Ալիևը տեղ չունի Գանդիի կողքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | January 15, 2013 13:02

Մեքսիկայում դաշնային վարչական դատարանը մերժել է Ադրբեջանի դեսպանատան հայցը, որով պահանջվում էր արգելել նախագահ Հեյդար Ալիևի հուշարձանի ապամոնտաժումը, հաղորդում է ադրբեջանական “Contact” թերթը՝ վկայակոչելով մեքսիկական “Cronica” պարբերականը:

Հուշարձանը տեղադրվել էր Մեքսիկայի կենտրոնական այգիներից մեկում 2012թ. ամռանը, որի կառուցման վրա Ադրբեջանը ծախսել է մոտ 5 մլն դոլար: Սակայն հուշարձանի տեղադրումը իրավապաշտպանների զայրույթի պատճառ է հանդիսացել: Նրանք դժգոհում էին, որ բռնապետի արձանը տեղադրվել էր Մեխիկոյի կենտրոնում:

Նոյեմբերի սկզբին փորձագիտական խումբը խորհուրդ էր տվել Մեխիկոյի քաղաքային իշխանություններին արձանը կենտրոնից տեղափոխել այլ վայր: Փորձագետների կարծիքով`Ալիևը Մահաթմա Գանդիի, Աբրահամ Լինկոլնի, ինչպես նաև մեքսիկացի ազգային հերոսներին կողքին տեղ չունի:

Ադրբեջանի դեսպանությունը դեմ է հանդես եկել արձանի ապամոնտաժմանը: “Եթե արձանը ապամոնտաժվի, դա կհանգեցնի Ադրբեջանի և Մեքսիկայի միջև հարաբերությունների կտրուկ վատթարացմանը: Այդ դեպքում չեն իրականացվի նաև մի շարք ներդրումային ծրագրերը: Ամենածայրահեղ միջոցառումը դեսպանատան փակումն է”, -ասել է Մեքսիկայում Ադրբեջանի դեսպան Իլգար Մուխթարովը:

Դեսպանությունը դիմել է շրջանային դատարանին արձանի ապամոնտաժումը արգելելու խնդրանքով: Դատարանը 2012 թ. նոյեմբերին մերժել է այդ խնդրանքը: Դաշնային դատարանը համանման որոշումն ընդունել է հունվարի 9-ին:

Դիտվել է 697 անգամ:
Print Friendly

Leave a Reply