ICES-ը հաստատել է Հայաստանի նախագահական ընտրությունների դիտորդական առաքելության կազմը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 15, 2013 11:36

Ընտրական համակարգերի միջազգային փորձագիտական կենտրոնը` ICES-ը, ձեւավորել է դիտորդական պատվիրակության կազմը, որը պետք է ժամանի Հայաստան 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններին հետևելու համար: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ICES-ի լրատվական ծառայությունից: Մաաստրիխտում հունվարի 14-ին ICES-ը գործնական սեմինար է անցկացրել, որի արդյունքն է եղել պատվիրակության ձեւավորումը: Պատվիրակությունը, որը բաղկացած է լինելու 35 անդամից, կղեկավարի ICES-ի ղեկավար, Իսրայելի Կնեսետի 15-րդ գումարման պատգամավոր Ալեքսանդր Ցինկերը: Պատվիրակության կազմում են Եվրասիան, ԱՄՆ-ն և Իսրայելը ներկայացնող 10 միջազգային փորձագետներ: Պատվիրակությունը բաղկացած է երեք ֆունկցիոնալ խմբերից՝ քաղաքական, որտեղ ընդգրկված են Եվրախորհրդարանի և ազգային խորհրդարանների պատգամավորներ, քաղաքագետներ, իրավաբանական՝ բաղկացած իրավաբաններից և նախկին դեսպաններից, և երրորդ խումբը՝ ԶԼՄ-ներ:

Երկարաժամկետ դիտորդների խմբում են 8 փորձագետներ, որոնք իրենց գործունեությունը կսկսեն փետրվարի 1-ից: Խումբը նախատեսում է հանդիպումներ ունենալ նախագահի թեկնածուների, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացուցիչների և հայկական ԶԼՄ-ների հետ: Պատվիրակությունը փետրվարի 15-ին նախատեսում է ներկայացնել միջանկյալ հաշվետվություն: Կարճաժամկետ դիտորդները Հայաստան կժամանեն փետրվարի 14-ին:

Դիտորդական առաքելությունն իրականացնելու իրենց մտադրության մասին հայտարարել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը եւ ԵԱՀԿ Ժողովրդավարական ինստիտուտների եւ մարդու իրավունքների գրասենյակը: Հայաստանում 2013թ.-ի փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրություններում գրանցված թեկնածուները 8-ն են: Նախընտրական քարոզարշավը մեկնարկում է հունվարի 21-ին:

Դիտվել է 730 անգամ:
Print Friendly

Leave a Reply