Երևանում աթլետիկայի նոր պայմաններ, նաև միջազգային մարաթոն

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | January 20, 2013 7:00

Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի մեկ ոտքը Ֆրանսիայում է, որտեղ նա բնակվում է, մյուսը` Հայաստանում: Տևական ժամանակ է, ինչ Եվրոպայի ռեկորդակիրը Երևանում է: Նրան խնդրեցինք անդրադառնալ նախորդ տարվա ձեռքբերումներին և առաջիկա ծրագրերին:

– Որպեսզի 2013-ին արդյունավետ աշխատենք, մանրակրկիտ հստակեցնում ենք անելիքները: Աթլետիկայի Ֆրանսիայի ֆեդերացիայի հետ 2010-ից չորս տարով  պայմանագիր ենք կնքել, և  այդ ծրագրով համագործակցությունն առաջիկայում էլ շարունակվելու է: Մեր մարզիկները Ֆրանսիայում ուսումնամարզական հավաքների են մասնակցում, իրենց կարողություններն են փորձում միջազգային  խոշորամասշտաբ մեկնարկներում: Տարին 3-4 անգամ Հայաստանի առաջատար աթլետները լավագույն պայմաններում, ուժեղագույնների կողքին մարզվում են Ֆրանսիայում: Ընդառաջում են,  բանն այն է, որ ես Ֆրանսիայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահի խորհրդականն եմ, կատարում են միջազգային կապերի պատասխանատուի պարտականությունները: Համակարգում եմ Ֆրանսիայի հավաքականների մարզիկների աշխատանքը, և նրանք ակնառու նվաճումներ ունեն: 2012-ին լրացավ իմ սահմանած Եվրոպայի ռեկորդի 25 տարին: Անցած տարի Հայաստանից 5 մարզիկ մասնակցել է Եվրոպայի  մեծահասակների առաջնությանը, 4 պատանի հանդես է եկել աշխարհի երիտասարդական առաջնությունում: Դրանք անցկացվել են Ֆինլանդիայում և Իսպանիայում: Անցյալ տարի գործնական քայլ կատարվեց, որպեսզի վերջապես Հայաստանը միջազգային չափանիշներին համապատասխանող աթլետիկայի մարզադաշտ ունենա: Փաստորեն, վերասարքավորվելու է Երևանի «Հրազդան» մարզադաշտը: Ինձ ընդառաջել են, եթե աթլետիկայի հատվածների սարքավորումն արժե 800 հազարից մինչև 1 մլն 200 հազար եվրո, ապա   մեզ համար կպատրաստվի ընդամենը 350 հազար դոլարով, որից 160 հազարը տրամադրելու է Աթլետիկայի միջազգային ֆեդերացիան: Այս ծրագրի իրականացումից կշահի ոչ միայն Հայաստանի սպորտի  թագուհին, այդպես են անվանում աթլետիկան, այլև` ընդհանրապես մեր երկրի սպորտը, քանի որ մյուս մարզաձևերի ներկայացուցիչները ևս կպարապեն այդ մարզաբազայում: Ընդ որում, շինարարական աշխատանքները կատարվելու են 2-3 շաբաթվա ընթացքում: Եթե պայմաններ ունենանք, մեր երկրում կկազմակերպվեն նաև միջազգային խոշորամասշտաբ ստուգատեսներ:

 – 2013-ին ի՞նչ փորձություններ են սպասում Հայաստանի հավաքականի աթլետներին:

– Նախ նշեմ, որ ներհայաստանյան ոչ մի մեկնարկ չի նվազի, թեև ողջ աշխարհում տնտեսական ճգնաժամի պատճառով մրցումները պակասել են: Հայաստանում 39 մեկնարկ է նախատեսված, որոնցից 7-ն ընդգրկված են միջազգային ֆեդերացիայի օրացուցային պլանում: 2012-ի հոկտեմբերին Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիան ընդգրկվեց Բալկանյան երկրների աթլետիկայի ընկերակցության կազմում: Ընդ որում, դա արվեց բացառության կարգով, քանի որ աշխարհագրական դիրքով Հայաստանը Բալկանյան երկրների թվում չէ: Բացի մեր հիմնական մրցումներից, կմասնակցենք նաև այդ կազմակերպության հովանու ներքո անցկացվող մեկնարկներին: Ավելին, Բալկանյան երկրների միացյալ հավաքականի կազմում մերոնք հանդես կգան տարբեր մայրցամաքներում կազմակերպվող մրցումներում: Առաջարկել եմ, որ Բալկանյան երկրների աթլետիկայի ընկերակցության տարեվերջի մրցանակաբաշխությունը, որը նախատեսված է նոյեմբերին, անցկացվի Հայաստանում: Նոր սկսված մրցաշրջանը ծանրաբեռնված է: Մարտին Շվեդիայի Գյոթեբորգ քաղաքի մարզապալատում անցկացվելու է Եվրոպայի  ձմեռային առաջնությունը: Իսկ աշխարհի ամառային առաջնությունը կայանալու է օգոստոսին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Մեր երիտասարդ աթլետները հունիսին Իտալիայի Ռիետի քաղաքում հանդես կգան Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, իսկ հուլիսին Հայաստանի պատանի աթլետներն Ուկրաինայի Դոնեցկ քաղաքում կարողությունները կփորձեն աշխարհի պատանեկան առաջնությունում: Հունիսին Սլովակիայում կայանալու է Եվրոպայի գավաթի խաղարկության 3-րդ խմբի մրցաշարը: 2012-ին այն չանցկացվեց, քանի որ օլիմպիական խաղերի տարի էր: Իսկ առաջիկայում` փետրվարի 23-ին, Թուրքիայի Ստամբուլ քաղաքում մեկնարկելու են Բալկանյան երկրների ներկայացուցիչների խաղերը:

