ՀՀ պաշտպանության նախարարն ընդունեց ԵԱՀԿ ՄԽ ԱՄՆ համանախագահին

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 27, 2010 17:28

Մարտի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ռոբերտ Բրադտկեի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆի արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը:

Ողջունելով հյուրերին` Ս. Օհանյանը շնորհակալություն է հայտնել Ռ. Բրադտկեին ԱՄՆ համանախագահի պաշտոնում նրա ծավալած ակտիվ աշխատանքի համար: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրին` Ս. Օհանյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները հարցի լուծումը տեսնում են միայն խաղաղ բանակցային գործընթացի միջոցով, իսկ Ադրբեջանի կողմից անընդհատ հնչող ռազմատենչ հայտարարությունները և սպառազինության կուտակումները խանգարում են գործընթացին` տարածաջրջանում ստեղծելով լարված մթնոլորտ:

Պաշտպանության նախարարը հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կգտնվի հակամարտության կարգավորման երկուստեք ընդունելի տարբերակ: Կողմերը փաստել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը հայթուրքական հարաբերությունների հետ փոխկապակցելն անընդունելի է:

Շփման գծում վստահության ամրապնդման միջոցառումների մասին խոսելիս Ս. Օհանյանը տեղեկացրել է, որ ՀՀ նախագահի որոշմամբ ս.թ. մարտի 3-ին տեղի ունեցած դեպքի հետևանքով հայկական տարածքում գտնվող ադրբեջանցիների երկու դիակները և նախկինում ՀՀ տարածքում ձերբակալված ադրբեջանցի գերին հայկական կողմի մարդասիրական նախաձեռնությամբ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջոցով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող այլ հարցեր:

Դիտվել է 1319 անգամ:
Print Friendly

Leave a Reply