«Օրենքի պատճառով տուժելու է նախ և առաջ ժողովուրդը». Ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 17, 2013 15:46

«Օրենքի պատճառով  տուժելու են բոլորը, բայց նախ և առաջ ժողովուրդը, քանի որ մոտ 50%-ով ավելանալու են ստոմատոլոգիական ծառայությունների գները»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի  ստոմատոլոգների ասոցիացիայի նախագահ Աշոտ Գևորգյանը:

Բանն այն է, որ 2012 թ. դեկտեմբերի վերջին Ազգային ժողովը փոփոխություններ կատարեց «Արտոնագրային վճարների միասին» օրենքում, որով ստոմատոլոգիական կենտրոնները շահութահարկ վճարելուց անցան հաստատագրված հարկ վճարելու` յուրաքանչյուր ստոմատոլոգիական բազկաթոռի դիմաց պարտավորվելով վճարել 80 հազար դրամ:

Ստոմատոլոգները բողոքում են` նշելով, որ դա չափազանց բարձր թիվ է, որի հետևանքով կփակվի ստոմատոլոգիական կլինիկաների մի զգալի մասը, ստվերայնությունը կավելանա, 2-3 հազար ստոմատալոգ կզրկվի աշխատանքից, ծառայությունների գներն էլ կբարձրանան:

Նրանց հաշվարկներով` պետք է ամեն բազկաթոռ գոնե 1.5 միլիոն դրամի «գործ անի», որպեսզի մյուս բազմաթիվ ծախսերը հանելով` կարողանա վճարել այդ 80 հազար դրամը:

Աշոտ Գևորգյանն, իր կլինիկայի օրինակը բերելով, համեմատեց. «Օրինակ առաջ 11 բազկաթոռի համար մենք ամսական վճարել ենք 180 հազար դրամ, հիմա մոտ 5 անգամ թանկանում է այս հարկը»:

Երևանի պետական բժշկական համալսարանի ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Լազար Եսայանն էլ ավելացրեց, որ օրենքում կատարված փոփոխությունների ժամանակ  շատ բաներ հաշվի չեն առնվել. օրինակ` մանկական ստոմատոլոգիան,  տեխնիկական լաբորատորիաները, ռենտգեն ծառայությունը, ուսումնական նպատակով գործող կենտրոնները, ի վերջո մարզերում ու գյուղերում տիրող իրավիճակը. «Փաստորեն, մեկ ատամ բուժելու համար կլինիկան  հարկվում է երեք անգամ` բազկաթոռ, ռենտգեն, լաբորատորիա, քանի որ օրենքը թույլ չի տալիս, որ մեկ բազկաթոռի վրա մեկից ավելի գործողություններ կատարվեն»,- ասաց Եսայանը:

Ստոմատոլոգները նաև վիրավորված են, որ ստոմատոլոգիան առանձնացրել են  առողջապահական ոլորտից` դասելով վարսավիրանոցների, ռեստորանների և խաղատների շարքին: «Եթե առողջապահության վերաբերյալ այսպիսի մոտեցում է, նշանակում է` այս հարկը պետք է դրվեր նաև հիվանդասենյակների մահճակալներիի վրա»,-ասաց Գևորգյանը:

Ստոմատոլոգներն արդեն հանդիպել են առողջապահության նախարարի և ֆինանսների փոխնախարարի հետ, հանդիպումները բավականին կառուցողական և հուսադրող են եղել: Ստոմատոլոգները մշակել են առաջարկությունների փաթեթ, որոնցից մի մասը հնարավոր է իրականացնել այսօր` առանց օրենսդրական փոփոխությունների, մյուս մասն արդեն Ազգային ժողովում` համապատասխան փոփոխությունների միջոցով:

Ի դեպ, բանախոսները փաստում են, որ Եվրոպական երկրների հետ համեմատ` Հայաստանն առաջատար է ստոմատոլոգների թվով: Հարցին, թե դա չի՞ նշանակում, որ ոլորտը շահութաբեր է, Գևորգյանը պատասխանեց. «Ոչ, դա գալիս է մեր մենթալիտետից, եթե ընտանիքում 3 երեխա կա, անպայման ծնողները մտածում են մեկին ստոմատոլոգ դարձնելու մասին»:

Ըստ Գևորգյանի, իրականում ստոմատոլոգիական կենտրոնների 95 տոկոսը վատ վիճակում է շահութաբերության տեսանկյունից:

Նաև նշենք, որ բանախոսները լրագրողներին խնդրեցին չօգտագործել ատամնաբույժ բառը, քանի որ դա վերաբերում միջին մասնագիտական կրթություն ունեցողներին, իսկ ստոմատոլոգները բարձրագույն կրթությամբ մասնագետներն են, որոնք զբաղվում են ոչ միայն ատամ բուժելով, այլև բերանի խոռոչի բոլոր խնդիրներով:

Նկատառումը, թե ստոմատոլոգիան հայերեն բառ չէ, ուստի ցանկալի չէ կիրառել, բանախոսները հիշեցրին բառի հայերեն տարբերակը` բերանաբան և հարցրին` հիմա ո՞րն է ավելի հարմար կիրառել` ստոմատոլո՞գը, թե՞ բերանաբանը:

Դիտվել է 1068 անգամ:
Print Friendly

Leave a Reply