ՀՀ դեսպանի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում` ահաբեկչության հանցագործությանը վերաբերող քննարկմանը

Պաշտոնական, Օրվա լուր | | January 16, 2013 11:54

Հունվարի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն անցկացրել է «Համապարփակ մոտեցում ահաբեկչության դեմ պայքարում» խորագրով քննարկում, որի մասնակցել են մի շարք երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ,  ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը եւ շուրջ հինգ տասնյակ անդամ պետությունների ներկայացուցիչներ:

ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը նշել է, որ ահաբեկչության սպառնալիքի չափը ու դրա ազդեցությունը ենթադրում է հակաահաբեկչության եւ անդրսահմանային հանցագործություններով զբաղվող ՄԱԿ-ի գործակալությունների եւ միջկառավարական այլ կառույցների համադրված գործողություններն ու կարեւորել այդ բնագավառում ՀԱՊԿ-ի, Եվրամիության, Եվրոպայի խորհրդի եւ ՆԱՏՕ-ի հետ ծավալած համատեղ ծրագրերն ու համագործակցությունը: Կարեն Նազարյանը հավելել է, որ այդ բնագավառում համագործակցության վրա բացասաբար է ազդում Հայաստանի երկու հարեւանների հետ սահմանների փակ լինելու հանգամանքը, ինչպես նաեւ չկարգավորված հակամարտության պատրվակով զենքերի ու զինամթերքի հսկայական կուտակումների պրակտիկան:

Դեսպանը անթույլատրելի է համարել ահաբեկչության համեմատումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրականացման համար մղվող պայքարի հետ ու դատապարտել այդ իրավունքը ճնշելու համար պետական իշխանության, ինչպես նաեւ վարձկանների ու ահաբեկչական խմբավորումների օգտագործումը:

Իր ելույթի մեկ այլ բաժնում Կարեն Նազարյանը նաեւ անդրադարձել է մեր անմիջական հարեւանությամբ պետական մակարդակով ատելության քարոզմանը, որը կարող է սնուցել ահաբեկչության հանցագործությանը, եւ կոչ արել հրաժարվել այդ վարվելակերպից ու փոխարինել այն հանդուրժողականությամբ ու երկխոսությամբ:

Դիտվել է 719 անգամ:
Print Friendly

Leave a Reply