Թեկնածուները պետք է ներկայացնեն հայտարարագրեր

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 12, 2013 16:53

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունվարի 14-ի նիստում, ամենայն հավանականությամբ, որպես ՀՀ Նախագահի թեկնածու կգրանցի 8 հոգու, եթե, իհարկե, մինչև գրանցումն ինքնաբացարկներ չլինեն:

Հիշեցնենք, որ նախագահական ընտրություններին առաջադրված 15 թեկնածուներից միայն ութն են ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ եթե մինչև գրանցումը հավակնորդներից որևէ մեկը ինքնաբացարկ ներկայացնի, ապա հետ կստանա նաև ընտրագրավի գումարը՝ 8մլն դրամը:

Այսպես, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացրել են` ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, անկուսակցականներ` հասարակական կարգով «Փախստականների և միջազգային իրավունքի» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու Արման Մելիքյանը, էպոսագետ, ոչ մի տեղ չաշխատող Վարդան Սեդրակյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

Ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցի համաձայն, թեկնածուների գրանցման հաջորդ օրը` հունվարի 15-ին, ԿԸՀ-ն իր նիստում կսահմանի ՀՀ Նախագահի թեկնածուներին Հանրային ռադիոյից և Հանրային հեռուստատեսությունից անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգն ու ժամանակացույցը:
Թեկնածուները մինչև հունվարի 19-ը պետք է ԿԸՀ ներկայացնեն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագրերը, ինքնակենսագրությունները: Հայտարարագրերը ներկայացվելուց հետո` եռօրյա ժամկետում դրանք կտեղադրվեն ԿԸՀ  կայքէջում:

Նախագահի թեկնածուների կողմից նախընտրական ծրագրերը ԿԸՀ-ի սահմանած էլեկտրոնային ձևով ներկայացվելու դեպքում դրանք ևս կտեղադրվեն ԿԸՀ կայքում:

Նախընտրական քարոզարշավը պաշտոնապես կմեկնարկի հունվարի 21-ին և կտևի մինչև փետրվարի 16-ի ժամը 24-ը:
Փետրվարի 17-ը «լռության օր» է:

ՀՀ նախագահի ընտրությունների քվեարկությունը կիրականացվի փետրվարի 18-ին` ժամը 8-ից մինչև 20-ը:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 1061 անգամ:
Print Friendly

Leave a Reply