Ընտրագրավի վերաբերյալ հայցադիմումը վարույթ չի ընդունվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 11, 2013 13:12

ՀՀ վարչական դատարանը չի ընդունել 8մլն. դրամի ընտրագրավի գումարն անհաղթահարելի խոչընդոտ համարելու և նախագահական ընտրությունները հետաձգելու վերաբերյալ «Քաշաթաղ» ՀԿ նախագահ Ռոբերտ Սիմոնյանի հայցադիմումը: Իսկ ՀՀ Ազգային ժողովի դեմ նրա կողմից ներկայացված հայցադիմումը վերադարձվել է:

Նշենք, որ ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Ռ. Սիմոնյանը 2012թ. հունվարի 9-ին հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան` մի քանի պահանջներով:

Հայցադիմումով Ռ. Սիմոնյանը մասնավորապես խնդրել է անվավեր ճանաչել ՀՀ ԿԸ հանձնաժողովի նախագահի` 2013թ. հունվարի 8-ի N6-Ա որոշումը և 8մլն. դրամի գումարը համարել անհաղթահարելի խոչընդոտ, իսկ նախագահական ընտրությունները երկու շաբաթով հետաձգել:

Ընտրագրավի և ընտրությունները հետաձգելու մասով դատարանը հայցադիմումը մերժել է` հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ Սահմանադրության 100-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` Սահմանադրական դատարանն օրենքով սահմանված կարգով անհաղթահարելի կամ վերացած է ճանաչում ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջադրված խոչընդոտները, ինչը նշանակում է, որ խոչընդոտն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ գործի ենթակայությունը վերապահված է ՀՀ Սահմանադրական դատարանին: Իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Վարչական դատարանին ընդդատյա չեն ՀՀ Սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերը:

ՀՀ վարչական դատարանը, ուսումնասիրելով հայցադիմումը և կից ներկայացված փաստաթղթերը, գտել է, որ հայցադիմումը ՀՀ ԿԸՀ նախագահի` 2013թ. հունվարի 8-ի N6-Ա որոշումն անվավեր ճանաչելու մասով ներկայացվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ գլխով սահմանված պահանջներին համապատասխան և հայցադիմումն այդ մասով ընդունել է վարույթ:
Հայցադիմումի ընդունումը մերժելու և հայցադիմումը վերադարձնելու մասով որոշումը կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարան հայցվորի կողմից այն ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում։
«Փաստինֆո»

Դիտվել է 744 անգամ:
Print Friendly

Leave a Reply