Քննարկվեց ջրամբարաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 17, 2013 14:23

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվեցին ջրամբարաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքներն ու առաջիկա անելիքները:

ՏԿՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկություններ ներկայացրեց Կապսի, Եղվարդի, Վեդու եւ Մաստարայի ջրամբարների կառուցման նպատակով իրականացվող քայլերի եւ դոնոր կազմակերպությունների հետ բանակցությունների ընթացքի մասին: Զեկուցվեց, որ նշված ջրամբարների կառուցման ծրագրերը գնահատվել են, եւ համապատասխան տեղեկատվությունը փոխանցվել է միջազգային դոնոր կազմակերպություններին:

Մասնավորապես Կապսի անավարտ ջրամբարի մասով նշվեց, որ բանակցություններ են ընթանում Գերմանական զարգացման բանկի (KfW) հետ: Առավել նպատակահարմար է համարվում ջրամբարի վերականգնումը 6 մլն խմ ընդհանուր ծավալով, ինչը ոռոգման խնդիրներ լուծելուց բացի, կվերացնի նաեւ վթարային վիճակում գտնվող շինարարական թունելից սպառնացող վտանգը: Այդ նպատակով նախատեսվում է հատկացնել 18,5 մլն եվրո, արդեն մեկնարկել է նախագծային կազմակերպության ընտրության գործընթացը: Եղվարդի անավարտ ջրամբարի կառուցման համար ՀՀ կառավարությունը դիմել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությանը (JICA), ներկայումս գործընթացը գտնվում է բանակցային փուլում: Վեդիի ջրամբարի կառուցման համար բանակցություններ են վարվում Զարգացման ֆրանսիական գործակալության հետ:

Փոխվարչապետը կարեւորելով ջրամբարաշինության ոլորտում գործնական քայլերի իրականացումը` պատասխանատուներին հանձնարարեց հետեւողական լինել այդ աշխատանքներում եւ պարբերաբար տեղեկություններ ներկայացնել բանակցությունների ընթացքի եւ արդյունքների մասին:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 697 անգամ:
Print Friendly

Leave a Reply