Տիգրան Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | January 17, 2013 14:02

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին պաշտոնական այցով ժամանել է Երևան:
«Զվարթնոց» օդանավակայանում իր վրացի գործընկերոջը դիմավորել է վարչապետ Տիգրան Սարգսյանը, որից հետո ՀՀ կառավարությունում կայացել է երկու հարևան պետությունների գործադիր մարմինների ղեկավարների հանդիպումը: Տիգրան Սարգսյանը և Բիձինա Իվանիշվիլին քննարկել են հայ-վրացական հարաբերություններին առնչվող հարցերի լայն շրջանակ, այդ թվում՝ տնտեսական, էներգետիկ, մշակութային, արդարադատության, տրանսպորտային հաղորդակցության և գյուղատնտեսության ոլորտներին վերաբերող ծրագրեր և նախագծեր:
Այնուհետև Տիգրան Սարգսյանի և Բիձինա Իվանիշվիլիի ներկայությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև ստորագրվել է «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոծմինդա» ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիր: Այն ստորագրել են ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Խադուրին:
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարության միջև ստորագրվել է 2013-2015 թթ. համագործակցության մասին ծրագիր: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Վրաստանի մշակույթի և հուշարձանների պահպանության նախարար Գուրամ Օդիշարիան:

Դիտվել է 2135 անգամ:
Print Friendly

Leave a Reply