Ի՞նչ նպատակ են հետապնդում առաջին էջից վրիպակներով շտեմարանի հեղինակները

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 17, 2013 15:33

Շտեմարանն ավելի շատ բթացնելու համար է ստեղծված, քան կրթելու. այսօր Արմատ մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն նման կարծիք հայտնեց 12-րդ դասարանցի Գրիշա Էձգերիձեն, ով ապագա միջազգայնագետ է և վերջերս  է սկսել պարապել կրկնուսույցի մոտ:

2012-ի դեկտեմբերին ԳԹԿ-ն դիմորդներին ներկայացրեց հայոց լեզվի և գրականության շտեմարանի առաջին մասը: Դեռևս պետք է հրապարակվեն 2-րդ և 5-րդ մասերը, ինչպես նաև ուժի մեջ են 2012-ին հրապարակված շտեմարանների 3-րդ և 4-րդ մասերը:

12-րդ դասարանցի Աննա Մուրադյանն էլ ասում է, որ մինչ շտեմարանի հրապարակումը թեստերից կարողանում էր 17-18 բալ հավաքել, բայց այժմ խուճապի մեջ է և միակ հույսն այն է, որ գոնե անգլերենից բարձր գնահատական ստանա:

Որպես անհեթեթ  հարցի օրինակ աշակերտները մատնանշում է հետևյալ հարցը` «Որ շարքում են պատմավեպերի միայն դայակների և աղախինների անունները» և հավելում. « Եթե չենք հիշում ինչ-որ դայակի անուն, նշանակում է պատմավեպին ծանոթ չե՞նք»:

Մ. Խորենացու անվան 143 դպրոցի ուսուցչուհի Գայանե Սարգսյանն ասում է, որ շտեմարանը նահանջել  է իր բուն նպատակից. «Մենք պետք է երեխաներին սովորեցնենք սիրել մայրենին, գրագետ լինել, ճիշտ արտահայտել իրենց մտքերը, գեղեցիկ խոսել: Արդյոք շտեմարանն օգնում է աշակերտին: Շտեմարանը երեխայի մոտ տագնապ է առաջացնում, ավելորդ լարում, հուզում: Բոլորս էլ ուզում ենք, որ մեր երեխաները սիրեն մայրենին, բայց հակառակ երևույթն է առաջանում»:

Սարգսյանն ասում է, որ շտեմարանային առաջադրանքները կարծես կոչված են շփոթեցնելու աշակերտին, դժվարացնելու նրա գործը. եթե նախկինում պատասխաններից երկուսը սխալ էին, մեկը ճիշտ և մեկն էլ ճշմարտանման, ապա ներկայիս շտեմարանում հարցերի զգալի մասը ճշմարտանման է:

Սարգսյանն ասում է, որ վրիպակներ ու սխալներ կան ոչ միայն շտեմարանում, այլ անգամ կազմին. «Ես  իմ աշակերտներին սովորեցրել եմ, որ արաբական թվանշանների դեպքում պետք է գրվի  «1-ին մաս», իսկ հռոմեական թվանշանի դեպքում «I մաս», մինչդեռ շտեմարանի կազմին գրված է «1 մաս»: Սա է՞լ է վրիպում»:

Չնայած ավագ դպրոցների ստեղծումը կոչված էր վերջ դնելու կրկնուսույցների մոտ պարապելու պրակտիկային , մանկավարժի  խոսքով շտեմարանները բերել են նրան, որ աշակերտն ինքնուրույն, առանց կրկնուսույցի պարապել չի կարող,. «ում օգնությամբ պետք է պեղի բառարանները»:

Թե աշակերտները, թե Սարգսյանը հույս ունեն, որ շտեմարանների որակի ահազանգի շնորհիվ դրանք կվերանայվեն և խրթին ու խճճված առաջադրանքները քննական թեստերում չեն ընդգրկվի:

Նշենք, որ  շտեմարանի  հեղինակներն են Փառանձեմ Մեյթիխանյանը, Աշխեն Ջրբաշյանը, Ալբերտ Մակարյանը, Ռիտա Սաղաթելյանը, Մարիամ Կուլախսզյանը, Պետրոս Կարեյանը, Անիչկա Ղազարյանը, Միրցա Հալաջյանը, Աննա Աբաջյանը, Լեոնիդ Թելյանը, Սամվել Մուրադյանը, Ռուբեն Սաքապետոյանը, Գայանե Խալաթյանը, Գայանե Մկրտչյանը, Արշալույթ Գալստյանը, Վաչագան Ավագյանը:

Դիտվել է 1773 անգամ:
Print Friendly

Leave a Reply