Լրագրող, որի հոդվածներն իսկական գիտական աշխատություններ էին

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | January 14, 2013 7:00

«Լրագրողի միտքն անընդհատ պետք է աշխատի. մի հոդվածը դեռ տպարանում` լրագրողը պետք է աշխատի հաջորդ հոդվածի վրա, իսկ մտքում ունենա ևս մեկը»,-ասում է վաստակավոր լրագրող, գրող, հրապարակախոս Մարգո Ղուկասյանը, որի լրագրողական գործունեությունն ընդգրկում է կես դարից ավելի:

1967-ից մինչև 2002 թ. Մարգո Ղուկասյանի անունը կապված է ժամանակի ամենանշանավոր ամսագրերից մեկի` «Գարունի» հետ, ամսագիր, որը նոր շունչ հաղորդեց խորհրդային լրագրությանը, և որի տպաքանակը 1989-ին հասավ 100 հազար օրինակի:

Մոտ 90 էջանոց ամսագրում լրագրողն իրեն լիարժեք էր զգում, քանի որ կարող էր ծավալուն և լավ հետաքննած նյութեր տալ: «Գարունում» Մարգո Ղուկասյանի առաջին հոդվածը 6 էջանոց էր՝ երկրաշարժերի մասին: «Համալսարանի սև շենքի բակում` 8 մետր խորության վրա, երկրաշարժերի կայան կար, որը գրանցում էր ողջ աշխարհի երկրաշարժերը: Երբ այդ մասին իմացա, շատ հետաքրքրեց: Գնացի կայան, ութ մետր աստիճաններով իջա, շատ խորհրդավոր էր…»,- հիշում է նա:

Սակայն 6 էջը «Գարունի» համար համարվում էր փոքր նյութ, ուստի հոդվածն այն տպավորությունը չթողեց, ինչ պետք էր, չնայած խմբագիրը՝ Վարդգես Պետրոսյանը, շատ գոհ էր: «Հասկացա, որ «Գարունում» ժուռնալիստի թևերը բացվում են: Եթե թեմա կար, ապա ինչքան շատ խորանայիր, այնքան լավ: Իմ ամենամեծ հոդվածը 75 էջանոց  է եղել:՝ Մատենադարանի ձեռագրերի մասին էր»:

Այո, «Գարունում» գոյություն ուներ թեմայի ընտրության ազատություն և անսահմանափակ ծավալով գրելու հնարավորություն, քանի որ թեման պետք է ամբողջությամբ բացվեր, չմնար ոչ մի հարց, ոչ մի անհասկանալի բան: «Այդ գիծը դրվեց հիմնադիր-խմբագիր Վարդգես Պետրոսյանի օրոք, և հաջորդ խմբագիրներն էլ դա շարունակեցին: Եվ մենք պրոբլեմատիկ թեմաների մասին շատ մանրամասն և վստահելի տեղեկություններ էինք հայտնում»:

Համեմատելով այսօրվա և իր ժամանակների ժուռնալիստիկան՝ Մարգո Ղուկասյանը նշում է, որ այսօր թեմայի մեջ չխորացած, չաշխատած հոդվածները գերակշռում են: Մինչդեռ ինքը, եթե գրում էր գյուղատնտեսության կամ բնապահպանության մասին, աշակերտի նման սկսում էր սովորել. կարդում էր ոլորտին վերաբերող գրքեր, նյութը յուրացնում, ապա հանդիպում ոլորտի մասնագետների հետ:

Չափազանց բարձր գնահատելով լրագրողի աշխատանքը` Մարգո Ղուկասյանն այն համեմատում է բժշկի մասնագիտության հետ. բժիշկը մարդու ֆիզիկական առողջության հետ գործ ունի, լրագրողը՝ հոգեկան:

Նշում է «Գարունում» տպագրած իր ամենահիշարժան հոդվածներից մեկը` «Եվ այգեգործն ասաց՝ հողը խռովել է մեզնից…» վերնագրով, որի վրա աշխատել է շուրջ 6 ամիս, եղել է Հայաստանի այն շրջաններում, որտեղ կային գործարաններ, և որոնք աղտոտում էին բնությունը. Արթիկում՝ քարհանքերի թափոններ, Հրազդանում՝ ցեմենտի փոշի, Ալավերդիում՝ Դեբեդի թունավորումներ և այլն և այլն: Գրել էր, որ օրինակ` Ալավերդիում օդն այնքան աղտոտված է, որ անձրևի ժամանակ կանանց կապրոնե զուգագուլպաները ծակվում են, կամ Դեբեդն այնքան կեղտոտ է, որ դրանով այգիները ոռոգելու դեպքում վնասակար նյութերն անցնում էին պտղի մեջ՝ թունավորելով մարդկանց: Գրել էր փաստերով, մասնագիտական հիմնավորումներով և այնպես, որ անգամ Կենտկոմն էր ցանկացել, որ այն տպագրվի առանց գրաքննության:

