Շենգեն գոտի մեկնելու համար անձնագիրը չպետք է լինի 10 տարեկանից մեծ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | March 26, 2010 15:11

Ձախից` Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապեն

Ընթացիկ տարվա ապրիլի 5-ից ուժի մեջ կմտնի Եվրախորհրդարանի և Եվրոպական Խորհրդի Եվրոպական հանրության  վիզաների օրենսգրքում կատարված փոփոխությունները:

Շենգենյան գոտու Հայաստանում գտնվող Գերմանիայի Ֆրանսիայի, Լեհաստանի և Իտալիայի հյուպատոսները համատեղ այսօր մամուլի ասուլիս տվեցին պարզաբանելու նոր փոփոխությունները և դրանց կիրառման հնարավորությունները:

Հայաստանում Ֆրանսիայի հյուպատոս Ֆրեդերիկ Գրապենն ասաց, որ փոփոխությունների նպատակը  Եվրատարածքով տեղաշարժերի դյուրացումն է:

«Ուզում եմ շեշտել, որ բոլոր փոփոխությունները վերաբերվում են կարճաժամկետ, առաջին հերթին տուրիստական կամ ընտանեկան շրջագայությունների համար  տրամադրվող վիզաներին,- ասաց Գրապենը,- իսկ երկարաժամկետ վիզաների մասով ոչ մի փոփոխություն չկա, բացառությամբ մեկ կոնկրետ դեպքի, որի մասնավոր օրինակն այն է, որ եթե ուսանողը Ֆրանսիայում ուսանում է և պետք է մեկնի դասախոսություններ լսելու Գերմանիայում կամ Իտալիայում, նախկինում պետք է ունենար երկու տեսակի վիզա, իսկ այժմ մի տեսակի»:

Գլխավոր փոփոխություններից մեկն այն է, որ ՀՀ քաղաքացու անձնագրի ընդհանուր գործածության ժամկետը չպետք է գերազանցի տրման ամսաթվից սկսած տասը տարին, դիմելու պահին անձնագիրը պետք է ունենա առնվազն երկու ազատ էջ` նախատեսված մուտքի վիզայի համար և անձնագիրը պետք է վավերական լինի ճամփորդության նախատեսված ավարտից հետո առնվազն երեք ամսվա համար:

Գրապենն ասաց, որ շենգեն գոտում տեղաշարժվելու համար պահանջվող վիզաների մերժման պատճառն այն չէ, որ իրենք չեն ցանկանում, որպեսզի  ՀՀ քաղաքացիները ճանապարհորդեն:

«Մենք բոլորս էլ շատ ենք ուզում, որ հայ քաղաքացիները մեկնեն շենգեն գոտի ճանապարհորդելու, կամ ուսանողները սովորելու,- ասաց Գրապենը,- սակայն մենք նախանձախնդիր մոտեցում ենք ցուցաբերում վիզայի տրամադրման համար պահաջվող փաստաթղթերը հավաքագրելիս, որովհետև մենք չենք ցանկանում, որպեսզի, երբ քաղաքացին հատի շենգեն գոտու սահմանը, տվյալ երկրի սահմանապահ ծառայության աշխատակիցը զանգի և ասի, որ այսինչ կարգի փաստաթուղթը բացակայում է»:

Նոր փոփոխությունների համաձայն` հյուպատոսարանը պարտավորվում է գրավոր բացտրություն ներկայացնել քաղացացուն`պատճառաբանելով, թե ինչու է  մերժել նրան:

«Սա կատարված փոփոխություններից ընդամենը մեկ տարր է և միտված է բարձրացնել վիզայի տրամադրման ընթացակարգի թափանցիկությունը»,- ասաց Գրապենը:

Գրապենն ասում է, որ պահանջվող փաստաթղթերի կապակցված և ամբողջական լինելու դեպքում հնարավոր է, որ վիզան տրամադրվի ընդամենը երկու օրում, և դրանց երկարաձգումը կախված է միայն նրանից, թե երբ քաղաքացին կներակայացնի վիզայի տրամադրման անհարժեշտ փաստաթղթերը:

«Բացի դրանից, որ մենք բոլորս շենգեն գոտու հյուպատոսներ ենք, մենք նաև ներկայացնում ենք մեր սեփական երկրները, հետևաբար պահանջում ենք հարգել մեր երկրի ազգային կանոնակարգերը,- ասաց Գրապենը,- և հնարավոր է, որ շենգեն գոտու մեկ երկիր մեկնելու համար այդ երկրի հյուպատոսը պահանջի այնպիսի փաստթղթեր, որոնք չեն պահանջվի մեկ այլ երկիր մեկնելու համար»:

Փոփոխությունները վերաբերվում են ողջ աշխարհում սփռված շենգեն գոտու համար գործող հյուպատոսություններին:

Դիտվել է 2898 անգամ:
Print Friendly

Leave a Reply