Որքանո՞վ են մեծամասնական պատգամավորներն իրենց ընտրողների ձայնը լսելի դարձնում ԱԺ-ում-2

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | January 18, 2013 7:00

«Փորձառու»  պատգամավորներն առաջատար են բացակայությունների թվով ու պասիվությամբ

Այս անգամ  «Անկախը» կանդրադառնա Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Գեղարքունիքի մարզերն ԱԺում ներկայացնող մեծամասնական պատգամավորների խորհրդարանական գործունեությանն ու հայտարարագրերին:

Արագածոտնի մարզը` 14 և 15-րդ ընտրատեղամասերը,  ԱԺ-ում ներկայացնում են Վրեժ Մարկոսյանը և Մնացական Մնացականյանը: ՀՀԿ-ական երկու գործիչների պատգամավորական գործունեությունը սկսվել է 2012-ի մայիսից:

Մարկոսյանը 5-րդ գումարման ԱԺ 17 նիստերից բացակայել է, 2 անգամ ներկա է եղել, սակայն չի քվեարկել, մնացած դեպքերում կողմ է քվեարկել:

Թալինի նախկին քաղաքապետ Մնացականյանը նիստերից չի բացակայել, մեկ անգամ չի քվեարկել, մեկ անգամ էլ դեմ է արտահայտվել, մնացած դեպքերում միշտ կողմ է քվեարկել: Մնացականյանը, ի տարբերություն Մարկոսյանի, նաև ակտիվություն է ցուցաբերել. նիստերի ընթացքում մեկ հարց է բարձրացրել, եղել է նաև քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկի համահեղինակներից, չնայած ԱԺ-ն դեմ է քվեարկել նախագծին:

Մարկոսյանը հայտարարագրել է 4 հողամաս, 2 բնակարան և  2 ավտոտնակ Երևանում: Ունի 2 ավտոմեքենա:  Հաշվետու տարվա եկամուտը մոտ 265 մլն դրամ է` կազմված աշխատավարձից, փոխառություններից և «Տիգրան Մեծ» հրատարակչություն ՓԲԸ-ից ստացված շահաբաժնից:

Հայտարարագիրը ներկայացնելու պահի դրությամբ ունեցել է մոտ 6 մլն դրամ, 810 հազար դոլար, 565 հազար եվրո և 3,5 մլն ռուբլի:

Ըստ հայտարարագրի` Մնացականյանն ունի  16 անշարժ գույք, որից երկուսը` բնակելի:  Տարեկան եկամուտը` շուրջ 5 մլն դրամ: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 75 մլն դրամ և 25 հազար  դոլար: «Թալինի ավտոտրանսպորտային և ճանապարհների ՓԲԸ»-ում ունի մոտ 100% բաժնետոմս: Մնացականյանն ավտոմեքենա չի հայտարարագրել:

Արարատի մարզը ԱԺ-ում ներկայացված է երեք պատգամավորների` ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանի (16-րդ ընտրատարածք), ՀՀԿ-ական Կարինե Պողոսյանի  (17-րդ ընտրատարածք) և անկուսակցական, անկախ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի (18-րդ ընտրատարածք) միջոցով:

Բնապահպանության նախկին նախարար Մուրադ Մուրադյանը եղել է ԱԺ 2-րդ գումարման, այժմ 5-րդ գումարման պատգամավոր: Երկու դեպքում էլ` մեծամասնական ընտրակարգով:

Նախկին մանկավարժ Կարինե Պողոսյանը պատգամավոր է ընտրվել առաջին անգամ:  Իսկ Արայիկ Գրիգորյանը 3-րդ և 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր է ընտրվել  ՀՅԴ համամասնական ցուցակում, այս անգամ էլ  ներկայացնում է 18-րդ ընտրատարածքը:

Մուրադյանն ու Պողոսյանն ԱԺ նիստերից չեն բացակայել,  հիմնականում կողմ են քվեարկել: Պողոսյանը նաև ակտիվություն է ցուցաբերել և 3 հարց բարձրացրել: Իսկ Գրիգորյանը նիստերի ուղիղ կեսից բացակայել է: Նիստերի մյուս կեսին, որին ներկա է գտնվել, կողմ է քվեարկել, մի անգամ էլ չի մասնակցել քվեարկությանը:

