Ճար կա, ճար անող չկա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 16, 2013 7:36

Բնությունը  չի հանդուրժում, երբ  մարդու կողմից անհարկի  միջամտությունը խախտում է ընդերքի «անդորրը»: Շատ հաճախ լոկալ  երկրաշարժերը, սողանքները, քարաթափումը,  որոնք  առաջանում են ճեղքվող  սարերի, բլուրների ու  կառուցվող  ճանապարհների  կամ  շենքերի  ոչ  մասնագիտական  նախնական  հետազոտման պատճառով, մարդկային  գործունեության  հետևանք են: Իսկ  Հայաստանը  հարուստ է երկրաշարժերով ու սողանքերով: Ավելի քան 3000 տարբեր  չափերի սողանքային  օջախներ  կան, որոնք  գտնվում են Ողջաբերդում, Հաղարծնում, Իջևանում, Դիլիջանում, Գոշում, Գնիշիկում, Օձունում, Արարատի շրջանում, Վեդիում, Եղեգնաձորում… Սողանքներն առավելապես  տարածված են  Դեբետ, Հրազդան, Աղստև, Որոտան, Ողջի, Ազատ և Արփա  գետերի ջրավազաններում: Եվ քանի որ սողանքերից  հիմնականում  տուժում են  բնակելի և արդյունաբերական կառույցները,  տրանսպորտային հաղորդակցուղիները, էներգատարներն ու հանքերը, հանրապետության սոցիալ-տնտեսական կառույցներին  հասցվող  վնասը կազմում է  տարեկան 10 մլն ԱՄՆ դոլարին  համարժեք  դրամ: Սողանքների  վիճակագրության  մեջ ներառվում են նաև  մարդկային  զոհերի ու  վիրավորների մասին  տվյալներ:

Երևանի տարածքը, որտեղ կենտրոնացած է Հայաստանի ազգաբնակչության  1/3-ը,   բնորոշվում է տեխնածին,  գեոդինամիկ (սողանք, փլուզում, քարաթափ և այլն) բազմաթիվ երևույթներով: Սա  հատկապես  վերաբերում է  Սարի թաղ, Նուբարաշեն, Վարդաշեն, Ջրաշեն, Էրեբունի  թաղամասերին, Մյասնիկյանի, Խաղաղ Դոնի, Խորենացու, Արցախի փողոցներին, քաղաքի  կենտրոնական, Մետրոպոլիտեն , թունաքիմիկատների  գերեզմանոցի, Սովետաշենի  գերեզմանոցի, Երևան-Մասիս շրջանցիկ ավտոճանապարհի , Հրազդանի, Գետառի և Ջրվեժի  գետահուների և բազմաթիվ այլ  տարածքներին:

Երկրաբանական  գիտությունների թեկնածու Ռոբերտ Յադոյանի հավաստմամբ` նախկինում սողանքների ուսումնասիրման  և կանխարգելման  համար պետությունը գումարներ էր տրամադրում, սակայն Հայաստանի անկախացումից ի վեր ուշադրությունը  նվազել է, իսկ  տրամադրված  չնչին  գումարներով դարդին  դարման  չես անի:

– Նախկինում սողանքները բետոնապատվում էին, որի ծանրությունից սողանքներն այնուհանդերձ փլուզվում  էին,  որոշ  ժամանակ անց կիրառվեց  դրենաժը, թեև դրա  արդյունավետությունը  նույնպես  երաշխավորված չէ և  բացի այդ, բավականին թանկ արժե: Այսօր արտասահմանյան  մի  շարք երկրներում  ճանապարհաշինության ու լանջերի ամրացման համար կիրառվում է նոր  մեթոդ: Ուսումնասիրելով այն` իմ  գործընկերների հետ մշակել եմ մի  նոր  բաղադրանյութ, որն ավելի արդյունավետ է: Դեռ մարտ ամսին նամակով դիմել եմ  Երևանի քաղաքապետին մայրաքաղաքի սողանքային  հատվածների փլուզումը  կանխարգելելու առաջարկով, սակայն առայսօր գործնական առաջարկ չեմ ստացել,- ասում է Ռոբերտ Յադոյանը:

