Հայաստանում սիրիահայերի աշխատանքի տեղավորման նոր տոնավաճառներ կկազմակերպվեն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 16, 2013 10:39

Սիրիայում արդեն մեկ տարուց ավելի շարունակվող պատերազմի պատճառով Հայաստանում ապաստանած սիրիահայերի համար ամենահրատապ խնդիրն աշխատանք գտնելն է: Ինչպես«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության բաժնի պետ Ցողիկ Բեժանյանը, ՀՀ սփյուռքի, աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունների դեկտեմբերի 17-ին անցկացրած համատեղ աշխատանքային տոնավաճառի արդյունքում 16  սիրահայ է ընդունվել աշխատանքի: «Տոնավաճառից հետո երկու շաբաթվա տվյալներով սիրիահայերը տոնավաճառի արդյունքում աշխատանքի են տեղավորվել հիմնականում ոսկերիչի, մատնահարդարի, տեխնիկական տարբեր մասնագիտությունների գծով»,-ասաց նա:

Բեժանյանի խոսքով` գործատուները հիմնականում պահանջում են բանվորական նեղ մասնագիտացում ունեցող կադրերի: «Պետական ծրագրով 2013 թվականին եւս 7 աշխատանքի տոնավաճառ ենք նախատեսում, որոնց կարող են մասնակցել  սիրիահայերը»,- ասաց «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության բաժնի պետը:

Սիրիահայերը Հայաստանում աշխատանք որոնելիս, սակայն, մի շարք խնդիրների են բախվում: «Կան սիրիահայեր, ովքեր իրավաբանական կրթություն ունեն, սակայն տեղական օրենսդրությունը չգիտեն: Նույն խնդիրը նաեւ բժիշկների դեպքում է, երբ նրանք ռուսերենին չեն տիրապետում: Մենք աշխատանքներ ենք տանում, որպեսզի գործատուները որոշակի զիջումներով աշխատանքի ընդունեն մեր հայրենակիցներին»,- ասաց Բեժանյանը:

Նրա խոսքով` զբաղվածության գործակալության կենտրոնները 305 սիրիահայերի հետ մշտական կապի մեջ են: «Սիրիահայերից 62-ն արդեն հաշվառվել է մեր կենտրոններում, 62-ն էլ` տեղաորվել աշխատանքի»,- ասաց Բեժանյանը, հավելելով, որ 20 սիրիահայ ընդգրկվել է զբաղվածության ծրագրերում:

Սիրիահայերի աշխատանքի տեղավորման համար աշխատանքներ է տանում նաեւ Սփյուռքի նախարարությունը: «Հաաստանում այժմ բնակվում է շուրջ 6 հազար սիրիահայ: Աշխատանքի համար Սփյուռքի նախարարություն է դիմել 600 սիրիահայ, նրանցից նախարարության անմիջական աջակցությամբ աշխատանքի է ընդունվել շուրջ 200-ը»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի Մերձավոր և միջին արևելքի հայ համայնքների վարչության պետ Լուսինե Ստեփանյանը:

Սիրիայում բախումները սկսվել են 2011  թվականի մարտից: Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալու համար միգրացիոն ծառայություն է դիմել 425 սիրիահայ 168 ընտանիքից, նրանցից 44-ը ապահովվել է հատուկ կացարաններով:

Դիտվել է 950 անգամ:
Print Friendly

Leave a Reply