Ամփոփվեցին ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության 2012թ. գործունեության արդյունքները եւ ներկայացվեցին 2013 թ. անելիքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 14, 2013 18:09

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ՏԿՆ միգրացիոն պետական ծառայությունում, որի ընթացքում ներկայացվեցին կառույցի կողմից 2012թ-ին կատարված աշխատանքները եւ 2013 թ-ի ծրագրերը:

Ծառայության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ 2012թ-ին աշխատանքները հիմնականում ուղղված են եղել «ՀՀ միգրացիայի պետական կարգա¬վորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրով» 2012թ. նախատեսված միջացառումների իրականացմանը, Սիրիայից ժամանած անձանց հիմնախնդիրների լուծմանը, ինչպես նաեւ միջազգային համագործակցության ոլորտում նոր նախաձեռնությունների մեկնարկին:

Մասնավորպես ձեւավորվել է գործողությունների ծրագրի իրականացման մոնիթորինգի միջգերատեսչական հանձնաժողով, ինչպես նաեւ երեք միջգերատեսչական աշխատանքային խմբեր: Ծրագրով նախատեսված 147 գործողություններից 2012թ-ին մեկնարկել է 83-ը: Ծրագրի իրականացմանը փորձագիտական աջակցություն է ցուցաբերվում շահագրգիռ միջազգային կազմակերպությունների կողմից:

Փոխվարչապետին զեկուցվեց, որ ավարտվել են ՍԷԿՏ համակարգի բարեփոխման աշխատանքները: Համակարգը հնարավորություն կընձեռի միգրացիոն հոսքերի ծավալների վերաբերյալ առավել հստակ տեղեկատվություն ստանալ: Բարեփոխումների առաջարկով հանդես էր եկել միջգերատեսչական աշխատանքային խումբը, այդ նպատակով համապատասխան միջոցներ էին հատկացվել կառավարության կողմից:

Նշվեց, որ տարվա ընթացքում ՀՀ-ում ապաստան ստանալու խնդրանքով ծառայությանն են դիմել 565 օտարերկրյա քաղաքացի, որոնցից 494-ը`Սիրիայի, իսկ մյուսները հիմնականում Իրաքի, Իրանի, Կոտ դ`Իվուարի, Գվինեայի, Թուրքիայի քաղաքացիներ են: Նրանցից ՀՀ-ում փախստական են ճանաչվել եւ ապաստան են ստացել 145-ը: «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ում բնակվելու համար 48 ապաստան հայցողների տրվել է ուղեգիր: Բացի այդ, ծառայության տնօրինության տակ եղած ռեզերվների հաշվին Սիրիայից ժամանած 99 անձի տրամադրվել է ժամանակավոր կացարան, 18 սիրիահայեր տեղավորվել են մասնավոր անձանց մոտ:

Փախստականների հիմնահարցերից շարունակում է ուշադրության կենտրոնում մնալ նրանց բնակապահովության խնդիրը: 1988-92թթ.. Ադրբեջանից բռնագաղթած 1172 փախստական ընտանիք, որից 857-ը` Երեւան քաղաքում եւ 315-ը` Հայաստանի տարբեր մարզերում, դեռեւս համարվում են բնակապահովության առաջնահերթ ծրագրի շահառուներ:

2012թ. հոկտեմբերին ընդունվել է «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթված փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին»ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքը, որի արդյունքում շուրջ 214 ընտանիք հնարավորություն կունենա սեփականաշնորհելու զբաղեցրած բնակարանը: Տարվա ընթացքում ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել 214 փախստական: Այսպիսով, 1996թ. «Փախստականների մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած փախստականների ընդհանուր թիվը կազմում է շուրջ 86 հազ 200:

Ծառայությունը շարունակել է աշխատանքերը միջազգային համագործակցության խորացման ուղղությամբ: «Շարժունակության շուրջ գործընկերության վերաբերյալ» Եվրամիության եւ Հայաստանի միջեւ համատեղ հռչակագրի շրջանակում 2012թ. մեկնարկել է «Միգրացիայի կառավարման ոլորտում Հայաստանի կարողությունների հզորացում` կենտրոնանալով վերաինտեգրմանն ուղղված միջոցառումների վրա» առաջին կիրառական ծրագիրը: 2012թ. պաշտոնապես ազդարարվել է «Աջակցություն Միգրացիոն պետական ծառայությանը՝ ամրապնդելու միգրացիոն կառավարումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի մեկնարկը, որն իրականացնում է Շվեդական միգրացիոն գործակալությունը Լեհաստանի ներքին գործերի նախարարության հետ համատեղ:

Անդրադառնալով 2013թ. անելիքներին` Գ. Եգանյանը նշեց, որ ուշադրության կենտրոնում են լինելու միգրացիոն հոսքերում ներառված անձանց վերաբերյալ վիճակագրական ցուցանիշների համակարգի ներդրման, «Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական միություն հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացման, ապաստան հայցողների համար նախատեսված «Հատուկ կացարան» ՊՈԱԿ-ի աշխատանքների բարելավման, օտարերկրյա քաղաքացիների եւ քաղաքացիություն չունեցող անձանց ապաստանի դիմումների քննարկման ընթացքում ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության ներսում իրականացվող քայլերի ստանդարտացման աշխատանքները:

Շարունակվելու են միջազգային համագործակցության խորացմանն ուղղված քայլերը: Հայկական կողմը կմասնակցի Պրագայի, Բուդապեշտի գործընթացների շրջանակում իրականացվող ծրագրերին եւ միջոցառումներին, Արեւելյան գործընկերության շրջանակում ձեւավորված «Միգրացիայի եւ ապաստանի» հարթակի աշխատանքներին: Կշարունակվեն «Շարժունակության շուրջ գործընկերության» վերաբերյալ համատեղ հռչակագրի եւ «Թվինինգ» ծրագրերի շրջանակում աշխատանքները:

Փոխվարչապետն ընդհանուր առմամբ դրական գնահատեց ծառայության գործունեությունը` կարեւորելով «ՀՀ միգրացիայի պետական կարգա¬վորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թթ. գործողությունների ծրագրով» 2012թ. նախատեսված միջոցառումների` սահմանված
ժամկետներում իրականացումը, ինչպես նաեւ միգրացիոն հոսքերի կառավարման ոլորտում իրականացվող աշխատանքները:

Հասարակայնության հետ կապերի բաժին

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply