Ներկայացվեցին Ջրային տնտեսության պետական կոմիտեի 2012թ. կատարված աշխատանքները եւ 2013թ. ծրագրերը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 15, 2013 20:06

ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեում այսօր տեղի ունեցած խորհրդակցությանը ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանին ներկայացվեցին 2012թ. կատարված աշխատանքները եւ 2013թ. ծրագրերն ու անելիքները:

Կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը տեղեկացրեց, որ 2012թ-ին եւս շարունակվել են համակարգում կառուցվածքային փոփոխությունների, ջրամատակարարման տեւողության ավելացման ու ջրի որակի բարելավ¬ման, մասնավոր կառավարման պայմանագրերի վերահսկման, մատակարարված ջրի դիմաց վճարների հավաքագրման մակարդակի բարձրացման, համակարգում կո¬րուստ¬ների նվազեցման, ոռոգման ենթակառուցվածքների բարելավման եւ մի շարք այլ ուղղություններով աշխատանքները:

Ներկայացնելով հավաքագրումների ցուցանիշները` Ա. Անդրեասյանը նշեց, որ 2012 թ. համակարգի գանձումը կազմել է շուրջ 20.36 մլրդ դրամ (78.9 %) ` նախորդ տարվա համեմատ 830 մլն դրամով ավելի: Խմելու ջրի մասով գանձվել է շուրջ 16.29 մլրդ դրամ (97,8 %)`520 մլն դրամով ավելի 2011թ. ցուցանիշի համեմատ: Տարվա ընթացքում ջրային տնտեսության համակարգի կազմակերպություններով ՀՀ պետական բյուջե են փոխանցվել շուրջ 7.14 մլրդ դրամի հարկեր, տուրքեր եւ պարտադիր վճարներ` 2011թ. համեմատ 1.56 մլրդ դրամով ավելի:

Տարվա ընթացքում կառուցվել, վերականգնվել եւ վերանորոգվել են շուրջ 503.8 կմ խողովակաշարեր, ջրանցքներ եւ ջրատարներ, այդ թվում` խմելու ջրագծեր` 398.1 կմ, կոյուղու կոլեկտորներ` 20.8 կմ, ոռոգման ջրանցքներ եւ ջրատարներ` 84.9 կմ։

Ոռոգման համակարգի համար կարեւոր նշանակություն է ունեցել այս տարի Մարմարիկի ջրամբարի շահագործումը: Վերականգնված ջրամբարը թույլ է տալիս կուտակել 23 մլն խմ լրացուցիչ ջրաքանակ, ինչպես նաեւ գարնանային վարարումների ընթացքում կարգավորել Մարմարիկ գետի հոսքերը: Մեկնարկել է Կապսի անավարտ ջրամբարի կառուցման համար նախագծային կազմակերպության ընտրության գործընթացը: Եղվարդի անավարտ ջրամբարի շինարարության, ինչպես նաեւ Վեդու ջրամբարի կառուցման նպատակով դոնոր կազմակերպությունների հետ բանակցություններ են վարվում:
Շարունակվել են Արփա-Սեւան թունելի վերականգնողական աշխատանքները եւ հնարավորություն է ստեղծվել լուծել թունելի առավել վտանգավոր հատվածների անվտանգ շահագործման հարցերը։

Նշվեց, որ ջրառ իրականացնող ընկերությունների, ինչպես նաեւ ջուր մատակարարող ջրօգտագործողների ընկերությունների (ՋՕԸ) գործունեությունների արդյունքներով ապահովվել է կայուն ջրամատակարարում: 2012թ-ին առաջին անգամ ոռոգման համակարգի ընկերությունների կողմից գանձումը կազմել է ավելի քան 4 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա ցուցանիշը գերազանցում է շուրջ 340 մլն դրամով:

Անդրադառնալով խմելու ջրի ոլորտում կատարված աշխատանքներին` Ա. Անդրեասյանը նշեց, որ “Երեւան Ջուր”, “Հայջրմուղկոյուղի”, “Լոռի-ջրմուղկոյուղի”, “Շիրակ-ջրմուղկոյուղի” եւ “Նոր Ակունք” ՓԲԸ-ների սպասարկման տարածքներում միջինում առնվազն 1 ժամով ավելացել է ջրամատակարարման տեւողությունը: Խմելու ջուր մատակարարող կազմակերպությունների բաժանորդների մոտ տեղադրված են 638 հազ. 500 ջրաչափական սարք`2011 թ. համեմատությամբ 13,7 հազարով ավելի: Ջրաչափերով ապահովվածությունը կազմում է 87.1 %։ ՎԶԵԲ-ի ծրագրի շրջանակում ավարտվել են Վարդենիս, Մարտունի եւ Գավառ քաղաքներում կեղտաջրերի մաքրման կայանների կառուցման աշխատանքները, կառուցվել են 20.8 կմ կոյուղագծեր` Գավառ, Մարտունի, Վարդենիս, Սեւան եւ Ջերմուկ քաղաքներում, կառուցվել են պոմպակայաններ` Սեւան եւ Գավառ քաղաքներում։

Խոսելով 2013թ. անելիքների մասին `Ջրտնտպետկոմի նախագահը նշեց, որ այս տարի եւս կշարունակվեն համակարգի ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման, ոռոգման համակարգերի շահագործման հուսալիությանն ուղղված միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի ապահովման ուղղությամբ աշխատանքները: Ոռոգման համակարգերի վերական¬գնմա¬ն ծրագրով 2013թ. նախատեսվում է շուրջ 50 կմ ոռոգ¬ման ջրանցքների վերականգնում։ Կնախապատրաստվեն ջրամբարաշինության եւ ենթակառուցվածքների արդիականացման ծրագրերը։ KfW բանկի ֆինանսավորմամբ կիրականացվեն ջրամատակարար կազմակերպությունների սպասարկման դաշտից դուրս գտնվող գյուղական բնակավայրերում ջրամատակարարման կառավարման բարելավմանը, ինչպես նաեւ ներդրումային եւ կառուցվածքային բարեփոխումներին ուղղված ուսումնասիրություններ։ Կշարունակվեն նաեւ խմելու ջրի կայուն եւ հուսալի ջրամատակարարման, ջրի կորուստների կրճատման, ջրամատակարարման տեւողության աստիճանական ավելացման, խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի վերանորոգման ու կառուցման աշխատանքները:

Փոխվարչապետը կարեւորեց համակարգի ընկերությունների արդյունավետ աշխատանքը` նկատելով, որ դրանից է մեծապես կախված համակարգի անխափան գործունեությունը: Նշելով, որ 2012թ-ը ոռոգման ոլոտի համար բավականին բարդ տարի էր` պայմանավորված սակավաջրությամբ, փոխվարչապետը նկատեց, որ, այնուամենայիվ, հաջողվեց ջրաքանակի անհրաժեշտ պահանջարկը բավարարել: Ըստ նրա` գալիք տարիներին կառավարության ուշադրության կենտրոնում են լինելու ջրամբարաշինության եւ ջրակուտակման նոր հնարավորությունների ստեղծման խնդիրները:

Ա. Գեւորգյանը կարեւորեց նաեւ ոլորտում միջազգային դոնոր կազմակերպությունների աջակցությամբ իրականացվող ծրագրերի արդյունավետ կատարումը:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ոռոգման համակարգի ընկերությունների հետ ավանդական հանդիպում-քննարկումը փետրվարի սկզբին կազմակերպելու վերաբերյալ:

Դիտվել է 990 անգամ:
Print Friendly

Leave a Reply