Տեսողության խնդիրները շատացել են. բժիշկները խորհուրդ են տալիս ինքնաբուժությամբ չզբաղվել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 18, 2009 19:10

aknocԱկնաբույժներն ասում են, որ տեսողության խնդիրներ ունեցող մարդկանց քանակն օրեցօր ավելանում է, ինչը կապում են վատ և անորակ սննդի, օդի աղտոտվածության, նյարդային և լարված ապրելակերպի հետ:

Գարնան, ամռան և աշնան ամիսներին հայաստանցիների մոտ հիմնականում նկատվում է գարնան կատար հիվանդության սրացում. հիմնական ախտանիշերն են աչքերի կարմրածությունը, աչքերում ավազի զգացողությունը, քորը:

«Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբույժ Սյուզի Ղազարյանն ասում է, որ շատ են նաև աչքի ալերգիկ հիվանդություններով դիմողները: Ակնաբուժական այս բաժանմունքում աչքի հիվանդության տարբեր ախտանիշերով օրական ընդունում են տասնյակից ավել հիվանդների:

Ըստ բժշկի` մեծաթիվ են նաև կոպերի բորբոքման դեպքերը: Այս հիվանդությունն առաջացնում են մանր տիզերը (թունավոր միջատներ), որոնք բարձերի բմբուլների, թղթե հին կապոցների, բրդյա հագուստի միջոցով կպչում են կոպին ու բորբոքում առաջացնում:

Երիտասարդների շրջանում բժիշկն ասում է, որ հիմնականում նկատվում է չոր աչքի սինդրոմը, որն առաջանում է համակարգչի առաջ երկար աշխատելուց: Հիվանդներին բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել արցունք պարունակող հեղուկ-կաթիլներ, կրել պաշտպանիչ ակնոցներ, համակարգչի էկրանին ամրացնել պաշտպանիչ էկրան: «Տեսողության խնդիրներ ունեն նաև երեխաները, ովքեր ամբողջ օրն անցկացնում են համակարգչի, հեռուստացույցի առաջ»,-ասում է բժշկուհին:

Նա խորհուրդ է տալիս տեսողության խնդրի դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել և հետագա բարդություններից խուսափելու համար հնարավորինս շուտ դիմել բժշկի օգնությանը:

Դիտվել է 3390 անգամ:
Print Friendly

Leave a Reply