Մերձավոր Արևելքում իրար են բախվում աշխարհաքաղաքական հրթիռները

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | January 17, 2013 16:44

Աշխարհի ամենալարված տարածաշրջանը շարունակում է մնալ Մերձավոր Արևելքը, հատկապես` Սիրիան` իր եռացող հակամարտությամբ: Այստեղ է կենտրոնացած այժմ աշխարհի ռազմաքաղաքական հզոր բևեռների ուշադրությունը, և այս առանցքի շուրջն են այժմ ընթանում աշխարհաքաղաքական վերադասավորումներն ու վերաձևակերպումները:

Հրթիռս հրթիռիդ վնաս չէ՞

Միջազգային քաղաքականության բեմահարթակի մերձավորարևելյան ճակատում նախորդ տարին ավարտվեց Արևմուտքի և Ռուսաստանի, այսպես ասած, «հրթիռային դիմակայությամբ»: Թուրքիան ՆԱՏՕ-ից խնդրեց և ստացավ Patriot հրթիռային համակարգերը, իբր Սիրիայի սահմանից արձակված հրթիռներից պաշտպանվելու համար, որին ի պատասխան` ռուսական նավերը սիրիական Թարթուս նավահանգստում դատարկեցին իրենց բեռը`«Իսկանդեր» թևավոր հրթիռներ, որոնք նախատեսված են տարածաշրջանային հակամարտություններում մարտական գործողությունների համար և համարվում են տակտիկա-քաղաքական հրթիռներ:

DEBKAfile-ը, վկայակոչելով ռազմական և հետախուզական աղբյուրներ, գրեց, որ Սիրիան Թուրքիայի դեմ կտեղակայի 6 մարտկոց 12-ական հրթիռով, նույնքան էլ` Իսրայելի և Հորդանանի դեմ: Դրանք հիմնականում ուղղված են լինելու այդ երկրներում ամերիկյան ռազմական օբյեկտների դեմ:

Հետաքրքիրն այն է, որ ռուսական «Իսկանդեր»-ները մրցակից չունեն արևմտյան հրթիռների շրջանում. դրանք մեկ վայրկյանում հաղթահարում են 2 կմ հեռավորություն, իսկ գործողության ընդգրկույթը մոտ 300 կմ է:

Այս տարին էլ Մերձավոր Արևելքում մեկնարկեց հրթիռային մրցավազքի դրսևորումներով:Հունվարի 8-ից Գերմանիան  սկսել է Patriot հակահրթիռային համակարգեր տեղափոխել Թուրքիա, ինչպես հայտարարվում է, «ՆԱՏՕ-ի գործընկերոջը Սիրիայից եկող հավանական սպառնալիքներից պաշտպանելու համար»:

Հակահրթիռային համակարգերը փոխադրվում են ծովային ճանապարհով: Հյուսիսային ծովի Լյուբեկ-Տրավեմյունդե նավահանգստում Suecia Seaways դանիական նավ են արդեն բեռնվում մոտ 300 տրանսպորտային միջոցներ և ռազմական սարքավորումներով 130 կոնտեյներներ: Դրանք հասցվելու են թուրքական Իսկանդերուն նավահանգիստ, որտեղ, ենթադրաբար հունվարի 21-ին, ռազմական բեռը կդիմավորեն բունդեսվերի 170 զինծառայողներ: Իսկ հունվարի 8-ին Թուրքիա ժամանեց 20 մարդուց բաղկացած գերմանական ռազմական խումբը, որը Թուրքիայի տարածքում տեղակայելու է Patriot-ները: Գերմանական հրթիռները տեղակայվելու են թուրք-սիրիական սահմանից 100 կմ հեռու` Ղահրամանմարաշարում:

ՆԱՏՕ-ի ամենաազդեցիկ անդամներից մեկի` Գերմանիայի այս քայլին էլ Ռուսաստանը «հրթիռային» պատասխան տվեց. ինչպես հայտնում է Ինտերֆաքսը` հղում կատարելով իր ռազմա-դիվանագիտական աղբյուրին, ՌԴ Սևծովյան նավատորմի «Սարատով» դեսանտային նավը շարժվում է դեպի արևելյան Միջերկրական ծով` դեպի սիրիական Թարթուս նավահանգիստ, որտեղ գտնվում է ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետը:

