Մովսեսի երազած Հայաստանը դեռ յոթը սարի հետեվում է…

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | January 16, 2013 13:40

1990 թ. հունվարի 19-ին Երասխի բարձունքում զոհվեց ԱՄԿ, ԱԻՄ անդամ Մովսես Գորգիսյանը: Նրա մահվան  գույժը շամփրեց հունվարյան ցուրտ օրվա  շունչը, և ցուրտն ավելի սաստկացավ: Ցրտեցին  նաև  Ազատության հրապարակում խմբվածների հոգիները, և ազատության ու անկախության կրակն էլ ավելի թեժացավ:

«Սուգը հավերժ է, եթե  պայքար չկա»,- ասել է ազգային-ազատագրական գաղափարներ դավանող  Մովսես Գորգիսյանն ու դարձել այդ պայքարի առաջամարտիկներից: Այդ նրա նախաձեռնությամբ էր, որ 1989 թ. հոկտեմբերին կազմավորվեց «Անկախության բանակ» ջոկատը, որն ակամա դարձավ մյուս ջոկատների կազմավորման հիմնաքարը: Իսկ հայոց բանակը դեռ նոր պիտի կազմավորվեր: Մովսեսն էլ, ժողովուրդն էլ հասկացան, որ ամպագոռգոռ խոսքերով երկիր ու սահման չես պահի:

Նրա մարտական կենսագրությունը, կարելի է ասել, սկսվել է դեռևս դպրոցական տարիքից, հարստացել ու բյուրեղացել 1988-ի մեր աստեղային ժամին և հավերժության  ուղին բռնել Երասխի բարձունքում: Թեև Գորգիսյանների տոհմական բնօրրանը պատմական Սղերդն էր, իսկ Մովսեսի պապը՝ անվանի հայդուկապետ Սամվել (Սամի) Չավուշը` հայրենի բնակավայրի ինքնապաշտպանության կազմակերպիչներից ու բազում-բազում վճռորոշ մարտերի մասնակից, այնուհանդերձ, տոհմածառի արմատները զորացան միայն ու միայն մայր հայրենիքում, և Սամի Չավուշը մասնակցեց նաև Սարդարապատի ճակատամարտին:  Թուրք ենիչերների ձեռքից հարյուր հայ աղջիկ ազատած հերոս հայդուկապետն այսօր թաղված է Կարմիր բլուրում:

Իսկ երբ գաղթի ճանապարհները Մովսեսի ծնողներին հայրենիք են բերում, նրանք իրենց փափագած հայրենիքը հեռավոր Ալթայի աքսորավայրում են «գտնում»: Եվ միայն 50-ական թվականներին են հայրենիք վերադառնալու թույլտվություն ստանում: Հաստատվում են Երևանում, որտեղ և 1961 թ. դեկտեմբեիր 3-ին ծնվում է Մովսեսը:

Ցավոք, աքսորից վերադառնալուց հետո հայրը շատ կարճ վայելեց հայրենի հողում ազատ ապրելու բերկրանքը՝ մանուկ Մովսեսի հոգում թողնելով ազատ ու անկախ հայրենիքում տիրոջ իրավունքով ապրելու անկատար փափագը:

1980 թ. Մովսեսն ընդունվում է Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ռեժիսուրայի բաժին, բայց մինչ այդ՝ 1979 թ. փետրվարի 18-ին, Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ երդում տալով, դառնում է ԱՄԿ-ի երդվյալ անդամ, իսկ  1987-ից՝ ԱԻՄ հիմնադիր անդամ: 1987-1990 թթ. կարճ ժամանակահատվածում նա վեց անգամ մեկական ամսով ձերբակալվել ու մեկուսացվել է, ինչն էլ Մովսեսին ոչ միայն չի ընկճել, այլև խորհելու տեղիք  է տվել. «Եթե ինձ հետևում են, նշանակում է ինձնից սպասելիք ունեն»:

Ուսանողական տարիներին  մշտապես ՊԱԿ-ի ուշադրության կենտրոնում էր: Ավելին՝ նրան մեկուսացրին ֆակուլտետի կոմերիտմիության քարտուղարի պարտականությունից՝ քաջ գիտակցելով, որ դա նրա համար մարդկանց հեղափոխելու մեծ լսարան  կլինի, որ քարտուղար լինելը ոչ այնքան Մովսեսի երազանքն էր,  որքան մեծ զանգվածի հետ շփվելու հնարավորություն:  Նա նաև «Հրապարակայնություն» և «Հայրենիք» ամսագրերի խմբագիրն էր:

1988 թ. մայիսի 28-ին, 70-ամյա ընդմիջումից հետո, Երևանի Ազատության  հրապարակում Մովսեսն առաջինը  հանդգնեց ծածանել եռագույնը, թեև նրա այդ քայլը միանշանակ  չընդունվեց, ու շատերը, այդ թվում նաև «Ղարաբաղ» կոմիտեի որոշ անդամներ, մտավախություն արտահայտեցին, որ Մոսկվան կարող է դա վատ ընդունել: Ինչպես միանշանակ չընդունվեց նաև ՀՀՇ համագումարի դահլիճում հնչած նրա ըմբոստ ելույթը. «Մենք այնքան էինք ուզում, որ Հայոց համազգային շարժումը  որպես շարժում մնա, բայց, ցավոք, իմ ընկերներն այն վերածեցին  ՀՀՇ կազմակերպության»:

Եվ ոչ միայն: Երբ 1989-ի հոկտեմբերին ԱԻՄ-ում Մովսեսի նախաձեռնությամբ ձևավորվեց «Անկախության բանակը», ԱԻՄ-ի ներսում արդեն խժդժություններ կային, որոշ անձինք ցանկանում էին ԱԻՄ-ը բանակ դարձնել: Իսկ Մովսեսը սկզբունքորեն դեմ էր: Նույնիսկ հեռախոսով կապվեցին Հայրիկյանի հետ, որը դեռ Հայաստան չէր վերադարձել: Մովսեսը կարծում էր, որ ԱԻՄ-ը հասարակական-քաղաքական կազմակերպություն է և չպետք է  բանակ դառնա, բայց դա չի նշանակում,  որ բանակ, ջոկատ չպիտի ունենա: Բանակ, որն արդեն պատրաստ էր ռազմի դաշտ մեկնելու:

Բայց, ցավոք, կարճ ժամանակ անց` մարտական առաջին գործողության ընթացքում, Երասխավանի բարձունքին թիկունքից խոցվեց Մովսեսը: Նա կփրկվեր, եթե  չլիներ երկրորդ դավադիր գնդակը: Երասխի բարձունքում ընկավ ջոկատի միտքն ու խիղճը: Ընկավ հաղթանակած՝ բարձունքի վրա և բարձունքում՝ Ծիծեռնակաբերդում էլ թաղվեց, որտեղ էլ երդվել էր կյանքը նվիրաբերել հանուն հայրենիքի ազատության ու անկախության:

Թեև  Մովսեսը, ոչ իր մեղքով, երկար կռվել չհասցրեց, բայց մարդկային շատ հոգիներ ազատեց տասնամյակների բռնության շղթաներից: Նա իր առաքելությունը կատարեց մեր Հայրենիքի փոքրիկ հողակտորի վրա ու մնացածը թողեց այլոց ասելով. «Կեցցե այն Հայաստանը, որ վաղն է գալու»:  Ավա՜ղ, արդեն 22 տարի է, ինչ ապրում ենք  առանց  նրա ու նրա երազած Հայաստանի, բայց նաև նրա ներկայությամբ  ու հույսով, որ Մովսեսի ու նրա նմանների երազած Հայաստանն այդպես էլ չի մնա յոթ սարի հետևում…

Դիտվել է 2263 անգամ:
Print Friendly

Leave a Reply