Երեք պատգամավորներից ամենահամեստը Պողոսյանի ունեցվածքն է. վերջինս ունի մեկ բնակարան Արտաշատում և 500 հազար դրամ գումար:

Մուրադյանը հայտարարագրել է 1 բնակելի տուն, 3 հողամաս և 1 ջերմոց: Ըստ հայտարարագրի` ունի 85 մլն դրամ, չունի ավտոմեքենա: Պատգամավորն ունի  նաև 60% բաժնեմաս «Ալմաստ» ՍՊԸ-ում:

Գրիգորյանը հայտարարագրել է 1 առանձնատուն, 2 բնակարան, 1 ավտոհանգրվան, 10 այգի ու հողամաս: Ըստ հայտարարագրի` ունի 1 ավտոմեքենա` ՎԱԶ 21 213: Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 1 ,2 մլրդ  դրամ և  864 հազար ԱՄՆ դոլար:

Արմավիրի մարզը ևս ԱԺ-ում ներկայացված է 3 պատգամավորներով. 19-րդ ընտրատարածքից  անկուսակցական, ՀՀԿ խմբակցություն ընդգրկված  Սեդրակ Սարոյանը, 20-րդ ընտրատարածքից ՀՀԿ-ական Հրանտ Գրիգորյանը և 21-րդ ընտրատարածքից ՀՀԿ-ական Ալեքսան Պետրոսյանը:

Սեդրակ Սարոյանը նույն ընտրատարածքի ներկայացուցիչն է եղել նաև 4-րդ գումարման ԱԺ-ում: Վերջինս թե՛ նախաձեռնություններ, թե՛  բացակայություններ չունի, սակայն 28 անգամ չի մասնակցել քվեարկությանը:

Հրանտ Գրիգորյանը մեծամասնական կարգով պատգամավոր է սկսած 2-րդ գումարման ԱԺ-ից: Նա բացակայություններ և նախաձեռնություններ չունի, մշտապես մասնակցել է քվեարկություններին` կողմ արտահայտվելով: Մեկ անգամ էլ դեմ է քվեարկել:

Ալեքսան Պետրոսյանը 3-րդ գումարման ԱԺ է անցել ՕԵԿ, իսկ 4-րդ գումարման ԱԺ` ՀՀԿ համամասնական ցուցակում: 5-րդ գումարման ԱԺ-ում ներկայացնում է 21-րդ ընտրատարածքը:

Նիստերից չի բացակայել, հիմնականում կողմ է քվեարկել, մեկ անգամ էլ հարց է բարձրացրել:

Սեդրակ Սարոյանը հայտարարագրել է 16 անշարժ գույք, որից 6-ը` բնակելի, 10-ը` հողամաս: Հայտարարագրել է մեկ ՀԱՄՄԵՐ-H2 մակնիշի մեքենա: Տարեկան եկամուտը հաշվետու տարում կազմել է 1,6 մլրդ դրամ:  Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 47 մլն ՀՀ դրամ և  884  ԱՄՆ դոլար:

Հրանտ Գրիգորյանը հայտարարագրել է 6 անշարժ գույք: Շարժական և թանկարժեք գույք չի հայտարարագրել: Էջմիածնի ԲՈՒԱՏ ԲԲԸ-ում ունի մոտ 80% բաժնեմաս:

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 20 մլն  դրամ:

Ալեքսան Պետրոսյանը հայտարարագրել է 8 անշարժ գույք, որից 2-ը` բնակելի: Հայտարարագրել է 2 ավտոմեքենա`  1987-ին թողարկված բեռնատար և 1997-ին թողարկված «Մերսեդես» : «ՄԱՊ» ՓԲԸ-ում ունի 100% բաժնետոմս:

Պատգամավորը որպես տարեկան եկամուտ  հայտարարագրել է միայն պատգամավորական աշխատավարձը` 3 մլն դրամ: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է   625 մլն  դրամ:

Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչ պատգամավորներն են ՀՀԿ-ական Մանվել Բադեյանը 22-րդ ընտրատարածքից, ՕԵԿ-ական Կարեն Բոթոյանը 23-րդ ընտրատարածքից, ՀՀԿ-ական Հակոբ Ռաֆիկի Հակոբյանը 24-րդ ընտրատարածքից

Բադեյանը 2-րդ գումարման ԱԺ պատգամավոր է եղել «Միասնություն» դաշինքի համամասնական ցուցակով, 3-րդ և 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր` ՀՀԿ համամասնական ցուցակով և 5-րդ գումարման ԱԺ-ում 22-րդ ընտրատարածքի մեծամասնական պատգամավորն է:

Բադեյանը բացակայել է 17 նիստերից, 7 անգամ էլ չի մասնակցել քվեարկությանը: Մյուս դեպքերում կողմ է քվեարկել: Ակտիվություն և նախաձեռնություններ չունի:

Բոթոյանը պատգամավորական գործունեությունը սկսել է 2012-ի մայիսից:  Նիստերից երբևէ չի բացակայել, մեծ մասամբ էլ կողմ է քվեարկել: Որևէ նախաձեռնությամբ կամ հարցով հանդես չի եկել:

Հակոբ Հակոբյանը պատգամավոր է  սկսած 2-րդ գումարման ԱԺ-ից, միշտ մեծամասնական ընտրակարգով: Հակոբյանը նիստերից չի բացակայել, բացառությամբ մեկ դեպքի, մշտապես կողմ է քվեարկել: Ունեցել է մեկ ելույթ, 2 հարց է բարձրացրել: Նախաձեռնել է «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծը, ինչը մերժվել է:

Գեղարքունիքի ներկայացուցիչ պատգամավորներից Մանվել Բադեյանը հայտարարագրել է 18 անշարժ գույք, 3 ավտոմեքենա: Ունի 50% բաժնեմաս «Տերմոապակի» ՓԲԸ-ում:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 408 մլն  դրամ, 812 հազար  դոլար և 40 հազար  եվրո:

Կարեն Բոթոյանը «Անշարժ գույք» և   «Շարժական գույք» բաժնում գրառումներ չի արել: «Թանկարժեք գույք» բաժնում հայտարարագրել է կահույք` 18 մլն  դրամ արժողությամբ:

Տարեկան եկամուտը` մոտ 38  մլն  դրամ և 10 հազար  դոլար, որից 993 հազարը՝ աշխատավարձ, մնացածը՝ նվիրատվություն: 2012-ի մարտի  դրությամբ ունեցել է 10 հազար  դոլար և 37 մլն դրամ:

Հակոբ  Հակոբյանը հայտարարագրել է 16 անշարժ գույք և «Մերսեդես Բենց» -E 300 մակնիշի մեկ ավտոմեքենա` թողարկված 2011 թ.: 50%-ից ավելի բաժնեմաս ունի «Արփա-Սևան» ԲԲԸ-ում և «Բազենք» ՓԲԸ-ում:

Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է 35, 5 մլն  դրամ և 162 հազար դոլար:

Կոտայքի մարզն ունի 4 մեծամասնական պատգամավոր, բոլորն էլ ԲՀԿ անդամ են.  Դավիթ Քոչարյանը 25-րդ, Մելիք Մանուկյանը 26-րդ, Մուրադ Գուլոյանը 27-րդ և Գագիկ Ծառուկյանը 28-րդ ընտրատարածքից:


Կոտայքի ներկայացուցիչ պատգամավորներն աչքի են ընկնում բացակայությունների թվով, ինչպես նաև` նախաձեռնություններ և ակտիվություն չցուցաբերելով:


Այսպես, Դավիթ Քոչարյանը, որ առաջին անգամ է պատգամավոր ընտրվել,  10 նիստ բաց է թողել, 30 անգամ էլ չի մասնակցել քվեարկությանը:


