Ի՞նչ ընթացակարգով է կատարվում իրավաբանական անձի լուծարումը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | January 17, 2013 7:06

Իրավաբանական անձի գործունեությունը դադարում է դրա լուծարմամբ: Լուծարման դեպքում իրավահաջորդություն չի առաջանում: Այդ իսկ պատճառով էլ օրենսդիրը նախատեսել է իրավաբանական անձի լուծարման հատուկ գործընթաց, որն ապահովում է բոլոր պարտատերերի տեղեկացումը և պահանջների ներկայացումը իրավաբանական անձին:

Հիշյալ գործընթացը մանրամասն կարգավորում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 11-րդ գլուխը:

Եթե լուծարվող իրավաբանական անձի գույքը բավարար չէ բոլոր պարտատերերի պահանջները բավարարելու համար, այն կարող է լուծարվել միայն իրավաբանական անձին սնանկ ճանաչելու գործընթացով:

Իրավաբանական անձը կարող է լուծարվել` իր հիմնադիրների (մասնակիցների) կամ կանոնադրությամբ նախատեսված մարմնի որոշմամբ, ներառյալ նաև այն նպատակին հասնելու կապակցությամբ, որի համար այն ստեղծվել է, դատական կարգով` գրանցումն անվավեր ճանաչելու, առանց թույլտվության կամ օրենքով արգելված գործունեություն իրականացնելու, օրենքների կամ իրավական ակտերի բազմակի կամ կոպիտ խախտումների, հասարակական կազմակերպությունների կամ հիմնադրամների կողմից իրենց կանոնադրական նպատակներին հակասող գործունեությամբ զբաղվելու դեպքերում, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Իրավաբանական անձը լուծարվում է նաև սնանկության դեպքերում «Իրավաբանական անձանց անվճարունակության (սնանկության) մասին» օրենքով նախատեսված կարգով:

Իրավաբանական անձի լուծարման մասին որոշում ընդունած իրավաբանական անձի մարմինն այդ մասին պարտավոր է անհապաղ տեղեկացնել իրավաբանական անձանց գրանցող մարմնին (պետական ռեգիստր), որը իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում գրանցում է կատարում տվյալ իրավաբանական անձի լուծարման գործընթացում գտնվելու մասին:

Լուծարման մասին որոշում ընդունած մարմինը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և սահմանում է լուծարման կարգն ու ժամկետները: Այդ պահից հանձնաժողովին են անցնում իրավաբանական անձի գործերի կառավարման լիազորությունները:

Հանձնաժողովն իրավաբանական անձի պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հայտարարություն է զետեղում լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետների մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից` սկսած հրապարակման պահից: Հանձնաժողովը միջոցներ է ձեռնարկում պարտատերերին հայտնաբերելու և դեբիտորական պարտքերը ստանալու ուղղությամբ:

Պարտատերերի պահանջների ներկայացման ժամկետի ավարտից հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման միջանկյալ հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող իրավաբանական անձի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև դրանց քննարկման արդյունքների մասին: Այն հաստատում է լուծարման մասին որոշում ընդունած մարմինը:

Եթե լուծարվող իրավաբանական անձի դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի բոլոր պահանջները բավարարելու համար, հանձնաժողովը հրապարակային աճուրդով վաճառում է իրավաբանական անձի գույքը: Քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված է պարտատիրոջ պահանջների բավարարման հերթականությունը, ըստ որի` առաջին հերթին բավարարվում են գրավով ապահովված պահանջները, երկրորդ հերթին` կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի դիմաց ներկայացված պահանջները, երրորդ հերթին` աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի և հեղինակային պայմանագրով նախատեսված վարձատրությունը: Չորրորդ հերթին մարվում է բյուջե կատարվող վճարների պարտքը: Հինգերորդ հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ:

Լուծարման հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջների բավարարումը մերժելու կամ դրանց քննարկումից խուսափելու դեպքում մինչև իրավաբանական անձի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի հայց ներկայացնելու ընդդեմ լուծարման հանձնաժողովի:

Պահանջներ ներկայացնելու համար հանձնաժողովի սահմանած ժամկետը լրանալուց հետո ներկայացված պահանջները բավարարվում են այն գույքից, որը մնացել է ժամանակին ներկայացված պահանջները բավարարելուց հետո: Հանձնաժողովի մերժած պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են մարված:

Օրենքով սահմանված այս սկզբունքների չիմացության արդյունքում է, որ պարտատեր քաղաքացիները լուծարվող իրավաբանական անձին ժամանակին պահանջ չներկայացնելով կամ լուծարային հանձնաժողովի մերժումը դատական կարգով չվիճարկելով՝ զրկվում են բավարարում ստանալու հնարավորությունից:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 3013 անգամ:
Print Friendly

Leave a Reply