Վիլայեթ և ինքնավար շրջան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | January 16, 2013 3:10

Ամերիկյան վերլուծումները ուշագրավ բաժիններով կենտրոնացել են Սիրիայի հարցով ԱՄՆ-Թուրքիա շահերի աններդաշնակության վրա: Եթե երեւութապես Սիրիայի վարչակարգի տապալումը համընկնում է թե՛ Վաշինգտոնի եւ թե՛ Անկարայի շահերին, ապա Սիրիայի հիմնախնդրի հանգուցալուծման մեջ կարեւոր գործոն նկատվող քրդական հարցի նկատմամբ միանշանակ չեն երկու պետությունների շահագրգռությունները:

Արժե առանձնացնել ամերիկացի պատմաբան Գրայֆին Թարփլինի վերլուծման հետեւյալ բաժինը` Թուրքիայի եւ Սիրիայի հարցի մասին կատարած իր վերլուծությունում.-

«Քրդստանի աշխատավորական կուսակցությունը ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության կողմից աջակցվող կազմակերպություն է: ԱՄՆ ՔԱԿ-ին օգտագործում է Իրանի դեմ: Մեկ տարի առաջ, Իսրայելի արտաքին գործերի նախարար Լիբերմանը Մարմարա նավի միջադեպի հետ կապված Թուրքիային պատժելու համար հայտարարեց, որ աջակցելու է ՔԱԿ-ին: Տեղեկություններ կան, որ ՆԱՏՕ-ն Հունաստանի միջնորդությամբ աջակցում է ՔԱԿ-ին: Այդ պատճառով, Անկարան պետք է հասկանա, որ դրա նպատակը Թուրքիայի վերացումն է»:

Եթե ԱՄՆ Պետքարտուղարությունը սկսել է խոսել Թուրքիայի մասնատման հավանականության մասին, ամերիկացի վերլուծաբանները բարձրաձայնում են ընդհանրապես այդ երկրի վերացման մասին:

Թուրքական կողմը բնական է որ ՔԱԿ-ի կամ առհասարակ քրդական գործոնի շահարկումը գերտերությունների կողմից նկատում է եւ համապատասխան քայլեր է ձեռնարկում: Շռնդալից ձեւով Օջալանի հետ համաձայնության գալը, իբրեւ թե համաձայնեցված կետերի հրապարակայնացումը եւ մանավանդ Փարիզի դեպքերի նկատմամբ պիղատոսություն ցուցադրելը. տակավին Անկարայի պատվիրակատարների կողմից իրարահաջորդ հայտարարությունները` թե հակառակ Փարիզի դեպքերին բանակցությունները պետք է շարունակել ՔԱԿ-ի հետ, թուրքական միեւնույն մղձավանջի մաս կազմող դրսեւորումներ են:

Ներսիրիական պատերազմին արտաքին զինվորական միջամտությունները բացառելը ճիշտ է որոշ առումով հենվում է ռուսական պարտադրանքի վրա: Այսուհանդերձ թվում է նաեւ, որ ԱՄՆ-ը կամ միջազգային ընտանիքը եւս վճռական չեն այդ ուղղությամբ: Ներսիրիական բախումներով մաշելու ու քանդելու քաղաքականությանն առընթեր Անկարան այս բոլորի մեջ խրելու միտումները տեսանելի են դառնում հաճախ ակներեւ կերպով:

Եւ եթե ամերիկյան կողմը պետական թե ոչ պաշտոնական մակարդակներով խոսում է Թուրքիայի անդամահատման կամ առհասարակ վերացման տեսանելիության մասին, Թուրքական կողմը ծայրահեղ հակազդեցություններ է ցույց տալիս։ Ճիշտ է, որ ուղղակի կառավարական աղբյուր չէ հաղորդողը, այսուհանդերձ կառավարության անունով է խոսվում (եւ մինչ այժմ չի հերքվել) Սիրիայի վալիի նշանակման մասին: Ընդ որում ոչ միայն Թուրքիայում ապաստանած սիրիացի գաղթականներին վերաբերող գործառույթներով զբաղվելու համար, այլ նաեւ Սիրիայի տարածքում Դամասկոսի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքների համար: Վալին կամ նահանգապետը վիլայեթ կամ նահանգ կունենա, իսկ այդ նահանգը, ըստ հրապարակված տեղեկության ներառում է թե՛ Թուրքիայի եւ թե՛ Սիրիայի տարածքները: Վալիի կամ վիլայեթի մասին թուրքական գյուտը առաջին հայացքից անհեթեթության դրսեւորում է: Խորքում սակայն հակազդեցություն է: Այս նորաստեղծ նահանգը, տրված լինելով, որ սիրիական տարածքներ է ներառում, Սիրիայի մասնատում է ենթադրում: Վալիի նշանակումը ուրեմն, Թուրքիայի մասնատման դիմաց Սիրիայի մասնատման տեսությունն է, որ Անկարայի կառավարության անունով առաջ կքշվի:

Նորանշանակ Վալին սակայն պետք է շտապ տեղեկագրի իր կենտրոնական կառավարությանը, որ իր «վերահսկած» տարածքին անմիջական հավերանությամբ կազմված է արդեն քրդական ինքնավար մարզ, որը սպառնում է քրդական վիլայեթներ ստեղծել Թուրքիայի տարածքում:

Շահան Գանտահարյան

«Ազդակ»-ի գլխավոր խմբագիր

Դիտվել է 920 անգամ:
Print Friendly

Leave a Reply