Թեստե՞րն են անորակ, թե՞ հայերն են անընդունակ. դիմորդների միայն 0,16 տոկոսն է բարձր գնահատական ստացել հայերենից

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 19, 2009 13:06

qnutyunner1Հայոց լեզվի և գրականության այս տարվա քննություններում ցածր գնահատականներով ջարդ է գնացել. 1 193 (9,78 տոկոս) դիմորդ անբավարար է ստացել, միջին գնահատականը 11,4 բալն է: 12 196 դիմորդներից միայն 20 դիմորդ է կարողացել առավելագույն 20 բալ ստանալ (371 հոգի չեն ներկայացել քննության օրը և քննություն կհանձնեն հուլիսին), այսինքն` Հայաստանում հայերենի քննություն հանձնողների ընդամենը 0,16 տոկոսը: 1200 հոգի բողոքարկել են քննության արդյունքները: Բողոքարկման հանձնաժողովը քննարկումից հետո եզրակացրել է, որ թեստը բովանդակային և կառուցվածքային առումով համապատասխանում է ուղեցույցին և դպրոցական ծրագրին: Հանձնաժողովն անճշտություն է համարում թեստի միայն մի հարցը (Ա45-ը), որում մեկի փոխարեն երկու ճիշտ պատասխան է հայտնաբերել, որոնցից սխալ համարված պատասխանը տվողների գնահատականը կբարձրանա 0,25 բալով:

Անցյալ տարի հայոց լեզվից միասնական քննություն էր հանձնել 13 643 աշակերտ, որոնցից 64-ն էր ստացել 19,75-20 բալ, 6 տոկոսը` անբավարար, մեծամասնությունը` 12-14 բալ:

Հարց է առաջանում` պատանինե՞րն են այդքան անընդունակ, որ չեն կարողանում բարձր գնահատական ստանալ, թեստե՞րն են անորակ, թե՞ հանձնաժողովներն են անարդար:

Կրկնուսույցները և ուսուցիչները վստահ են, որ թեստերն են անորակ ու բարդ, և «հայ ժողովրդի մտավոր կարողությունը մեղավոր չէ, պարզապես հարցերը դպրոցական ծրագրից դուրս են և անորոշ ձևակերպված»:

«Հաճախ լեզվաբանի գիտելիքներ են պետք` առաջադրված հարցերին ճիշտ պատասխանելու համար»,-ասում է Մարտունու 2-րդ դպրոցի` հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Թամարա Թովմասյանը: Հայոց լեզվի կրկնուսույց Սուսաննա Պողոսյանն էլ նշում է, որ երկու առարկաները մեկ քննության մեջ ընդգրկելը սխալ է. «Երեխան պարզապես ի վիճակի չէ մեկ տարվա ընթացքում տիրապետել պահանջված գիտելիքներին. դպրոցում ուսումնառության ընթացքում աշակերտն ինչքան էլ սովորի և հանձնարարված գրքերը կարդա, միևնույն է, որոշ մանրամասներ կամ կանոններ կարող է մոռանալ»:

Մասնագետները հիմնականում մատնանշում են թեստի Ա41 հարցը, որտեղ պահանջվում է նշել, թե ում նամակներն են տեղ գտել Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպում (ճիշտ պատասխանն է` Աղասու մոր և կնոջ` Նազլուի), ու նաև
Ա39 հարցը, որտեղ պահանջվում է գտնել գրաբարով շարադրված «Գողթան» երգի քառատողում բաց թողնված բառը և այլն:

«Երեխան «Վերք Հայաստանի»-ն մի քանի անգամ պիտի կարդա, որ քննության հուզված պահին նման մանրուքը հիշել կարողանա,-ասում է Պողոսյանը,- իսկ «Գողթան» երգի դեպքում դիմորդը պետք է գրաբարի ուղղագրություն իմանա, որ ճիշտ պատասխանի, իսկ դա չի մտնում ընդունվելու համար պարտադիր գիտելիքների մեջ»: Նա ասում է, որ Ա50 տարբերակում էլ Մովսես Խորենացուց մեջբերված հատվածը դպրոցական դասագրքում չկա, և երկը չկարդացած աշակերտը սխալ պատասխան կտա:

Հարցերի խրթին լինելուց բողոքում են նաև քննություն հանձնած դիմորդները: 16-ամյա Մերի Ավետիսյանը, ով 14,5 է ստացել, նշում է, որ 12 սխալ կատարել է Ա տարբերակում և 10 սխալ Բ տարբերակում. «Երբ հետո սթափ մտածեցի, հասկացա, որ բոլոր հարցերի պատասխանն էլ գիտեի, ուղղակի հարցերն էնքան բարդ էին ձևակերպված, որ բոլորովին այլ բան եմ հասկացել գրելու պահին»:

Հայոց լեզվի և գրականության թեստերը կազմող հեղինակային խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հերքում է թեստերի վերաբերյալ հնչած բոլոր մեղադրանքները. «Չկա որևէ հարցի ձևակերպում, որ էապես տարբերվի ուղեցույցի և անցյալ տարվա քննական թեստի առաջադրանքների պահանջներից: Հայ գրականությանը վերաբերող բոլոր 15 առաջադրանքները ճշտորեն համապատասխանում են դպրոցական ծրագրին և դասագրքերին»:

Կրկնուսույցները դժգոհում են նաև, որ թեստերի հեղինակներն իրենք պարապում են դիմորդների հետ, և նրանց մոտ պարապելը շատ ավելի թանկ է: «Շահերի բախում է առաջանում,- ասում է Պողոսյանը,- պարզ է, որ թեստի հարցերը կազմողն իր աշակերտներին կտա այդ հարցերի պատասխանները: Օրենքով պետք է սահմանվի, որ թեստի հեղինակն իրավունք չունի բուհական քննություններին նախապատրաստելու համար պարապել աշակերտների հետ»:

Եթե մասնագետների այն պնդումները, որ թեստերը բարդ են ու անորակ, հաստատվում են, ապա ենթադրվում է` բարդությունները ստեղծում են դրանց հեղինակները, որ դիմորդները ձգտեն իրենց մոտ պարապել, որ այդ բարդությունների լուծումները ստանան:

Ըստ «Անկախ»-ի տվյալների` հայոց լեզվի և գրականության թեստերի հեղինակների մոտ պարապելն արժե 600-700 հազար դրամ (մոտ 2 հազար դոլար), մինչդեռ ուրիշների մոտ` երկու անգամ ցածր` 300-400 հազար դրամ:

Դիտվել է 1973 անգամ:
Print Friendly

Leave a Reply