ԿԸՀ-ում հավատարմագրված են 8 դիտորդական կազմակերպություններ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 15, 2013 18:17

Հանրապետության նախագահի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հավատարմագրել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովին և ԱՊՀ դիտորդական առաքելությանը, նաև` «Ժողովրդավարական կրթության հայկական կենտրոն-ՍԻՎԻՏԱՍ» ՀԿ-ի 77 դիտորդների: Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեցին ԿԸՀ-ից:

Այսպիսով` այս պահին հավատարմագրված են 3 տեղական և 5 միջազգային կազմակերպություններ:

ԿԸՀ-ում ավելի վաղ հավատարմագրվել էին «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ»-ի 63 և «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ»-ի 2 դիտորդներ, իսկ միջազգային կազմակերպություններից` ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ-ը, «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն»-ը (Այ Սի Ի Էս) և ԵԽԽՎ-ն:

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, դիտորդների հավատարմագրումը սկսվել է ընտրությունը նշանակելու օրվանից` դեկտեմբերի 8-ից, և կտևի մինչև փետրվարի 8-ը:

Ընտրական օրենսգրքի համաձայն, դիտորդներն իրենց առաքելությունն իրականացնում են ԿԸՀ-ում հավատարմագրվելուց հետո:

Ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելության իրավունք ունեն` միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները, ինչպես նաև ՀՀ և օտարերկրյա հասարակական այն կազմակերպությունները, որոնց կանոնադրական խնդիրները ներառում են ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցեր, և որոնք չեն աջակցում թեկնածուներին:

Միջազգային կազմակերպությունները, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները, օտարերկրյա հասարակական կազմակերպությունները դիտորդական առաքելություն կարող են իրականացնել հրավերի առկայության դեպքում: Միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների դիտորդական առաքելությունների կազմում որպես դիտորդ ՀՀ քաղաքացիներ ընդգրկվել չեն կարող:

Վերոհիշյալ կազմակերպություններին և անձանց դիտորդական առաքելություն իրականացնելու հրավեր ուղարկելու իրավունք ունեն` Հանրապետության Նախագահը, Ազգային ժողովի նախագահը, վարչապետը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ինչպես «Pastinfo.am»-ն ավելի վաղ տեղեկացրել էր, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավերներ է ուղարկել Եվրոպայի խորհրդարանի, Եվրոպայի խորհրդի և ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովների, ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի նախագահներին, ՀՀ կառավարությունը` ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին և ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահին, ԿԸՀ-ն` «Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոն» (Այ Սի Ի Էս) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը:

«Փաստինֆո»

Դիտվել է 1405 անգամ:
Print Friendly

Leave a Reply