ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | January 11, 2013 12:58

Հունվարի 10-ին շարունակվեցին բրյուսելյան հանդիպումները: Առավոտյան ԱԺ պատվիրակությունը մեկնեց Եվրոպական խորհրդարան: Աշխատանքային նախաճաշի ժամանակ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ ԵԽ նախագահ Մարտին Շուլցի միջեւ արդյունավետ զրույց ծավալվեց:

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց հրավերի եւ ջերմ ընդունելության համար` արձանագրելով, որ վերջին տարիներին ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացման վերընթաց բնույթը վկայությունն է այն բանի, որ Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը փոխշահավետ է:

Երկուստեք կարեւորվեց խորհրդարանական համագործակցության շրջանակներում տեղի ունեցող քաղաքական երկխոսությունը: ԱԺ նախագահի գնահատմամբ` Հայաստանն ակտիվորեն մասնակցում է Արեւելյան գործընկերության բազմակողմ ձեւաչափով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին: Նա անդրադարձավ նաեւ Եվրանեսթի լիագումար նստաշրջանը 2014 թվականին Երեւանում անցկացնելու հարցին` գոհունակություն հայտնելով Եվրանեսթի Բյուրոյի մի շարք անդամների համաձայնության համար:

Քննարկվեց նաեւ Հայաստան-Եվրամիություն Ասոցացման համաձայնագրի վերաբերյալ բանակցությունները հնարավորինս շուտ ավարտին հասցնելու հարցը:

ԱԺ նախագահն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին` նշելով, որ հիմնահարցի խաղաղ կարգավորումը շարունակում է մնալ ՀՀ արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից մեկը: Նա տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողները, որպես առաջնահերթ քայլ, արդեն երկար ժամանակ է, ինչ փորձում են համաձայնություն ստանալ շփման գծից դիպուկահարների հետքաշման, հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ստեղծման հարցում:

«Վստահ եմ, որ տեղյակ եք, թե որ կողմն է արգելակում նման որոշումների ընդունումն ու իրագործումը: Վստահեցնում եմ Ձեզ, որ հայկական կողմը տարածաշրջանում խաղաղության, կայունության եւ անվտանգության ջատագովն է եւ իր քայլերը մշտապես կատարելու է միջազգային իրավունքի սկզբունքների շրջանակներում»,-ասաց Հովիկ Աբրահամյանը:

Միաժամանակ նա տեղեկացրեց, որ Բաքվից անընդհատ հնչում են ռազմատենչ հայտարարություններ ղարաբաղյան հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու վերաբերյալ, իսկ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար սադրանքներ են կազմակերպում Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում:

Հովիկ Աբրահամյանը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը կարեւորեց ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային տեսանկյունից: Նա նշեց, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել կառուցողական նախաձեռնություններով, հավատարիմ մնացել Ցյուրիխում ստորագրած արձանագրությունների ոգուն, այնինչ Թուրքիան շարունակում է առաջ քաշել արձանագրություններում բացակայող նախապայմաններ, որոնք ի սկզբանե անընդունելի են Հայաստանի համար այն պարզ պատճառով, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը որեւէ կապ չունի եւ չի էլ կարող ունենալ հայ-թուրքական հարաբերությունների բնականոնացման խնդրի հետ:

Հանդիպումից հետո ԱԺ նախագահը եւ Եվրախորհրդարանի նախագահը հանդես եկան համատեղ հայտարարությամբ: Արձանագրվեց, որ 2012 թվականը նշանավորվել է ՀՀ-ԵՄ համագործակցության բարձր մակարդակով, եւ կարեւորվեց այդ հարաբերությունների շարունակականությունը: Առկա է երկկողմ շահագրգռվածություն, որ Ասոցացման համաձայնագրի եւ Խոր համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման վերաբերյալ բանակցությունները ավարտական փուլին հասնեն 2013 թվականի ընթացքում: Սա բխում է քաղաքական օրակարգից` արտացոլելով Հայաստանի քաղաքացիների ցանկությունը: Կարեւորվեց այդ գործընթացի դրական ներգործությունը Հայաստանի տնտեսական զարգացման եւ ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ներքին բարեփոխումների վրա: Գոհունակությամբ նշվեց, որ Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ստորագրվեցին արտոնագրային ռեժիմի դյուրացման եւ հետընդունման պայմանագրերը: Հայաստանը հավատարիմ մնաց իր խոստմանը եւ ԵՄ քաղաքացիներին հնարավորություն տվեց Հայաստան մուտք գործել առանց վիզայի: ԱԺ նախագահը հույս հայտնեց, որ Եվրախորհրդարանը նույնպես շուտով կվավերացնի ՀՀ քաղաքացիների՝ Եվրամիության երկրներ մուտքի արտոնագրերի ռեժիմի դյուրացման պայմանագիրը, որը հետագայում ճանապարհ կհարթի այդ գործընթացի լիակատար ազատականացման համար:

