Ուժի մեջ է մտել ժամանակավորապես տրվող` անձը հաստատող փաստաթղթի տրամադրման կարգը

ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | | January 12, 2013 13:23

Հունվարի 7-ից ուժի մեջ է մտել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թ.-ի դեկտեմբերի 25-ի որոշմամբ նախատեսված անձնագիրը կորցնելու կամ փոխանակման ներկայացնելու դեպքում քաղաքացու ցանկությամբ ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթղթի տրամադրման կարգը և ձևը սահմանելու մասին կառավարության որոշումը:

Ըստ այդմ, մասնավորապես, անձնագիրը կորցնելու, ինչպես նաև փոխանակման ներկայացնելու դեպքերում, մինչև նոր անձնագրի տրամադրումը, ՀՀ տարածքում գտնվող քաղաքացուն, նրա ցանկությամբ, ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ տարածքային անձնագրային ծառայության կողմից տրվում է ժամանակավորապես տրվող` անձը հաստատող փաստաթուղթ:

Անձնագիրը կորցնելու դեպքում այն կարող է տրամադրվել նաև, երբ քաղաքացին անձնագիրը կորցնելու մասին հայտնել է ՀՀ ոստիկանությանը և, անկախ նոր անձնագիր ստանալու համար դիմում ներկայացնելու փաստից, ցանկություն է հայտնել ստանալ ժամանակավորապես տրվող` անձը հաստատող փաստաթուղթ:

Կալանավորված կամ ազատազրկման դատապարտված քաղաքացին ժամանակավորապես տրվող` անձը (ինքնությունը) հաստատող փաստաթուղթ ստանում է արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի վարչակազմի, իսկ հոգեբուժական հիվանդանոցում կամ հոգեբուժական օգնություն տրամադրող այլ հաստատությունում ստացիոնար բուժման մեջ գտնվող քաղաքացիները` նշված հաստատությունների վարչակազմի միջոցով:

Բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունեցող քաղաքացիները դիմում կարող են ներկայացնել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կամ տարածքային ցանկացած անձնագրային ծառայություն, որի դեպքում ժամանակավորապես տրվող` անձը հաստատող փաստաթղթում կատարվում է նշում հաշվառում չունենալու մասին:

Ժամանակավորապես տրվող` անձը հաստատող փաստաթուղթը տրամադրվում է մինչև նոր անձնագիրն ստանալու համար նախատեսված ժամկետով, իսկ կորցրած անձնագրի փոխարեն նոր անձնագիր ստանալու դիմում չներկայացնելու դեպքում` 15 օր վավերականության ժամկետով:

Հեղինակ: 
«Փաստինֆո»
Դիտվել է 836 անգամ:
Print Friendly

Leave a Reply