«Եթե գիտության բյուջեն 5 անգամ էլ աճեր, բավարար չէր լինի»

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | January 11, 2013 16:03

2013-ին առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ իրականացվելու է գիտական սարքավորումների ձեռքբերման մրցույթ, ինչը շարունակական է լինելու: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը:

«Պետությունն այս տարվանից լուրջ գումարներ է նախատեսել գիտական  սարքավորումներ ձեռք բերելու համար, և դա արվելու է մրցույթի տեսքով:  Տարեկան նախատեսում ենք գնել 3-5 լաբորատորիա: Այս տարի մենք 5 կգնենք, հույս ունեմ, որ 2014-ին այդ թիվը կմեծանա»:

Շուտով կհայտարարվի նաև ինովացիոն ծրագրերի մրցույթը, որոնց թիվն այս տարի 17-ից կհասնի 20-ի, իսկ մասնավոր հատվածի ֆինանսավորման մասնաբաժինը 15 տոկոսից կհասնի 25 տոկոսի:

«Հույս ունեմ, որ այս տարի կընդունվեն «Գիտության մասին»  և «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին»  օրենքները, ինչը էապես կհեշտացնի գիտության ոլորտում գործունեությունը և կնպաստի զարգացմանը»,- ասում է Հարությունյանը:

Անդրադառնալով գիտության ծերացման խնդրին` Հարությունյանն ասում է, որ նման խնդիր ունի ոչ միայն ՀՀ-ն, այլ անգամ զարգացած երկրները, օրինակ` Իտալիան. « Բացատրությունն այն է, որ երկրները, որոնք ՀՆԱ-ի ավելի մեծ տոկոսն են ծախսում գիտության վրա, ավելի գրավիչ են  գիտնականների համար:  Գիտությունը բաց համակարգ է, առանձին վերցրած երկրում գիտությունը չի կարող զարգանալ, միջազգային շփումները շատ կարևոր են գիտության զարգացման համար: Ուստի  գիտնականների ազատ տեղաշարժի  մեջ վատ բան չեմ տեսնում: Այլ բան է, որ  Հայաստանում պետք է պայմաններ ստեղծենք, որ գիտնականները ոչ միայն գնան, այլ նաև վերադառնան»:

ԳՊԿ նախագահի խոսքով` գիտության ծերացման տեմպերը Հայաստանում մի փոքր ընկել են. մի շարք ինստիտուտներում աշխատակիցների զգալի մասը մինչև 35 տարեկան երիտասարդներ են: «Կորուստներ ունենք 35-45 տարեկան ինտերվալում: Միջին սերնդի խնդիր ունեն հետխորհրդային բոլոր երկրները: Սա լուծելի խնդիր է, բայց ժամանակ է պահանջում»:

Մշակվել է նաև  Գիտության երիտասարդացման ծրագիրը, որը շուտով կներկայացվի կառավարության հաստատմանը:

«Գիտության բյուջեի աճ կա, բայց բավարար չէ: Խնդիրները շատ -շատ են: Եթե անգամ 5 անգամ աճեր, էլի բավարար չէր լինի,- ասում է Հարությունյանը:-  ՀՀ գիտական հիմնարկների գործող սարքավորումների մեծ մասը և բարոյապես, և ամեն ինչով հնացել են: Ամբողջ գիտական սարքավորումների  վերազինման համար մոտ 200 մլն դոլար գումար է հարկավոր: Այնպես որ այս ֆոնին աճը շատ չէ, բայց որ կա, փաստ է»:

Գիտության 2013-ի բյուջեն մոտ 11,5 մլրդ դրամ է` նախորդ տարվա համեմատությամբ մոտ 13 տոկոսով ավելի: Սակայն ՀՆԱ-ի տոկոսային առումով դրական փոփոխություն չկա:

Դիտվել է 1120 անգամ:
Print Friendly

Leave a Reply