ԳՊԿ նախագահ. 2012-ը գիտության ոլորտում հաջող տարի էր

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | January 11, 2013 14:48

«2012-ը գիտության ոլորտում բավականին հաջող տարի էր: Եղան նաև բացթողումներ, բայց ձեռքբերումներն անհամեմատ ավելի շատ են: Հույս ունենք, որ դա  նպաստավոր պայմաններ կստեղծի, որ 2013-ին ավելի շատ հաջողություններ ունենանք»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը` ամփոփելով 2012-ը:

Հարությունյանը  հատկապես կարևորում է, որ նախորդ տարի մշակվել ու կառավարությանն է ներկայացվել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքի  նոր նախագիծը. «Այս օրենքը բավականին հնացել է: Սկզբնական շրջանում մտադիր էինք լրամշակումներ կատարել: Բայց պարզվեց, որ լրամշակված բաժիններն այնքան շատ են, որ ստիպված օրենքի նոր նախագիծ մշակեցինք:  Օրենքի նախագիծը բուռն քննարկումների փուլ է անցել և 2013-ին էլ քննարկումները կշարունակվեն: Հույս ունեմ, որ կառավարության կողմից այս տարի կընդունվի և կներկայացվի ԱԺ»:

2012-ին մշակված  «Գիտական և գիտատեխնիկական փորձաքննության մասին» օրենքի նախագիծն էլ արդեն ԱԺ-ում է: ԳՊԿ նախագահն ասում է, որ օրենքի ընդունումը  հնարավորություն կտա ներդնել գիտական և գիտատեխնիկական ծրագրերի ու թեմաների ընտրության, ինչպես նաև  հաշվետվությունների գնահատման ժամանակակից եղանակ, կնպաստի գիտության և տեխնիկայի միջազգային մակարդակին համապատասխան զարգացմանը, նախագծերի ընտրությանն ու արդյունավետ իրականացմանը և ի վերջո գիտության ոլորտի ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը. «Նմանատիպ օրենքներ ընդունված են ԱՊՀ մի շարք երկրներում: Մեզ մոտ այս օրենքի ընդունումը համարում եմ հրատապ»:

2012-ին ընդունվեց նաև Հայագիտության ոլորտի զարգացման 2012-2015 թթ ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը: Կառավարությունն էլ որոշում ընդունեց «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ հիմնելու մասին»:

Ընդունվել է նաև գիտության ոլորտում երիտասարդ կադրերի ներգրավման ծրագիրը, որն, ըստ Հարությունյանի,  հնարավորություն կտա ներդնել գիտական և գիտամանկավարժական կադրերի պատրաստման ժամանակակից եղանակներ, կնպաստի գիտության ոլորտը երիտասարդ կադրերով համալրելու խնդրի լուծմանը:

Անցած տարի իրականացվել է 17 ինովացիոն ծրագրերի ֆինանսավորում, որից 10-ը «շատ լավ արդյունքներ են ցուցաբերել»:

Ամփոփվել  է նաև IRMAS հայ-ֆրանսիական լաբորատորիայի 2-ամյա գործունեությունը.  այդ ընթացքում բարձր վարկանիշ ունեցող գրախոսվող ամսագրերում տպագրվել է 45 աշխատանք, միջազգային գիտաժողովների 40 թեզիսներ: Համատեղ ասպիրանտուրայի ծրագրում ներգրավված են 6 ասպիրանտներ, որոնցից երկուսն արդեն պաշտպանել են իրենց ատենախոսությունները` ստանալով և հայկական և ֆրանսիական գիտական աստիճանի դիպլոմ:

2012-ին կնքվել է միջազգային համագործակցության հինգ  փաստաթուղթ: Հարությունյանը հատկապես կարևորում է Չինաստանի կրթության և տեխնոլոգիաների նախարարության հետ կնքած հուշագիրը գիտության և տոխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը խորացնելու մասին:  Տարածաշրջանում Չինաստանը միայն Հայաստանի հետ է նման հուշագիր ստորագրել, ինչը, ըստ Հարությունյանի,  վկայում է մեր գիտության գրավչության մասին:

«Հավանաբար այս տարվա նոյեմբերին կստորագրվի մեծ պայմանագիր և Չինաստանի հետ լուրջ աշխատելու ենք: Որպեսզի լրջության մակարդակը պատկերավոր լինի, ասեմ, որ Չինաստանը աշխարհի ամենաարագ զարգացող երկիրն է աշխարհում և իր ՀՆԱ-ով երրորդն է,- ասում է Հարությունյանը:- Գիտության վրա Չինաստանը ծախսում է ՀՆԱ-ի 1,2 տոկոսը կամ 150 մլրդ դոլար: Այնպես որ այդպիսի պետության հետ գիտության ոլորտում համագործակցության ծրագիրը մեծ հաջողություն եմ համարում»:

ԳՊԿ 2013-ի անելիքների մասին կարդացեք այստեղ

Դիտվել է 2657 անգամ:
Print Friendly

Leave a Reply