Ըստ Ռ.Յադոյանի` սինթեզվել  և  մշակվել է  պոլիմեր-միներալային բաղադրանյութի (ՊՄԲ)` «Հույսիթի» ստացման  տեխնոլոգիան, որը  չափազանց դրական ազդեցություն ունի  հողային  համակարգի ագրոքիմիական,  կենսաբանական, ջրակլանիչ և  ջրապահպանման հատկությունների վրա:

Փորձարկումներով ապացուցված է, որ բաղադրանյութի  որոշ  մոդիֆիկացիաներ անփոխարինելի են հակասողանքային տարբեր  տեսակի ախտածին, երկրադինամիկական վտանգավոր երևույթների դեմ  պայքարում (սողանքեր,  ջրողողումներ, փլուզումներ,  լանջերի  և գետափերի ամրացում  և այլն), ինչպես  նաև  ջրապահպան էֆեկտիվ պատնեշների  կառուցման  ժամանակ: Մինչև 10%  ՊՄԲ-ի  և ավազային  խառնուրդի 10 սմ հաստություն ունեցող շերտը դառնում է  լրիվ ջրամերժ: Առաջարկվող  բաղադրանյութը, Երևանի  ջրամբարներում,  ջրահավաքներում, ջրատարներում  և այլ  հիդրոտեխնիկական  կառույցներում  տարածված  ֆիլտրացիոն երևույթների  կանխարգելումից  բացի,  լայն  կիրառություն  կարող է ունենալ ստորգետնյա  անցումներում, ավտոճանապարհներում, ջրատարներում,  մետրոպոլիտենի և թունելների  ջրթափանցման  վտանգավոր երևույթների դեմ  պայքարում,  այն առաջարկվում է նաև բարձրահարկ  շենքերի  և բոլոր  տեսակի կառույցների  հարթ  տանիքիների  և  նկուղների  ջրամեկուսացման համար:

– Մեր  կողմից բազմիցս  նշվել և զգուշացվել է, որ Երևանի  մետրոյի  կառուցման ժամանակ  ստորգետնյա ճնշումով ջրերի երեք  հորիզոնների  միացման  հետևանքով քաղաքի կենտրոնական  մասի («Երիտասարդական», «Զորավար Անդրանիկ», «Հանրապետության  հրապարակ» կայարաններ) փխրուն ապարների  լվացման արդյունքում լայնածավալ  տարածքների  դատարկություն է  առաջացել,  և սպասվում են անկանխատեսելի  նեգատիվ երևույթներ (նմանատիպ օրինակները բազմաթիվ են): Եթե  հիշում եք, այդ  կայարաններում ջուր էր լցվել, որի  վերացման  համար հրավիրեցին ֆրանսիացի, իտալացի մասնագետների: Ախր դրսից  եկածը երկու ամսում չի  հասկանա այն,  ինչը դու  կարող ես  հասկանալ: Դրսից  եկողը  պիտի  գա  ինձ  իմ  երկրաբանությունը  բացատրի՞: Հետո,  այդ դրսի  մասնագետները  նամակ էին  ուղարկել  մերոնց, թե եթե Յադոյանի  խումբը  կար, էլ  մեզ  ինչո՞ւ էիք կանչել: Ցավն այն է, որ այս    տեղանքերի  ծավալների  դատարկության և  դրա  վտանգավության ու  վնասների համար հետագայում թանկ ենք  վճարելու,- ասում է պարոն Յադոյանը:

Գիտնականի առաջարկած գեոտեքսիլ մեթոդով կառուցված  ճանապարհները երկար տարիներ  կարող են  դիմանալ անձրևաջրերին ու հեղեղներին: Ի  տարբերություն ներկայիս ճանապարհաշինության  մեջ օգտագործվող մետաղական ցանցերի, որոնք  կարճատև  կյանք ունեն, գաբիոնով կառուցված պատնեշներն ավելի ամուր ու  հուսալի են: Այս  մեթոդի («Հույսիտ», գեոցանցեր) կիրառմամբ կանխվել է Դիլիջան քաղաքի  կենտրոնական  հատվածին սպառնացող  փլուզումը:

 

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ

 

Դիտվել է 1776 անգամ:
Print Friendly

Leave a Reply