Ադրբեջանի լուսածրող գնդակներից հրդեհներ են բռնկվում
Օրվա լուր | ankakh | June 18, 2009 19:22Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի տարբեր հատվածներում հունիսի սկզբից պարբերաբար հրդեհներ են բռնկվում, որոնց հիմնական պատճառը, ըստ ԼՂՀ արտգործնախարարության, ադրբեջանական կողմից լուսածրող գնդակներով արձակվող կրակոցներն են և Ադրբեջանի ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող տարածքների հրկիզումները, ինչի արդյունքում կրակն անցնում է ղարաբաղյան կողմը:
ԼՂՀ փրկարար ծառայության տեղեկատվության համաձայն` համապատասխան հատվածներում շուրջօրյա հերթապահություն է սահմանվել, գործում են դաշտային հրշեջ–փրկարարական կետեր (հրշեջ մեքենաներով և մարտական հաշվարկով):
Փրկարար ծառայության աշխատակիցներին օգնում են ԼՂՀ պաշտպանության բանակի զինծառայողներն ու բնակչությունը: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում հրդեհների տեղայնացման եւ մարման, ինչպես նաեւ դրանց կանխարգելման ուղղությամբ:
Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրել են ԼՂՀ Արտգործնախարարության մամուլի ծառայությունից, ԼՂՀ ղեկավարությունն ադրբեջանական կողմին կոչ է անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնց արդյունքում անուղղելի վնաս է հասցվում շրջակա միջավայրին և վտանգվում է մարդկանց առողջությունն ու անվտանգությունը:






Facebook
Tweet This
Email This Post
