Բուսաբանական այգում ինքնասպան եղած տղամարդու դին գտել են 4-5 օր անց

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 19, 2009 11:45
carer

Ծառը, որից կախված էր երիտասարդը

Երևանի բուսաբանական այգում հունիսի 15-ին ծառից կախված տղամարդ է հայտնաբերվել: Առավոտյան ժամը 9-ին այգում վազող երկու տղաներ հայտնաբերել են թթի ծառից կախված տղամարդուն, տեղեկացրել այգու պարետ Ազատ Ստեփանյանին: Նա էլ մեքենայով եկել է դեպքի վայր` համոզվելու, որ չեն խաբում ու զանգել ոստիկանության Ավանի բաժին:

«Դատաբժշկական փորձագետն ասաց, որ տղամարդը 4-5 օր առաջ է ինքնասպան եղել»,-պատմում է Ստեփանյանը:

Ազատ Ստեփանյանը 3 ամիս առաջ է ընդունվել աշխատանքի: Դիակը ծառից հանելու ու ուսումնասիրելու ընթացքում որպես վկա գտնվել է իրավապահ մարմինների կողքին: Ասում է, որ մինչև հիմա էլ չի կարողանում հասկանալ` ոնց կարող էր մարդ մոտ 6 մետր բարձրություն ունեցող ծառից իրեն պարանով կախել:

25-30 տարեկան ինքնասպան տղամարդու գրպանից հայտնաբերվել է միայն կրակայրիչ, ծխախոտ ու բանալի: Պարետի խոսքով`թթենու ծառի կողքին կար նաև ցելոֆանե տոպրակ. ենթադրվում է, որ մահացածը պարանն այդ տոպրակով էր բերել:

Ոստիկանության Ավանի բաժնի պետ, փոխգնդապետ Արմեն Իսրայելյանը հրաժարվեց սպանվածի անունը հրապարակել մինչև հարազատները դիակը կճանաչեն:

Նրա խոսքով` երիտասարդը հոգեկան խանգարում է ունեցել և ինքնասպան է եղել: Հոգեկան խանգարումով տառապում է նաև նրա եղբայրը, նույն հիվանդությամբ տառապող հայրը ևս կյանքին վերջ է տվել կախվելով:

Դիտվել է 1436 անգամ:
Print Friendly

Leave a Reply