Մարզական ֆեդերացիաներին տրամադրվող փողերն ավելացել են, բայց խնդիրները մնացել են

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | January 18, 2013 13:55

2013-ին Հայաստանի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները պետությունից աջակցության կարգով կստանան 929 մլն դրամ: Դա շուրջ 45 մլն դրամով ավելի է, քան նախորդ տարի նույն նպատակով հատկացվածը: Այդուհանդերձ, ֆինանսները դարձյալ քիչ են մարզաձևերի կարիքները հոգալու համար: Ակնհայտ է, որ տարբեր մարզաձևերի ֆեդերացիաները պետք է փորձեն  հովանավորների օգնությամբ լրացնել բացըՍակայն հնարավոր չէ օրինաչափություն, սկզբունք գտնել, թե ինչպես է կատարվում փողերի բաշխումը:

Հարց է առաջանում, նախ, թե որ կազմակերպություններին են տրվում փողերը, օլիմպիակա՞ն, թե՞ ոչ օլիմպիական մարզաձևերի ֆեդերացիաներին: Ի դեպ, միայն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան է իր հարցերը լուծում և կառավարությունից ստանում անհրաժեշտ գումարները: Ընդ որում, այդ կազմակերպությունը մեր երկրի չափանիշներով մեծ փողերի հետ գործ ունի և տարբեր գործարքների մեջ է  միզազգային ֆուտբոլային կազմակերպությունների, հեռուստաընկերությունների հետ: Իսկ մյուս մարզաձևերի ֆեդերացիաներին դարձյալ  միջոցներ է հատկացնում Հայաստանի կառավարությունը, սակայն բաշխումն  իրականացնում է մեր երկրի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Դա ֆինանսների մի մասն է, որը ստանում է գերատեսչությունը: Եվ ինչքան էլ տարօրինակ է, ստացվում է, որ փողեր ստացողների ցուցակից դուրս են մնում օլիմպիական մարզաձևեր, փոխարենը ֆինանսավորում են ոչ օլիմպիական մարզաձևերի ներկայացուցիչներ:

Հայտնի է, որ միայն Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիան է տարիներ շարունակ հրաժարվում ֆինանսավորումից և ինքնուրույն լուծում խնդիրները: Բայց կան օլիմպիական այլ  գրավիչ մարզաձևեր, որոնք այդպես էլ ոչ մի աջակցություն չեն ստանում: Ոչ օլիմպիական մարզաձևերից քիկբոքսինգի ֆեդերացիան այս տարի հանվել է ֆինանսավորվող կազմակերպությունների ցուցակից, բայց ոչ քիչ թվով ոչ օլիմպիական մարզական ֆեդերացիաներ շարունակում են փողեր ստանալ, ավելին` այս տարի ֆինանսական առումով առաջընթաց են ունեցել: Զարմանալին այն է, որ արևելյան մարտարվեստի տարբեր ոճերի, այդ թվում նաև կարատեի մի քանի տասնյակ ֆեդերացիա է գործում Հայաստանում, սակայն, չգիտես ինչու, բացառության կարգով մեկին են փողեր հատկացվում: Ընդ որում, արևելյան մարտարվեստի ֆեդերացիաները մեծ եկամուտներ ունեն, քանի որ մարզիկների ուսուցումը վճարովի է: Անհասկանալի է նաև, թե ինչ նպատակով է ավելացվել ոչ օլիմպիական մարզաձևերից մեկի ֆեդերացիայի ֆինանսավորումը, երբ այդ մարզաձևի Հայաստանի ներկայացուցիչները նախորդ տարի որակազրկվել են: Որևէ բացատրություն չունի նաև այն, թե ինչու Հայաստանի շախմատի ֆեդերացիան, ըստ ֆինանսավորման չափի, ցուցակում միայն 5-րդն է: Ինչպես հայտնի է, Հայաստանի իմաստուն խաղի ներկայացուցիչները մեծ փառքի են արժանացել, դարձել  Շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող, պարբերաբար հաջողությունների են հասնում միջազգային ստուգատեսներում և այլն:

Ամենակարևորը` այդ մարզաձևը Հայաստանում մեծ մասսայականություն է վայելում: Սակայն ցուցակում այն զիջում է  համեմատաբար շատ ավելի քիչ մասսայականություն ունեցող և հետաքրքրություն ներկայացնող մարզաձևերի: Ընդ որում, դրանցից բռնցքամարտի և ձյուդոյի Հայաստանի ներկայացուցիչները 2012-ի մեծահասակների միջազգային մրցաշարերում, այդ թվում նաև Լոնդոնում կայացած օլիմպիական խաղերում, ոչնչով աչքի չեն ընկել: Տարօրինակ է, որ այնպիսի մասսայական մարզաձև, ինչպիսին վոլեյբոլն է` դասական և լողափնյա տարատեսակներով, իր կարիքների համար կրկին տարեկան ստանալու է ընդամենը 8 մլն դրամ:

Երկու կարծիք լինել չի կարող, մարզաձևերի ֆեդերացիաների ֆինանսավորման հարցում պետք է ավելի սկզբունքային մոտեցում դրսևորվի, իսկ փոփոխությունները կատարվեն հիմնավորումով, ոչ թե այն բանի համար, թե ում է վստահվել այս կամ այն մարզաձևի ֆեդերացիայի ղեկը:

Ներկայացնենք 2013-ին Հայաստանի տարբեր մարզաձևերի ֆեդերացիաների աջակցության կարգով ֆինանսավորման չափերը (ընդգծված է, թե որ ֆեդերացիաների փողերն են ավելացվել):

 

Ու՞մ, ինչքա՞ն

            2012            2013

 

1 . ըմբշամարտ`      220 մլն           220 մլն

2 . ծանրամարտ`   165 մլն            165 մլն

3 . բռնցքամարտ`  110 մլն            110 մլն

4 . ձյուդո`                 71 մլն             71 մլն

5 . շախմատ`           57 մլն             57 մլն

6 . մարմնամարզություն, ակրոբատիկա,

գեղ. մարմնամարզ.`      30 մլն                   35 մլն

7 . հրաձգություն`   26 մլն             26 մլն

8 . աթլետիկա`        18 մլն             21 մլն

9 . սամբո`                18 մլն             20 մլն

10. բասկետբոլ`       18 մլն             18 մլն

11. հանդբոլ`             18 մլն             18 մլն

12. թհեքվանդո`       17 մլն             18 մլն

13. սուսերամարտ` 14 մլն 667,2 հազար   14 մլն 667,2 հազար

14. հեծանվասպորտ` 10 մլն          13 մլն

15. սեղանի թենիս` 10 մլն             13 մլն

16. դահուկային սպորտ` 10 մլն  12 մլն

17. նետաձգություն` 12 մլն            12 մլն

18. ջրացատկ`            7 մլն             12 մլն

19. լող`                        8 մլն             10 մլն

20. գեղասահք`          5 մլն             9 մլն

21. կանոե`                  7 մլն             9 մլն

22. ուշու`                     6 մլն             8 մլն

23. վոլեյբոլ`   8 մլն             8 մլն

24. մականախաղ`   1,5 մլն            6 մլն

25. գեղալող`              2,6 մլն           5,3 մլն

26. ռեգբի`                  5 մլն              5 մլն

27. թենիս`                  5 մլն              5 մլն

28. առագաստանավ. սպորտ` 3 մլն  3 մլն

29. բադմինտոն`      1,5 մլն            4 մլն

30. կարատե`            2 մլն               2 մլն

 

 
Դիտվել է 854 անգամ:
Print Friendly

Leave a Reply