Պ.Հայրիկյանի համար անընդունելի է ընտրությունները բոյկոտելու կոչը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 11, 2013 17:56

Ընտրությունն ընտրություն չէ, և պետության մեջ բացակայում է ժողովրդավարությունը, եթե թեկնածուներից որևէ մեկը, մանավանդ՝ այդ պահին իշխանավորը, վաստակում է քառասուն տոկոսից ավելի ձայն: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ նախագահի ինքնաառաջադրված թեկնածու, «ԱԻՄ» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը՝ մեկնաբանելով քաղաքական գործիչների վարկանիշի վերաբերյալ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի ներկայացրած հարցման արդյունքները:

Թեկնածուն հավելեց, որ ընտրություններն առաջին փուլով ավարտվում են միայն բացառիկ՝ ազգային- ազատագրական կամ հետհեղափոխական փուլերում: «Մեկ փուլով՝ այն էլ՝ իշխանության ներկայացուցչի հաղթանակով նախագահական ընտրությունների ավարտվելու դեպքում Հայաստանը կընկալվի որպես քրեաօլիգարխիկ իշխանության երկիր, որտեղ չեն գործում եվրոպական արժեքները: Այնպես որ հարգելի Ադիբեկյանն իր հարցումների արդյունքները ուռճացնելով՝ արջի ծառայություն է մատուցում նախ մեր կիսաժողովրդավար հանրապետությանը, ապա և իշխանություններին»,- հայտարարեց Պարույր Հայրիկյանը:

Հարցվածների ամենաօպտիմալ թիվն, ըստ Պ.Հայրիկյանի, 2000-2500-ն է, մինչդեռ Ա.Ադիբեկյանն «անկեղծորեն խոստովանում է, որ հարցումն անց է կացրել շատ ավելի պակաս հարցվողների միջավայրում»: Պ. Հայրիկյանի համոզմամբ, ՀՀԿ-ին վերջին ընտրություններում ձայն տված քաղաքացիների միջավայրում հարցում անցկացնելու դեպքում միայն գործող նախագահ Սերժ Սարգսյանի վարկանիշը կլիներ 70, ավելի ստույգ՝ 73,17 տոկոս: «Եթե իշխանությանը տրվող տոկոսները հանում ենք, մնում է այնքան, որքան սովորական թեկնածուինը, որն առողջ է հանրության և Սերժ Սարգսյանի համար»,- ասաց նա:

Պարույր Հայրիկյանն ընդգծեց նաև, որ իր վերաբերյալ Ա.Ադիբեկյանի մատուցած տվյալները իրեն լիարժեքորեն գոհացնում են: Երկու շաբաթ առաջ սոցիոլոգն ասել էր, որ Պ.Հայրիկյանը «տոկոս չունի և որ Պ. Հայրիկյանի ձայներն անկանխատեսելի են», հետո ասել է, որ Հայրիկյանն ունի երեք տոկոս ձայն: «Երեք տոկոսի տարբերությունը 51-ից շատ ավելի քիչ է, քան 0-ի տարբերությունը 3-ից»,- տեսակետ հայտնեց քաղաքական գործիչը:

Անդրադառնալով ընտրությունները բոյկոտելու կոչին՝ Պ.Հայրիկյանը պահանջեց հարգալից վերաբերմունք դրսևորել «դիմացինի, նաև մրցակիցների նկատմամբ» և չանցնել բարեկրթության սահմանները:

«Փաստինֆո»

Դիտվել է 867 անգամ:
Print Friendly

Leave a Reply