 Արժանի մարզիկներ ունե՞նք, որոնք կարող են մեդալներ նվաճել այդ մեկնարկներում:

– Զարգացման փուլում ենք: Հայաստանում աթլետիկայի մարզումների սուղ պայմաններ ունենք, սակայն շնորհալի երիտասարդ մարզիկներ կան: Նրանք ձգտում են իրենց ցուցանիշները բարելավել: Հեռացատկորդներից առանձնանում են Արսեն Սարգսյանը, Վարդան Փահլևանյանը, նաև արգելավազորդուհի Ամալյա Շառոյանը, նիզականետորդներ Քրիստինե Հարությունյանը, Մելիք Ջանոյանը, երկար տարածությունների վազորդ Բորիս Սիմոնովը: Բորիսը վերջերս Փարիզում կայացած կիսամարաթոնի 4 հայ մասնակիցների թվում էր և  մինչև 19 տարեկանների պայքարում 2-րդ տեղը գրավեց: 15 հազար մարդ էր մեկնարկել: Հայաստանը թիմային պայքարում 4-րդն էր:

 Արտասահմանում չկա՞ն  հայ աթլետներ, որոնք ցանկանում են եռագույն դրոշի ներքո հանդես գալ, մեր երկիրը ներկայացնել:

– Նպատակ ունեմ միավորել, այնպես անել, որ սփյուռքում բնակվող մեր հայրենակիցները ևս հանդես գան Հայաստանի հավաքականում: Ցանկություն ունեցողներ կան: Հույս ունեմ, որ մեր հայրենակիցներից ոմանք կմասնակցեն  2013-ին Երևանում կայանալիք առաջին միջազգային մարաթոնին: Աթլետիկայի միջազգային ֆեդերացիայի ղեկավարությունն արդեն համաձայնություն է տվել, որ միջոցառումը կազմակերպվի մեր երկրում:

 Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիային ֆինանսների պակասը չի՞ խեղճացնում:

– Աջակցության կարգով 2013-ին տրամադրվելու է 21 մլն դրամ: Բացի այդ, միջազգային կազմակերպություններն աջակցում են, որպեսզի Հայաստանի ներկայացուցիչներն արտոնյալ պայմաններում մասնակցեն միջազգային ուսումնամարզական հավաքների, միջազգային ստուգատեսների, հոգում են ծախսերի մեծ մասը: Ի դեպ, Գոռ Ներկարարյանը հրավիրվել է 2013-ից մինչև 2015-ը նախապատրաստվելու Բրազիլիայի Սան Պաուլո քաղաքում 2016-ին կայանալիք օլիմպիական խաղերին: Մնալու, սննդի, մարզումների ծախսերը միջազգային ֆեդերացիան վերցրել է իր վրա: 18-ամյա հեռացատկորդի համար դա լավ հնարավորություն է: Նա ներկայումս ցույց է տալիս 7մ 62 սմ արդյունք, սակայն այդ ցուցանիշը բարելավելու մեծ հույսեր է ներշնչում:

 Հաջորդ օլիմպիական խաղերում ի՞նչ խնդիրներ են դրվելու մեր աթլետների առջև:

– Հույս ունեմ, որ 2012-ի 4-ի փոխարեն  ավելի շատ մասնակիցներ կունենանք և մերոնք էլ լավ արդյունքներ ցույց կտան: Իմ ցանկությունն է, որ հայ մարզիկները եզրափակչում լինեն, նաև մեդալակիր դառնան: Լոնդոնում այս տարի 8 մ 11 սմ արդյունքով հեռացատկորդը օլիմպիական խաղերի մեդալակիր դարձավ, իսկ չեմպիոն հռչակվեց 8 մ 31 սմ հեռացատկողը: Դա մեր մարզիկների համար հաղթահարելի ցուցանիշ է: Ինքս ժամանակին, երբ  հեռացատկում էի 8 մ 15 սմ, 8 մ 20 սմ, մարզչիցս ներողություն էի խնդրում:

 – Ինչո՞ւ ձեր սահմանած Եվրոպայի ռեկորդը ցայսօր անգերազանցելի է (8 մ 86 սմ), ի՞նչ եք մտածում այդ ասին:

– Ինձնից առաջ  էլ երկու տասնամյակ այդ մրցաձևի Եվրոպայի ռեկորդակիրն Իգոր Տեր-Հովհաննիսյանն էր: Ցանկալի է, որ այն առաջիկայում հայ մարզիկ թարմացնի:

 

 

Դիտվել է 1466 անգամ:
Print Friendly

Leave a Reply