Էթիկայի հանձնաժողովը մերժել է Հայկ Բաբուխանյանի դեմ դիմումը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 17, 2013 16:13

Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն այսօր կայացած դռնփակ նիստում մերժել է «Կանանց Ռեսուրսային Կենտրոն» ՀԿ-ի դիմումը:

Հանձնաժողովի նախագահ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ հանձնաժողովը հիմնավոր չի համարել դիմումում բերված փաստարկները` պատգամավոր Հայկ Բաբուխանյանի գործողություններում զրպարտանք և վիրավորանք պարունակելու մասով: Այս մասին հաղորդում է «Փաստինֆո» կայքը:

ՀԿ-ի` հանձնաժողովին ուղղված դիմումը վերաբերում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, «Սահմանադրական իրավունք» միության նախագահ Հայկ Բաբուխանյանի կողմից էթիկայի կանոնների խախտմանը:

Պատգամավորը, հանդիսանալով նաև «Իրավունք Մեդիա» հոլդինգի խմբագրական խորհրդի նախագահ, սատարել է հոլդինգի մաս կազմող Zaruhi.com ամսագրում և «Իրավունք» թերթում ՀԿ-ի դեմ զրպարտչական նյութեր տպագրելուն:

ԱԺ էթիկայի հանձնաժողովի այս տարվա առաջին նիստն է, որտեղ երեք հարց է ընդգրկված:

Հարցերից մեկը վերաբերվում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին: Նրա կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու վերաբերյալ դիմում Էթիկայի հանձնաժողովին ներկայացրել էր ‘’Ռազմավարական մշակումների կենտրոն’’  ՀԿ-ն:  ՀԿ-ի տնօրեն Հրանտ Մելիք-Շահնազարյանի ստորագրությամբ դիմումում հանձնաժողովին առաջարկվում է քննության առնել ԱԺ “Բարգավաճ Հայաստան” խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի վարքագիծը` հիմք ընդունելով համացանցում հայտնված տեսանյութը, որտեղ վերջինս պատմում է, որ հանդիսանում է տարածքների խոշոր սեփականատեր և բրոքերություն է անում` հեռախոսով բանակցում  տարածքների վարձակալության պայմանների շուրջ:

Մեկ այլ ՀԿ` ‘’Թրանսփարենսի ինթերնեշնլ’’-ի ներկայացրած դիմումը վերաբերվում է նախորդ տարվա  դեկտեմբերի 19-ին  ‘’Ա1+’’-ի լրագրող Մհեր Արշակյանի եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի միջեւ տեղի ունեցած  միջադեպին, երբ լրագրողը  կատարելով իր մասնագիտական պարտականությունները, փորձել էր հարց ուղղել պատգամավոր Մհեր Սեդրակյանին, սակայն վերջինս, ի պատասխան, լրագրողին վիրավորել է եւ սպառնացել՝ ՛՛… կտամ ծնոտդ կպոկեմ ՛՛:

Հանձնաժողովի վարույթում գտնվող մյուս դիմունը ներկայացվել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի կողմից` ԱԺ 83 պատգամավորների վերաբերյալ: Հիշեցնենք, որ ընդդիմադիր ՀԱԿ-ի նախաձեռնությամբ 2012թ նոյեմբերի 21-ին հրավիրված արտահերթ նիստը քաղաքական մեծամասնությունը բոյկոտեց, ինչը խորհրդարանական ընդդիմությունը համարում է ԱԺ էթիկայի կանոնների խախտում:

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply