Դարձյալ գյուղապահովագրության կարևորության մասին

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | January 21, 2013 13:07

Ցանկացած ոլորտում ապահովագրությունը կարևոր և անհրաժեշտ պայման է, որպեսզի ոլորտային զարգացում տեղի ունենա, և ոլորտը կանխատեսելի լինի: Սակայն յուրաքանչյուր ապահովագրություն նաև պահանջում է ռիսկերի կառավարման համակարգ: Մեզ մոտ, ցավոք, ձևավորված չէ այդ համակարգը, իսկ վարվող քաղաքականությունը փաստում է, որ նման համակարգ ձևավորելու մտադրություն անգամ չկա: Խոսքը հատկապես վերաբերում է գյուղոլորտում ապահովագրական համակարգ ներդնելուն:

Տերովին տերը տարավ, անտերին` գելը

Այս Նոր տարվա հենց ամենաառաջին օրերին դարձյալ անհրաժեշտություն առաջացավ խոսելու գյուղապահովագրության մասին: Որովհետև տարին  անբարեհաճ բացվեց Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղի ֆերմերներից մեկի համար: Մարդը տարիներով չարչարվել-աշխատել էր, ոչխարաբուծություն էր զարգացրել, ու մեկ էլ Նոր տարուն մի ագահ գայլ ներխուժեց նրա անասնագոմ ու… Մոտ 100 գլուխ ոչխար ու գառ փչացան, ոչխարների մեծ մասն  էլ հղի էր, ուստի վնասը գնահատվեց մոտ 300 գլուխ մանր եղջրավոր անասունի կորստի չափով:

Էական չէ, թե ով էր այդ ֆերմերը, էական չէ, թե քանի գլուխ անասուն փչացրեցին գայլերը: Հարցն այն է, որ այդ ֆերմերի տարիների չարչարանքը անդառնալիորեն ջուրն ընկավ: Որովհետև պետությունը, լավագույն դեպքում, կփոխհատուցի տվյալ ֆերմերի կրած վնասի միայն աննշան, չնչին մասը: Իսկ գյուղատնտեսության ոլորտի համար ապահովագրություն ասած եզրույթը նման է աշխարհի վերջի մասին խոսակցություններին.  այդ մասին անվերջ խոսում են, մասնագետներն ու գիտնականները տեսություններ են մշակում, կանխատեսումներ անում և եզրակացություններ  հրապարակում, սակայն այդ երևույթը մեր գյուղացիների, ֆերմերների  և գյուղոլորտում ներկայացված բոլորի համար աներևույթ ու դեռևս ֆանտաստիկ է: Այն պարզապես Հայաստանում գոյություն չունի:

Մինչդեռ մասնագետները կարծում են, որ Հայաստանում գյուղատնտեսության զարգացման լավագույն խթանը կարող է լինել գյուղացիական ապահովագրությունը: Այսօր գյուղացու եկամուտը կախված է բացառապես եղանակի քմահաճույքներից, ոչ ոք չի փոխհատուցում նրանց կորուստները, այդ պատճառով էլ գյուղացիները վախենում են վարկեր վերցնելուց: Ունենք չափազանց բարձր ռիսկային գյուղատնտեսություն` պայմանավորված  մանավանդ բնակլիմայական պայմաններով, հողի որակական հատկանիշներով:

Քանի դեռ գյուղոլորտում չկա միասնական պետական քաղաքականություն, անիմաստ է խոսել կանխատեսելի արդյունքների մասին: Այդպիսի արդյունքների մասին խոսելիս պետք է վերցնել հոռետեսական սցենարը: Եթե հակակարկտային կայան կամ թունաքիմիկատների ու հողի որակական հատկանիշների բարձրացմանն ուղղված համալիր միջոցառումների ծրագիր չկա, անիմաստ է մտածել, որ ապահովագրությունը կգործի:

Իսկ ապահովագրության անհրաժեշտության մասին բազմիցս  հայտարարել են Հայաստանի գյուղատնտեսության զարգացման ոլորտում գործող տեղական և միջազգային կազմակերպությունները: Օրինակ` մի քանի տարի առաջ բրիտանական ՕՔՍՖԱՄ կազմակերպության նախաձեռնությամբ գյուղատնտեսական դաշինք ստեղծվեց, որը երկրի համաչափ զարգացման նախապայման համարեց «նոր տեխնոլոգիաների հասանելիության բարձրացման անհրաժեշտությունը, ինչպես նաև տարերային աղետների ռիսկերը նվազեցնելու նպատակով ապահովագրական համակարգի ներդրումը»:

Այն ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ պարտադիր գյուղատնտեսական ապահովագրությունն առայժմ շոշափելի օգուտ չի խոստանում գյուղացիների համար, քանի որ ֆերմերային տնտեսությունների ներկայիս եկամտաբերության պայմաններում այդ մեխանիզմը միայն լրացուցիչ ծախս է դառնալու ֆերմերի համար:

Իհարկե, նրա ասածների մեջ ճշմարտության բաժին կա: Սակայն ողջ աշխարհում պետությունները նպաստում են գյուղապահովագրությանը` այն սուբսիդավորելով պետբյուջեից ֆերմերային տնտեսությունների զարգացումը խթանելու նպատակով, որպեսզի նրանք չվախենան գումարներ ներդնել հողի, անասնապահության մեջ և վարկեր վերցնել:

Այսօր ոչ միայն որևէ ապահովագրական ընկերություն ոտք չի դնի գյուղ, այլև դնելու դեպքում էլ այնպիսի վճարներ կսահմանի, որ գյուղացին անմիջապես կհրաժարվի: Որովհետև ռիսկերը չափազանց բարձր են, և չկա դրա կանխարգելման հստակ ձևաչափ: Հնարավոր է՝ գյուղատնտեսության առանձին ճյուղերում գործեն մասնավոր դեպքեր: Որովհետև գյուղատնտեսական ապահովագրությունն այնքան էլ շահավետ չէ ապահովագրական գործակալությունների համար, որքան, ասենք, ավտոմեքենաների ապահովագրությունը: Հայաստանի ապահովագրական ընկերությունների զուտ եկամուտը, շնորհիվ ԱՊՊԱ-ի, հսկայական է: Իսկ գյուղապահովագրության դեպքում նման եկամուտներ չեն ստացվի:

Ուստի գյուղատնտեսության զարգացման ճանապարհին կարևորագույն հարցերից է մնում գյուղատնտեսության ապահովագրությունը: Իսկ եթե գյուղապահովագրական համակարգը գործեր, և վերոհիշյալ բռնակոթցի ֆերմերն էլ իր տնտեսությունն ապահովագրած լիներ, ապա այսօր նա կանգնած չէր լինի գայլերի պատճառած փաստի առջև, իսկ նրա տնտեսությունն էլ կանգնած չէր լինի լինել-չլինելու վտանգի առջև:

 

 

 

Դիտվել է 1637 անգամ:
Print Friendly

Leave a Reply