Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) ընտրություններին պաշտպանելու է Ս.Սարգսյանի թեկնածությունը

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | January 11, 2013 12:45

Միացյալ ազատական ազգային կուսակցությունը (ՄԻԱԿ) վերլուծելով ու գնահատելով նախորդ հինգ տարիների իրողությունները, դրանցում հաշվի առնելով բազմաթիվ օբյեկտիվ գործոններ, ազդարարում է, որ տվյալ ժամանակահատվածում.

–         Հայաստանը կարողացել է դիմագրավել համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամին և չեզոքացնել մեր տնտեսության և հանրային կյանքի տարբեր բնագավառներում դրա ունեցած հետևանքները,

–         Մեր երկրի արտաքին քաղաքականությունը դարձել է նախաձեռնողական, հասկանալի և ընդունելի միջազգային հանրության ու որոշումներ կայացնող  քաղաքական կենտրոնների համար,

–         ԼՂ հիմնահարցում հայկական կողմի դիրքերն ավելի են ամրապնդվել, և հակամարտության կարգավորման մեր մոտեցումները, որոնք խարսխված են միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա, հետզհետե ավելի մեծ աջակցություն են գտնում միջազգային հանրության կողմից,

–         Էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի գործընթացում, Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակներում,

–         Սոցիալական քաղաքականությունը դարձել է առավել հասցեական և միտված հասարակության լայն խմբերի խնդիրների լուծմանը,

–         Կոռուպցիայի, անարդարությունների և հոռի երևութների դեմ պայքարը դարձել է ամբողջական և արդյունավետ,

–         Շոշափելի բեկում է գրանցվել մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտում և քաղաքացիական հասարակության կայացման ասպարեզում:

Այս ձեռքբերումների կողքին դեռևս առկա են խնդիրներ, որոնք պահանջում են հրատապ լուծումներ: Մի շարք ուղղություններով ձեռնարկվում են կոնկրետ քայլեր և գործողություններ, որոնք մոտ ապագայում կարող են նշանակալի արդյունքներ ապահովել:

2013թ. թիվ մեկ քաղաքական իրադարձությունը ՀՀ Նախագահի ընտրություններն են: ՄԻԱԿ-ի որոշումը այս քաղաքական իրադարձության առնչությամբ աներկբա է. մենք մեր  աջակցությունն ենք հայտնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին և 2013թ. փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններին պաշտպանելու ենք նրա թեկնածությունը: Այս որոշումն  ավելի քան հինգ տարիների համագործակցության արդյունք է:

Վստահ լինելով մեր թեկնածուի համոզիչ հաղթանակի մեջ, ակնկալում ենք և անելու ենք մեզնից կախված հնարավորը, որպեսզի առաջիկա հինգ տարիներին մեծ թափով շարունակվեն.

–         երկրորդ սերնդի բարեփոխումները, որոնց արդյունքները ուղղված կլինեն մարդկանց կյանքի որակի բարելավմանը և կայուն զարգացմանը,

–         քաղաքական սերնդափոխությունը և պետական կառավարման համակարգում նոր կադրերի ներգրավման գործընթացը,

–         դինամիկ աճի միտումները տնտեսության բնագավառում,

–         մեր երկրի դիրքերի ամրապնդումը ԼՂ կարգավորման գործընթացում, եվրոպական ինտեգրացիայի հետ կապված նախաձեռնություններում և հեղինակավոր միջազգային կազմակերպություններում,

–          մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի, ԱՄՆ-ի և ԵՄ երկրների հետ հարաբերությունների զարգացումը,

–         Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու դրա հետևանքների վերացմանն ուղղված արդյունավետ ջանքերը,

–         Համայն հայության ներուժի համախմբումն ու Հայրենիք-Սփյուռք գործակցության ամրապնդումը,

–         ժողովրդավարական բարեփոխումները և թիրախավորված պայքարը հասարակության հիմքերը խարխլող արատավոր երևույթների և կարծրատիպերի դեմ:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply