Զեյթուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | January 15, 2013 15:08

Այս անգամ հայությանը դավեց նենգ Ֆրանսիան: Զինաթափելով հայկական զինված ուժերը` Ֆրանսիայի կառավարությունը Կիլիկիան հանձնեց թուրքերին: Զեյթունը վերստին հայաթափվեց 1922 թ., այս անգամ` ընդմիշտ: Գյուղաքաղաքը հիմա բնակեցված է թուրքերով և կոչվում է Սուլեյմանիե:

 Հայաստանում եղել են բնակավայրեր, որոնց բնակիչները աչքի են ընկել առանձնակի քաջությամբ, անպարտելի ոգով. Սասուն, Արցախ, Վան և իհարկե` Զեյթուն:

Զեյթունը կամ Ուլնիան գտնվում է Լեռնային Կիլիկիայի հյուսիս-արևելքում` Սիս մայրաքաղաքից հյուսիս, Մարաշի ու Հաճընի միջև` անմատչելի ժայռերով պատսպարված վայրում: Բնական անառիկ տեղանքը` Տավրոսի լեռնաշղթան, այստեղ խիստ կտրտված է, և քաղաքը պաշտպանված է հզոր ժայռերով ու խոր կիրճերով: Դրա շնորհիվ էլ Զեյթունը կոչվում է Կիլիկիայի գահ:

Զեյթունը հարուստ է բնական պաշարներով` բազմամետաղով, հանքային ջրերով: Բնությունն էլ շռայլ է գտնվել Լեռնային Կիլիկիայի այդ շրջանի նկատմամբ, որտեղ տիրում է բարեխառն, առողջարար կլիմա: Իսկ երկաթի ու բորակի առատ պաշարները զեյթունցուն հնարավորություն էին տալիս տեղում զենք կռելու և պայքարելու թշնամու դեմ:

Զեյթունում հայերը բնակություն են հաստատել վաղ ժամանակներից, երբ Տիգրան Բ Մեծը (մ.թ.ա. 95-55) Լեռնային Կիլիկիան գրավեց ու կցեց հայոց թագավորությանը: Կիլիկիայի հայկական թագավորության օրոք Զեյթունի շրջանն իր ամրակուռ բերդերով հայոց պետության պատվարներից էր համարվում: Դեռևս XI դարում Զեյթունի տարածքում հաստատված անեցի հայ գաղթականները բնակավայրը կոչեցին Անիձոր: Բնակավայրը հայտնի էր նաև Ուլն, Ուլնիա, Ավան անվանումներով:

1375 թ. հետո, երբ Կիլիկիայի հայկական թագավորությունը կործանվեց, Զեյթունը մնաց այն անառիկ հազվագյուտ շրջաններից, որոնք պայքարեցին ու պահպանեցին իրենց կիսանկախ գոյությունն ընդհուպ մինչև XX դարը: Դեռևս XV դարում` հայոց թագավորության անկումից մեկ դար անց, հայոց Հեթում իշխանի կինը` իշխանուհի Զարմանուհին, ամուսնու նահատակությունից հետո մի խումբ կտրիճներով ապաստանում է Զեյթունի շրջանում, պատերազմ մղում թուրքերի դեմ` իրեն հենարան դարձնելով Կապան բերդը:

XV-XVI դարերում Կիլիկիան ընկավ թուրքմենական ցեղերի տիրապետության տակ, իսկ XVI դարում` 1517 թ., այստեղ վերջնականապես հաստատվեց թուրքական տիրապետությունը:

Սակայն Լեռնային Կիլիկիայի հայությունը շարունակ պայքար էր մղում իր անկախության համար, և այդ պայքարը պտուղներ էր տալիս: Թուրքական սուլթան Մուրադ Դ դեռևս 1626 թ. ստիպված էր հատուկ ֆերմանով հաստատել Զեյթունի հայերի կիսանկախ և արտոնյալ վիճակը, որից հետո Բարձր դռան իշխանությունը Զեյթունում սոսկ անվանական բնույթ ուներ: Սկսած այդ ժամանակաշրջանից` Զեյթունը կառավարել են քաղաքի չորս հայկական իշխանական տները` Յաղուբյանները, Ենի-Թունյանները, Շավրոյանները և Սուրենյանները: Զեյթուն քաղաքն իր շրջակայքով այս իշխանական տների հայրենիքն էր (ժառանգական տիրույթը), և նրանք էին կառավարում համայնքը` փոխադարձ համաձայնությամբ: Անգամ քաղաքի փողոցները կոչվում էին հայ իշխանական տների անուններով: Գավառական հարցերը նույնպես քննարկվում և որոշվում էին իշխանական խորհրդում` Զեյթունի արքեպիսկոպոսի գլխավորությամբ:

Անցյալում Զեյթունը հայոց պատմության շատ փառահեղ էջեր է գրել: Մինչ XX դարը Զեյթունն ու զեյթունցին հայի համար ուժի ու անկախության խորհուրդն ունեին: Հիշենք թեկուզ Խրիմյան Հայրիկի հայտնի խոսքը թղթե շերեփի ու զեյթունցու սրի մասին:

Թուրք սուլթանները բազմիցս փորձել են վերացնել Զեյթունի անկախությունը, բայց ապարդյուն. միշտ արժանացել են հայերի դիմադրությանը: XVIII դարի կեսերից մինչև XX դարի սկիզբը Զեյթունը շուրջ 50 անգամ ապստամբել ու ճակատամարտ է տվել թուրքական բանակներին և գրեթե միշտ հաղթող է դուրս եկել: Մասնավորապես խոշոր բախումներ եղան 1780, 1808, 1819-1820, 1829-1830, 1835 թթ., սակայն Զեյթունը անսասան մնաց և թուրքական զորքերը միշտ ջախջախված հետ շպրտվեցին:

Առավել խոշոր պատերազմ բռնկվեց 1862 թ., երբ Մարաշի կուսակալ Ազիզ փաշան որոշեց խեղդել Զեյթունի անկախությունն ու հողին հավասարեցնել քաղաքը: Գարնանը թուրքերը 40.000 զորքով հարձակման անցան: Նրանց դեմ զեյթունցիները 7000 կռվող հանեցին, որոնք զինված էին հնաոճ հրացաններով միայն:

Ամռանը թուրքերը քանակական և զինական գերազանցության շնորհիվ գրավեցին Զեյթունի գավառի մի քանի գյուղեր: Հայերն ամրացան քաղաքում: Օգոստոսին թուրքերը վճռական գրոհի նետվեցին Զեյթունի վրա, սակայն հայերը, անցնելով շրջանաձև պաշտպանության, խելամիտ կերպով պաշտպանվում էին և հանդուգն հարձակումներով մեծ կորուստներ պատճառում թշնամուն: Ինքնապաշտպանական մարտերը ղեկավարում էին իշխաններ Մ.Յաղուբյանը և Ն.Սուրենյանը:

Չհաշտվելով պարտության մտքի հետ` թուրքերը Աշիր փաշայի հրամանատարությամբ ավելի մեծ` 150.000 բանակ հանեցին Զեյթունի դեմ: Զեյթունցիները Պոլսի հայոց պատրիարքի միջոցով դիմեցին Ֆրանսիայի կառավարությանը: Եվրոպական դիվանագիտության ճնշման արդյունքում թուրքական բանակը հետ քաշվեց` Զեյթունի ձորերում հազարավոր զոհեր տալով: Ֆրանսիացիները, ի հատուցումն իրենց ծառայությունների, հայերից պահանջում էին կաթոլիկություն ընդունել: Թուրքիան, վախենալով կաթոլիկության միջոցով ֆրանսիացիների աճող ազդեցությունից, տեղի տվեց:

1862 թ. Զեյթունի ապստամբությունը եզակի էր հայոց պատմության մեջ այն առումով, որ ի պաշտպանություն Զեյթունի` հուզումներ եղան Արևմտյան Հայաստանի մյուս հայկական քաղաքներում: Հայկական գաղթօջախներում շարունակ հանգանակություններ էին հավաքվում` պայքարող Զեյթունին օգնության հասնելու նպատակով: Զեյթունը դարձավ հայության պայքարի խորհրդանիշը:

Զեյթունն ապստամբեց նաև 1895-1896 թթ., երբ արյունարբու սուլթան Աբդուլ-Համիդ Բ որոշեց վերջնականապես ծնկի բերել Զեյթունը և բնաջնջել հայությանը: Զեյթունում են հավաքվում Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության գործիչներ, որոնք պիտի կազմակերպեին հայության դիմադրությունը: Ապստամբության ընդհանուր ղեկավար է ընտրվում Նազարեթ Չաուշ Նորաշխարհյանը: Ունենալով 6000 կռվող` հայերը հարձակողական մարտավարություն ընտրեցին: Անակնկալ հարձակումով հայկական զորքը գրավեց կառավարչատունը, գերեց թուրք պաշտոնյաներին, ապա` Զեյթունի զորանոցը և 700 թուրք ասկյարների, որոնք իրենց կյանքը փրկելու համար ստիպված էին անարգանքի սրի տակով անցնել: Հայերի ձեռքն ընկավ նաև հսկայական քանակությամբ զենք-զինամթերք:

Զեյթունը անհավասար մարտում հերոսաբար դիմադրում է և հետ մղում բազմապատիկ գերազանցող թշնամական ուժերը: Զեյթունցիները քաղաքում անկախության դրոշ են բարձրացնում, ընտրում ժամանակավոր կառավարություն: Թուրքական բանակում հաշվում էր ավելի քան 20.000 սպանված: Ի վերջո, եվրոպական դիվանագիտության` անգլիական, ֆրանսիական, իտալական և ռուսական դեսպանների միջամտության արդյունքում 1896 թ. հունվարին կնքվում է հաշտություն:

Հաշտության պայմանները ձեռնտու էին հայերին: Զեյթունի գավառում պիտի նշանակվեր եվրոպացի կառավարիչ, տեղական պաշտոնյաները պիտի լինեին հայերը, քաղաքում թուրքական զորք չէր տեղակայվելու: Ապստամբության ղեկավարները իրավունք էին ստանում պետության ծախսերով հեռանալու արտասահման, հայտարարվում էր համաներում, փախստականներն իրավունք էին ստանում վերադառնալու իրենց բնակավայրերը: Պայմանագրի կետերի կատարումը վերահսկելու համար եվրոպական պետությունները Մարաշում պիտի բացեին հյուպատոսություններ:

Այս ապստամբությունից հետո շուրջ 10 տարի Լեռնային Կիլիկիայում խաղաղություն էր տիրում: Վիճակը լարվեց 1909 թ. երիտթուրքերի կողմից կազմակերպված Ադանայի ջարդերի պատճառով, սակայն գործը ապստամբության չհասավ:

1915 թ. Զեյթունի գավառում սփռված 39 գյուղերում հայ բնակչության թիվը հասնում էր 40.000-ի: Հայերը միշտ բացարձակ մեծամասնություն են կազմել Զեյթունում, իսկ բուն քաղաքում բնակվում էին բացառապես հայեր: Ցեղասպանությունից առաջ Զեյթունում կային չորս գործող եկեղեցի, չորս վարժարան, նախակրթարան, օրիորդաց դպրոց:

1915 թ. հայոց արծվաբույնը` հպարտ Զեյթունը, առանց գնդակ իսկ արձակելու անձնատուր եղավ: Հավատալով երիտթուրքերի սին խոստումներին` զեյթունցիները տարագրվեցին և բնաջինջ եղան Դեր Զորի անապատներում:

1919 թ. 1500 վերապրած զեյթունցիներ, հավատալով ֆրանսիական կառավարության խոստումներին, վերադարձան հայրենի քաղաք: Թվում էր` կյանքն աստիճանաբար բնականոն հունի մեջ է մտնում: Բայց այս անգամ հայությանը դավեց նենգ Ֆրանսիան: Զինաթափելով հայկական զինված ուժերը` Ֆրանսիայի կառավարությունը Կիլիկիան հանձնեց թուրքերին: Զեյթունը վերստին հայաթափվեց 1922 թ., այս անգամ` ընդմիշտ: Գյուղաքաղաքը հիմա բնակեցված է թուրքերով և կոչվում է Սուլեյմանիե:

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 2698 անգամ:
Print Friendly

Leave a Reply