Մելիք Մանուկյանը, որ սկսած 3-րդ գումարման ԱԺ-ից` մշտապես պատգամավոր է մեծամասնական ընտրակարգով,  նիստերի գրեթե կեսը բաց է թողել` 26 բացակա, 12 անգամ էլ չի մասնակցել քվեարկությանը:

Մուրադ Գուլոյանը ԱԺ նիստերի 66 տոկոսը բաց է թողել` ունի 36 բացակա, 5 անգամ էլ ներկա է եղել, սակայն չի մասնակցել քվեարկությանը: Նշենք, որ Գուլոյանը  3-րդ գումարման ԱԺ պատգամավոր է ընտրվել ՀՀԿ, իսկ 4-րդ գումարման ԱԺ պատգամավոր` ԲՀԿ  համամասնական ցուցակով: 5-րդ գումարման ԱԺ-ում էլ ներկայացնում է 27-րդ ընտրատարածքը:

Իսկ 28-րդ ընտրատարածքի ներկայացուցիչ, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը 5-րդ գումարման ԱԺ-ի որևէ նիստի չի մասնակցել: Ծառուկյանը մեծամասնական ընտրակարգով պատգամավոր է սկսած 3-րդ գումարման ԱԺ-ից:

Դավիթ Քոչարյանը հայտարարագրել է 7 անշարժ գույք Հրազդանում: Ըստ հայտարարագրի` ունի 3 ավտոմեքենա և չունի որևէ թանկարժեք գույք: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ  ունեցել է   19 մլն դրամ և 130 հազար  դոլար:

Մելիք Մանուկյանը հայտարարագրել է 11 անշարժ գույք: Ըստ հայտարարագրի` ունի  1 ավտոմեքենա` «Ֆորդ Ֆիեստա»` թողարկված 2011 թ.:

Պատգամավորի դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ կազմել են  1,3 մլրդ   դրամ:

Մուրադ Գուլոյանը հայտարարագրել է 2 շինություն, 4 հողամաս: Ունի 1 ավտոմեքենա` ՎԱԶ-21214,  100% բաժնեմաս «Շիրակ» թռչնաբուծական ֆաբրիկայում:

Հաշվետու տարվա եկամուտը եղել է միայն պատգամավորական աշխատավարձը` 3 մլն դրամ: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ ունեցել է  275 մլն  դրամ:

ԱԺ պատգամավորներից ամենաշատ թանկարժեք գույք, եկամուտ և դրամական միջոց, արժեթուղթ և ներդրում հայտարարագրած պատգամավորը  Գագիկ Ծառուկյանն է: «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 6 շենք, 9 հողամաս: Ունի 7 ավտոմեքենա (BMW X -5, «Տոյոտա Պրադո» V-6, «Ջիպ Վրանգլեր» P 6-4.0, «Ռոլլս-Ոոյս» B 12-6.7, «Նիսան Պատրուլ», «Ռոլլս-Ռոյս» կուպե ֆանտոմ, «Ռենջ Ռովեր» սպորտ 4.4):

Թանկարժեք գույք բաժնում հայտարարագրել է 8 ննջարանի և 2 ճաշասենյակի կահույք` 811 հազ  եվրո ընդհանուր արժողությամբ: Նույն բաժնում հայտարարագրել է ադամանդե քարով տղամարդու 3 ոսկե մատանի`  4 ,7 մլն դոլար ընդհանուր արժողությամբ, 3 ձեռքի ժամացույց, որոնց  ընդհանուր արժեքը 1,3 մլն   դոլար է:

Տարեկան դրամական եկամուտը` 5,9 մլրդ   դրամ, 60,8 մլն  դոլար, 40 մլն   եվրո (փոխառություն, շահաբաժին, վարձավճար):

Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 1,1 մլրդ  դրամ, 30,7 մլն դոլար, 20,4 մլն  եվրո:   Ունի բաժնեմաս 33 ընկերությունում, որոնցից 8-ում` 100%:

Նյութը պատրաստելիս հիմնվել ենք www.parliamentarymonitoring.am և www.parliament.am կայքերում առկա տեղեկատվության վրա: Նյութի  սկիզբը` «Անկախի» 2012 թ. 47-րդ  համարում:

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply