ՆՈՐՍ. ՀԻՓ-ՀՈՓԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՒՆՉԸ

Հարցազրույց | | January 10, 2013 16:20

Ամանորյա տոների ընթացքում հանդիպեցինք Նորսին (իսկական անունը՝ Լևոն Սարգսյան): Մեր հերոսը մի քիչ երազկոտ է. սիրում է Երևանը, բայց կյանքի կեսն  անցկացրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների Յուտա նահանգում:

Հիմա 20 տարեկան է, ստեղծագործել սկսել է դեռ 2005-ից՝ Յուտայում, հիմա շարունակում է  Երևանում: Երգերը գրում է անգլերեն:

 ՄԻՆՉԵՎ  ԱՄՆ

Ծնվել-մեծացել է Երևանում: Մինչև 3-րդ դասարանը, սովորել է Հայրապետ Հայրապետյանի անվան լեզուների խորացված ուսուցմամբ  թիվ 78 դպրոցում: Ասում է, որ երևանյան հիշողություններն այնքան էլ թարմ չեն, թարմ է Յուտայում անցկացրած ժամանակը:

– Հորաքրոջս հրավերով մեկնեցի ԱՄՆ-ի Յուտա նահանգ, դա դեռ 2002 թվականն էր: Դպրոցական էի, անգլերենս շատ վատ էր, ոչ ոքի չէի ճանաչում: Պատկերացրեք՝ թողել էի երևանյան բակս՝ հարազատ ընկերներով, ու հեռացել մի տեղ, որտեղ ինձ ամեն ինչ խորթ էր թվում: Գիտես, լավ եմ հիշում առաջին դասս: Ուսուցիչը ներկայացրեց ինձ աշակերտներին՝ ասելով, թե թիմում նոր մարդ կա, նա եվրոպացի է (նրանք Հայաստանը համարում են Եվրոպա), անգլերենն էլ լավ չէ:

Լևոնն ասում է, որ դասերի հետ այնքան էլ հեշտ չի հաշտվել:

– Ուսուցիչը հետո ներկայացրեց դասերն անցնելու կարգը, որն ինձ համար մի տեսակ տարօրինակ էր. համարյա չէի հասկանում՝ ինչ էր խոսում: Բոլոր երեխաները շատ ակտիվ էին, ես մեջներից ամենապասիվն էի: Թերևս երևի մեղավորն անգլերենի թույլ, շատ թույլ իմացությունն էր:

Լևոնը հիշում է ամենամտերիմ ընկերոջը` ազգությամբ ճապոնացի Ջիմ Չոն Լիին: Պարզվում է՝ ճապոնացին էլ լավ անգլերեն չգիտեր ու լավ էր հասկանում հայ ընկերոջը:

– Ջիմն ինձ շատ օգնեց: Ծանոթացրեց բոլորի հետ: Իսկ երբ խմբակային դաս էր լինում, միշտ միասին էինք անցնում: Այսօր էլ թեկուզ Երևանում եմ, բայց կապս միշտ պահում եմ ընկերոջս հետ: Խոստացել էր ինձ Ճապոնիա հրավիրել, տեսնես մի օր կհրավիրի՞,- շարունակում է Լևոնը:

ԵՐԲ ԴԵՌ  ԼԵՎՈՆԸ ՆՈՐՍ ՉԷՐ...

Երևանում հին ընկերները դժվարությամբ են Լևոնին Նորս ասում: «Nors»-ը խոսակցական իսպաներենից թարգմանաբար մոտավորապես նշանակում է «հանգիստ», «սառը» կամ «դինջ»: Անունը տվել է մեքսիկացի ընկերներից մեկը: Նրանք չէին կարողանում արտասանել Լևոն անունը, այդ իսկ պատճառով կոչեցին Նորս:

Լևոնի հոբբին` երգը, կամաց-կամաց դարձավ ապրելակերպ ու մասնագիտություն: Ավելի հաճախ գրում ու իր գրածը ներկայացնում է հիփհոփ, ար ընդ բի, երբեմն էլ՝ դասական ժանրերում:

– Դեռ Յուտայում էի, մեքսիկական խմբի հետ էի սովորում: Հիշում եմ՝ ֆիլմ էին նկարում Ամերիկայում բնակվող քրեական աշխարհի անչափահասների մասին: Ինձ առաջարկեցին գրել ֆիլմի երաժշտությունը: «Սաունդթրեքը» պետք է համապատասխաներ ֆիմի ամբողջ սյուժեին: Ասում են՝ լավ ստացվեց: Ռեժիսորը շատ գոհ էր, համագործակցության որոշ եզրեր էլ կային, բայց կյանքն ինձ նորից բերեց Երևան,- ասում է Լևոնը,- շարունակում երգեր գրել, ձայնագրել: Երբեմն նաև ինձ հրավիրում են երգելու: Պարզապես մի բան չկարողացա փոխել. հիմնականում ստեղծագործություններս անգլերեն են: Բայց արդեն որոշել եմ մի քանի հայերեն երգ էլ ձայնագրել:

ՆՈՐՍԻ ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԵՆԵՖԻՍԸ

Լևոնն այսօր սովորում է Վ. Բրյուսովի անվ. լեզվաբանական ինստիտուտի օտար լեզուների ֆակուլտետում՝ անգլերեն և իսպաներեն լեզուների բաժնում: Ուսանողական կյանքից դժգոհ չէ, ասում է՝ աղջիկներ՝ ինչքան ուզես:

– Ես չընդունվեցի Բրյուսով  գեղեցիկ կամ լեփ-լեցուն աղջիկների համար: Անգլերենս լավ էր, ու ուզում էի ավելի խորացնել: Իսկ մեր ինստիտուտի աղջիկները ոնց որ քայլող գովազդներ լինեն, չնայած ինչքան էլ գովազդում են, տղաները շատ քիչ են,- ասում է Լևոնը:

– Արդեն հինգ տարի է, ինչ լուրջ զբաղվում եմ երգով: Ուզում եմ զարգացնել հիփ-հոփ-ը: Հայաստանում մաքուր անգլերեն երգողներ գրեթե չկան, եղածներն էլ բառերը չեն կարողանում ճիշտ իմաստավորել, երգում են առանց հասկանալու, իսկ հանդիսատեսը դա չի հասկանում, քանի որ լավ անգլերեն իմացողները շատ չեն,- ասում է Լևոնը:

Մեր այն հարցին, թե՝ ինչի՞ մասին են երգերը, երկար-բարակ մտածելուց հետո ասում է.

– Երևի ավելի շատ ստեղծագործություններս մեր ժամանակի մարդու մասին է՝ իր կյանքով, ապրումներով, հույզերով, սիրով: Օրինակ՝ այսպիսի տող կա երգերիցս մեկի մեջ. «Պետք չէ ուրիշին քեզնից բարձր դասել. գնահատել ինքնությունը»:

ՆՈՐՍՆ ՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ՇՈՈՒԲԻԶՆԵՍԸ  

ԱՄՆ-ի Յուտա նահանգից վերադառնալուց հետո Նորսը՝ Լևոնը, գրեթե չէր լսում հայկական երաժշտություն: Հարազատ էին դարձել հիփ-հոփ ոճում Բիգգի, Ռեդմենի, իսկ ար ընդ բի ոճում` Քրիս Բրաունի երգերը:

– Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչների երգերն ինձ այնքան էլ ծանոթ չէին: Դեռ փոքրուց սիրում էի Զարուհի Բաբայանի, Թաթայի երգերը: Ամերիկայից վերադառնալուց հետո լսեցի Լիլիթ Հովհաննիսյանի, Ռազմիկ Ամյանի, Միշոյի երգերը:

«Անկախի» այն հարցին, թե՝ հայկական շոու բիզնեսում կա՞ն անհատներ, որոնք կարող են համաշխարհային ճանաչում ունենալ, նշում է.

– Բայց կա՞ն: Եթե ասեմ չկան, երևի շատ վիրավորական կլինի: Երևի կառանձնացնեմ Սիրուշոյին, որը բավական ակտիվ համերգներով շրջագայությունների է լինում աշխարհում՝ Ամերիկայում, եվրոպական մի շարք երկրներում: Հետո չմոռանանք, որ նրան հանրաճանաչություն բերեց հեղինակավոր «Եվրատեսիլ» մրցույթը, որտեղ արժանացավ բարձր գնահատականի:

ՆՈՐՍԻ ԱՅՍՕՐՆ ՈՒ ՎԱՂԸ

– Այսօր միտք ունեմ աշխատել ձայնասկավառակի ու մի քանի տեսահոլովակների վրա: Ձայնասկավառակներս կարծում եմ՝ տեղ կգտնեն ամերիկյան և ռուսաստանյան շուկաներում: Հայաստանում դրանք հավանաբար քիչ վաճառվեն, քանի որ ես դեռ հայերի համար պատրաստ չեմ. դեռ չեմ կարող մելամաղձոտ «տոնով» և հայերեն երգել սիրո մասին, բայց ավելի ռոմանտիկ բառեր  ու արտահայտություններ կարող եք գտնել անգլերենով գրած երգերիս մեջ,- ասում է Լևոնը:

Նորսն արդեն շուրջ 30 երգի հեղինակ է: Խոսքն ու երաժշտությունն ինքն է գրում:

– Այս ընթացքում հասցրել եմ նաև աշակերտներ էլ ունենալ: Նրանց համար բառեր եմ գրում, սովորեցնում եմ ճիշտ շարադրել մտքերը: Ասեմ, որ Միացյալ Թագավորությունից համագործակցության հրավեր ունեմ, շփումը շատ ավելի բարդ է, բայց կարծում եմ՝ գործերը հաջող կընթանան:

Հարցազրույցը` Միքայել ԱՀԱՐՈՆՅԱՆԻ

Դիտվել է 3828 անգամ:
Print Friendly

Leave a Reply