Խոսվեց ՀՀ-ում փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների եւ դրա շուրջը ստեղծված քաղաքական մթնոլորտի մասին: ԱԺ նախագահը հավաստիացրեց, որ Հայաստանի իշխանությունները ունեն քաղաքական կամք` ազատ, արդար եւ եվրոպական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու համար:

Համատեղ հայտարարության մեջ անդրադարձ եղավ նաեւ ղարաբաղյան հակամարտությանը եւ տարածաշրջանում տիրող իրավիճակին:

Հովիկ Աբրահամյանը տեղեկացրեց նաեւ, որ ինքը հրավիրել է Եվրախորհրդարանի նախագահ պարոն Մարտին Շուլցին՝ այցելելու Հայաստան:

Հունվարի10-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց նաեւ Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի հետ:

ԱԺ նախագահը իր գոհունակությունը հայտնեց կրկին հանդիպելու հնարավորության համար` արձանագրելով, որ վերջին տարիներին Եվրամիության եւ Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների ակտիվ համագործակցությունն այն փաստի վկայությունն է, որ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց անցյալ տարվա հուլիսին Երեւան կատարած նրա այցելությունը, մասնավորապես Ազգային ժողովում ունեցած տպավորիչ ելույթը` նկատելով, որ այն մեծ ջերմությամբ ու հավանությամբ ընդունվեց ԱԺ պատգամավորների եւ, ընդհանրապես, հանրության կողմից:

ԱԺ նախագահը գոհունակությամբ նշեց, որ ԵՄ- ՀՀ համագործակցությունը մեծապես նպաստել է Հայաստանում քաղաքացիական հասարակության ձեւավորմանը, տնտեսության, պետական կառավարման հաստատությունների զարգացմանը: Նա հավաստիացրեց, որ Հայաստանը հաստատակամորեն շարունակելու է հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ կոնկրետ քայլերի մշակումն ու իրականացումը:

Հովիկ Աբրահամյանը միանգամայն ընդունելի համարեց Երեւանում հայտնած նրա այն միտքը, որ հնարավոր չէ Արեւելյան գործընկերությունից լիարժեք օգուտներ քաղել, եթե տարածաշրջանում շարունակաբար առկա է հակամարտության սպառնալիք եւ անկայունություն: Նա վստահեցրեց, որ Հայաստանի իշխանություններն ու հասարակությունը խորապես գիտակցում են այս խնդրի կարեւորությունը եւ պատրաստակամ են դիմակայելու հնարավոր բոլոր մարտահրավերներին, որ առկա են տարածաշրջանում:

«Մենք ողջունում ենք «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի կիրառումը եւ լայնամասշտաբ բարեփոխումների իրականացման փուլում ակնկալում ենք Եվրամիության լուրջ աջակցությունը»,- ասաց Հովիկ Աբրահամյանը:

Քննարկվեցին Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ կարգավորմանն ու Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ժամանակ անդրադարձ եղավ նաեւ Սիրիայում տիրող իրավիճակին: Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպուի խնդրանքով ԱԺ նախագահը պատմեց Հայաստանում ապաստանած հազարավոր սիրիահայ ընտանիքներին աջակցելու ՀՀ իշխանությունների եւ հասարակական կազմակերպությունների ջանքերի, նրանց հոգսերը թեթեւացնելուն ուղղված քայլերի մասին:

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը եւ պատվիրակության անդամները եղան Բրյուսելի Սուրբ Մարիամ Մագդաղենացի հայ առաքելական եկեղեցում, հանդիպեցին հոգեւոր հովիվ Տ. Զատիկ վարդապետ Ավետիքյանի հետ, այնուհետեւ ԱԺ նախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց եղեռնի զոհերի խաչքար-հուշարձանին:

Ավարտվեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնական այցը Բրյուսել եւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը նույն օրը` հունվարի 10-ին, վերադարձավ Երեւան:

Դիտվել է 1652 անգամ:
Print Friendly

Leave a Reply