«Հոդվածը գլավլիտը նախապես պետք է կարդար և տպագրելու թույլտվություն տար: Սակայն մի քանի օր էր՝ պատասխան չկար: Վարդգես Պետրոսյանը բարկացավ, զանգեց Կենտկոմ, որտեղ Սուրեն Ավետիսյան անունով մի շատ խելացի ու հայրենասեր մարդ էր աշխատում, և ասաց, որ հոդվածն արդեն մի քանի օր է` չեն ուղարկում: Սուրեն Ավետիսյանն ասաց, որ հոդվածն իր սեղանին է, ինքը կարդացել է և թույլատրել, որ այն տպվի,- պատմում է Մարգո Ղուկասյանը,- երբ բնագրերը վերցրինք, համարյա բոլոր էջերի լուսանցքներին՝ վերևից ներքև կամ տողատակերին կարմիր գծեր էին քաշված, ինչը նշանակում էր՝ չի կարելի տպագրել: Սակայն նշումներն արված էին գլավլիտի կողմից, իսկ Սուրեն Ավետիսյանը կարգադրել էր, որ այն տպվի այնպես, ինչպես կա»:

Հոդվածն իսկական ռումբ էր… Մարգո Ղուկասյանը մինչ օրս պահել է դրա վերաբերյալ հայտնի մարդկանց, պաշտոնյաների, քաղաքացիների հայտնած կարծիքները: Անգամ մեկն ասել է, որ հոդվածը պատրաստի գիտական աշխատանք է, և հեղինակը կարող է պաշտպանել այն` ստանալով գիտական աստիճան:

Ահա այսպիսին էր խորհրդային ժուռնալիստիկան: Այսօրվա լրագրությունը, վաստակավոր լրագրողի կարծիքով, մեկ բառով կարելի է բնութագրել` մակերեսային: «Հիմա կարծեմ գործուղումներ չկան, ես մի անգամ հետաքրքրվեցի և զարմացա, որ լրագրողները մարզեր, հեռավոր գյուղեր չեն գնում: Ինչպե՞ս կարելի է երկրի դեմքը պարզել առանց գործուղումների, հո միայն Երևա՞նը չի»,- զարմանում է նա:

Որքան էլ գովասանքով ու հպարտությամբ հիշի խորհրդային տարիները, չի կարող չարձանագրել. «Սովետի ժամանակ իրավունք չկար էդքան բացահայտ թերությունները նշել: Շատ բաների մասին բարձրաձայն չէին խոսում, իսկ եթե խոսում էին, հաճախ չնկատելու էին տալիս»,- ասում է նա:

«Հին սերնդի մարդը», ինչպես ինքն է իրեն բնորոշում, այսօր էլ, ինչպես 50 տարի առաջ, աշխատում է իրեն հարազատ թուղթ ու գրչով, բայց դա ամենևին էլ չի նշանակում, որ անտարբեր է լրագրության նորօրյա նվաճումների նկատմամբ: Ընդհակառակը` զարմացած է ու հիացած հատկապես հանրային լրագրությամբ. «Զարմացա, երբ իմացա, որ վերջերս, օրինակ, անբարեխիղճ պաշտոնյաների ազատ արձակման պատճառ են դարձել ոչ թե լրագրողական նյութերը, այլ սովորական մարդիկ՝ սոցիալական կայքերի միջոցով»,- ասում է փորձառու լրագրողն ու իր գոհունակությունը հայտնում սերնդափոխության արդյունքում ծնված նոր ժուռնալիստիկայի կապակցությամբ,- հիմա, փառք Աստծո, կա ինտերնետ, որից ճիշտ է` ես չեմ օգտվում, բայց դա այնքան բան է անում, որ իմ աչքին շատ է բարձրացել…»:

 

 

Դիտվել է 3950 անգամ:
Print Friendly

Leave a Reply