Այդ աղբյուրի փոխանցմամբ` «Սարատով» է բարձվել մի քանի միավոր ռազմական տեխնիկա, նաև տեղավորվել է հատուկ ջոկատայինների ստորաբաժանում: Նավը բարեհաջող հաղթահարել է Բոսֆորի ու Դարդանելի նեղուցները և հունվարի 10-ին դուրս եկել Էգեյան ծով: Հաջորդ շաբաթ նավն արդեն պետք է հասնի Թարթուս նավահանգիստ:

Թե ինչ արդյունքի կհանգեցնի Մերձավոր Արևելքի այս հրթիռային զինումը, դեռևս շարունակում է հարցական մնալ, բայց որ այս տարածաշրջանում աշխարհի երկու հզոր ռազմա-քաղաքական բևեռները բարիկադավորվում են իրար դեմ, միջազգային քաղաքական բեմահարթակում բոլորովին նոր, առավել վտանգավոր ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվում,արդեն ակնհայտ է: Առավել ևս, եթե հաշվի առնենք, որ ռուսական «Իսկանդերները» նախատեսված են նաև բալիստիկ մարտագլխիկների տեղափոխման համար և ցանկության դեպքում շատ արագ կարող են սովորական հրթիռներից վերածվել միջուկային մարտագլխիկներ կրող հրթիռների:

Ինչո՞ւ խոսեց Ասադը

«Անկախի» նախորդ համարում անդրադարձել էինք  վերջին 7 ամիսների ընթացքում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի առաջին ելույթին` ուղղված  սիրիացի ժողովրդին,  որ տեղի ունեցավ ամնորյա օրերին:

Այդ ելույթի ժամանակ Ասադն ասել է, որ  Սիրիայում տիրող իրավիճակը  պայքար է ժողովրդի և հանցագործ մարդասպանների միջև, պետության և դրա հակառակորդների միջև: Մեզ իրավունք ենք վերապահում ենթադրելու, որ Ասադի ինքնավստահ արտահայտությունը, մասնավորապես` Սիրիայի հակառակորդների դեմ պայքարի մասով, որոնց շարքում կարելի է դասել ԱՄՆ-ին, Թուրքիային և ՆԱՏՕ-ի այլ անդամների, հենց պայմանավորված է սիրիական գործընթացներին Ռուսաստանի անմիջական ռազմական միջամտությամբ: Ասել է թե` եթե Ռուսաստանը կանաչ լույս վառած չլիներ, Ասադը 7 ամիս լռելուց հետո այսքան ինքնավստահ չէր խոսի: Այս պահին Ռուսաստանը միակ արտաքին ուժն է, որ Սիրիայում հատուկ ջոկատայիններ է տեղակայում ոչ թե դիմակավորված, այլ ուղղակիորեն` ռազմանավերից ու ռազմարվեստի կանոններին համապատասխան:

Ասադը նույնիսկ ուղղակիորեն շնորհակալություն հայտնեց Չինաստանին և Ռուսաստանին, որոնք թույլ չեն տալիս միջամտել Սիրիայի ներքին գործերին. «Սիրիայի ժողովուրդը երբեք չի մոռանա Ռուսաստանի ընկերական դիրքորոշումը»,- նշել էր Ասադը:

Սա ակնարկ էր «միջազգային ահաբեկչությունը ֆինանսավորող» Արևմուտքին, որ հատկապես Ռուսաստանը Սիրիայի նկատմամբ «ընկերական դիրքորոշում» ունի: Իսկ սա նշանակում է, որ հանուն ընկեր Սիրիայի մի քանի «Իսկանդեր» օգտագործելու հավանականությունն արդեն սոսկ հոռետեսական կանխատեսում չէ:

Իսկ Արևմուտքը, բացի Ասադի ելույթը քննադատելուց ու Ռուսաստանի նկատմամբ «Մագնիտսկու ակտ» կազմակերպելուց, հարցին առավել սուր անկյամբ չի անդրադարձել: Իհարկե, չի կարելի մոռանալ, որ  ամեն անգամ, երբ Ռուսատանը «զոռ է տալիս» իր «Իսկանդերներին», Արևմուտքն ամոթխած հարսի պես լռում է, ինչպես եղավ Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի հակահրթիռային կայանների տեղակայմանն ի պատասխան Կալինինգրադում «Իսկանդերներ» տեղադրելու մասին Ռուսաստանի հայտարարության դեպքում: Բայց ուժերն արդեն այնքան շատ են անցել մկանների ցուցադրության, որ համոզված ենք` Արևմուտքի կողմից ինչ-որ քայլ, այնուամենայնիվ, կլինի:

Դիտվել է 959 անգամ:
Print Friendly

Leave a Reply