Փոխվարչապետի մոտ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | January 15, 2013 18:14

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցությանը, որին մասնակցում էին նաեւ հանրապետության խոշոր քաղաքների` Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի քաղաքապետերը, Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը ներկայացրեց 2013թ. պալատի գործունեության սկզբունքները: Նա մասնավորապես նշեց, որ այս տարի առաջին անգամ պետբյուջեի միջոցների օգտագործման արդյունավետության նկատմամբ օպերատիվ վերահսկողություն է իրականացվելու: Ուշադրության կենտրոնում են լինելու պետական գնումների, շինարարության ոլորտները, ինչպես նաեւ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքները: Նա միաժամանակ պատրաստակամություն հայտնեց անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել համայնքներին եւ մարզպետարաններին, տրամադրել անհրաժեշտ պարզաբանումներ եւ խորհրդատվություն:

Փոխվարչապետն ավելացրեց, որ գնումների գործընթացները լինելու են նաեւ Տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում: Նա կարեւորեց համատեղ աշխատանքի միջոցով առկա խնդիրների բացահայտումը եւ գործընթացների պարզեցմանն ու թափանցիկությանն ուղղված առաջարկությունների ներկայացումը:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկություններ ներկայացրեց մի շարք մշակութային ծրագրերի վերաբերյալ: Մասնավորապես, հունվարի վերջին եւ փետրվարի սկզբին կկազմակերպվի Միջհամայնքային մշակութային երկրորդ ցուցահանդեսն (մարզային “ArtExpo”) ու մրցույթ-փառատոնը: Առաջինը տեղի էր ունեցել 2011թ. սեպտեմբերին` Գյումրիում եւ Վանաձորում: Ցուցահանդեսի եւ փառատոնի մրցութային փուլերն այս անգամ կանցկացվեն Վանաձոր, Արտաշատ եւ Արմավիր քաղաքներում: Նախարարը կարեւորեց բոլոր մարզերի ակտիվ մասնակցությունը միջոցառումներին:

Նա նաեւ ընդգծեց 2013թ-ին Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու հետ կապված տարվա ընթացքում նախատեսվող տարբեր մշակութային նախագծերին եւս բոլոր մարզերի մասնակցության անհրաժեշտությունը: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց աշխատել Մշակույթի նախարարության հետ` միջոցառումներին անհրաժեշտ մասնակցություն ապահովելու համար:

Նախարար Հ. Պողոսյանը նաեւ անդրադարձավ “Երեւան-Մեղրի զբոսաշրջային երթուղու զարգացման հեռանկարային համալիր ծրագրին”, որը նպատակ ունի նպաստել մշակութային զբոսաշրջության զարգացմանը, անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմամբ նշված երթուղու վրա գտնվող մշակութային հուշարձաններն առավել հասանելի դարձնել զբոսաշրջիկների համար: Նախարարի խոսքով` արդեն ստեղծվել է համապատասխան աշխատանքային խումբ, որում կներգրավվեն նաեւ Արարատի, Վայոց ձորի եւ Սյունիքի մարզերի, ինչպես նաեւ Երեւան քաղաքի ներկայացուցիչներ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ մարզերում 2013թ. գարնանը հողօգտագործողներին մատչելի գնով պարարտանյութ եւ դիզելային վառելանյութ տրամադրելու պետական ծրագրերին վերաբերող հարցեր: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց սեղմ ժամկետներում ներկայացնել պարարտանյութի եւ դիզվառելանյութի պահանջարկի վերաբերյալ հստակ տեղեկատվություն:

Քննարկվեցին նաեւ մի շարք այլ հարցեր:

Դիտվել է 832 անգամ:
Print Friendly

Leave a Reply