ողջ Կովկասը, Վրաստանը և Հայաստանը հպատակեցնել ռուսական կայսրությանը: 1801 թ. Պավել Ա արգելեց Վրաստանում մահացած Գեորգի ԺԲ թագավորի փոխարեն նրա զավակների թագադրումը: Վրաստանում միապետությունը հայտարարվեց տապալված, և Վրաստանի թագավորությունը բռնակցվեց Ռուսական կայսրությանը: Ռուսական զենքի այս հաղթանակում մեծ էր հայության, մասնավորապես` Հովսեփ Արղությանի ներդրումը: Ի երախտագիտություն Հովսեփ Արղությանի ծառայությունների` 1801 թ. Պավել Ա կայսրը հատուկ հրամանագրով Արղության-Երկայնաբազուկ տոհմը դասեց ռուսական ազնվական գերդաստանների շարքը և վերահաստատեց նրա իրավունքները պապենական կալվածքների վրա:

Արղության-Երկայնաբազուկները հետագայում ևս անձնվիրաբար ծառայեցին իրենց ազգին ու հայրենիքին` բազում փառահեղ էջեր գրելով Արղությանների տոհմի պատմության էջերում:

Բացի քաղաքական ու կրոնական գործունեությունից, Հովսեփ Արղությանը նաև մշակութային գործիչ էր: Նա թափ հաղորդեց ռուսահայ համայնքում տպագրական, հրատարակչական գործին, լուսավորության տարածմանը: Նրա ջանքերով Ռուսաստանի հայաշատ վայրերում տասնյակ գրքեր տպագրվեցին:

1799 թ. Էջմիածնում մահացավ Ղուկաս Ա Կարնեցի կաթողիկոսը (1780-1799): Կաթողիկոսական թափուր գահին ողջ հայությունը տեսնում էր մեկ թեկնածուի` Հովսեփ արքեպիսկոպոս Արղության-Երկայնաբազուկին: Ռուսաց կայսր Պավել Ա իր հերթին Հովսեփ Արղությանին ճանաչեց որպես ամենայն հայոց կաթողիկոս: Էջմիածնի Սինոդը Արղությանին ընտրեց հայոց կաթողիկոս, չնայած ինքը` թեկնածուն, չի մասնակցել ընտրություններին, քանի որ գտնվում էր Ռուսաստանում:

Նորընտիր կաթողիկոսը Ռուսաստանից շտապեց Էջմիածին` զբաղեցնելու կաթողիկոսական գահն ու օծվելու: Սակայն 1801 թ. Թիֆլիսում անսպասելի հիվանդացավ և մահացավ 58 տարեկան հասակում:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 6660 անգամ:
Print Friendly

Leave a Reply