Թվացյալ գրավիչ բարքերին ձգտողները. Երբ նրանց համար Հայաստանում ապրելը դադարում է գրավիչ լինելուց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | January 15, 2013 7:14

Արտահոսքերի հստակ վիճակագրության բացակայության պատճառով, վերջին տարիներն լուրջ ուսումնասիրություններ չեն իրականացվել միգրացիոն տեղաշարժերի  ոլորտում: Սակայն հարցն այն է, որ հանրության շրջանում և ԶԼՄ-ներով հաճախակի են կարծիքներ շրջանառվում, թե  Հայաստանում զանգվածային արտագաղթի միտում կա: Մինչդեռ զուտ ուղևորահոսքերը դեռևս միգրացիոն հոսքեր չեն: Քաղաքացիները տարբեր նպատակներով են ուղևորություն կատարում, և ինչպես հարկ է համարում նշել ՀՀ ՏԿՆ միգրացիոն գործակալության ծառայության պետ Գագիկ Եգանյանը, միգրանտը համարվում է բնակության վայրը մշտապես փոխող անձը: «Շատերն ուղևորահոսքերի թվերի  հիման վրա միգրացիոն թվեր են ներկայացնում և գրավիչ ու ցցուն վերնագրերով նշում, թե իբր այսքան մարդ լքեց Հայաստանը և այլն: Դժվար է բացահայտել, թե նրանցից ովքեր են մեկնում անվերադարձ: Ուղևորահոսքերը պայմանավորված են սեզոնային գործոններով և ցուցանիշները գարնան տվյալներով սովորաբար բացասական են լինում:  Յուրաքանչյուր միգրանտ ուղևոր է, սակայն ամեն ուղևոր միգրանտ չէ»,- ասում է Գագիկ Եգանյանը:

Անկախությունից ի վեր տարբեր ժամանակաշրջաններում արտագաղթի հոսքերը եղել են տարբեր ինտենսիվությամբ և տարբեր ծավալներով: Զանգվածային արտահոսքի տարիները եղել են 92-94 թվականները, երբ Հայաստանը միգրացիայի հետևանքով ունեցավ բնակչության թվաքանակի մոտ 600 հազար կորուստ: Երկրորդ փուլում` 94-2001 թթ., Հայաստանից արտագաղթեց  մոտ 250 հազար մարդ: 2002-2007 թթ. այդ թիվը փոքր ինչ նվազեց` հասնելով 150 հազարի:

Այդ տարիներից սկսած` այլևս հետազոտություններ չեն իրականացվել, բացառությամբ եվրոպական կրթական հիմնադրամի կողմից 2011-2012 թթ. իրավիճակն ամփոփող «Միգրացիան և հմտությունները» ծրագրի ազգային զեկույցի: Վերջինիս համաձայն` առայժմ հիմքեր չկան կարծելու, որ վերջին  տարիներին իրավիճակը որակապես փոխվել է: Օրինակ` 2010 թ. համաձայն` արտագաղթածների մասնաբաժինը բնակչության մեջ կազմել է  28,2 տոկոս, իսկ ընդունող երկրները շարունակում են մնալ ՌԴ-ն, ԱՄՆ-ն, Ուկրաինան, Վրաստանը, Գերմանիան, Ֆրանսիան և Հունաստանը:

Երկրի տնտեսական դժվարությունները և աշխատաշուկայում եղած անհավասարակշռությունը շարունակում են միգրացիոն հոսքերի և վերադարձողների թվաքանակի նվազման պատճառ հանդիսանալ: Պոտենցիալ միգրանտներն այսօր 18-50 տարեկան անձինք են, իսկ արտագաղթողների մասին մտածողների խմբում չամուսնացածների թիվն ավելի շատ է, քան ամուսնացածներինը: Երեխա ունեցողները ավելի քիչ են  հակված երկիրը լքելու մտքին, քան չունեցողները: Ուշագրավ է նաև, որ մասնագիտական հմտություններ ունեցող մարդիկ այսօր ավելի շատ են հակված արտերկիր տեղափոխվելու մտքին, քան միջին մակարդակի մասնագետները:

Միգրանտների զբաղվածության հիմնական տեսակը` 70 տոկոսը, աշխատավարձով աշխատանքն է, դրան հաջորդում է ինքնազբաղվածությունը`  12 տոկոս և պատահական աշխատանքը` 14 տոկոս: Եվ  օտար երկրում աշխատելու հիմնական ոլորտները շարունակում են մնալ բնակարանների սպասարկման ծառայություները, շինարարության և տրանսպորտային ոլորտները:

«Այն պնդումները, թե արտագաղթի մեծ  ալիք է սկսվել, կամ դա  զանգվածային չափերի է հասել, ճիշտ չէ: Պետք է նախ պարզել, թե ինչ աղբյուրներից են այդ լուրերը: Այդպիսի գնահատականներ տալուց առաջ պետք է փաստերի վրա հիմնվել»,- ասում է Գագիկ Եգանյանը:

Արտագաղթի արդյունքում, բնականաբար, նվազում է ծնելիությունն ու ամուսնությունների թիվը, բացի այդ, բազմաթիվ ընտանիքների համերաշխությունն ու հարաբերություններն են խաթարվում: Սակայն պետք է փաստել նաև, որ միգրացիայի միջոցով հնարավոր է դառնում մի շարք ընտանիքների գոյատևումը:

«Հայաստանում մնալու պարագայում նրանցից շատերը պարզապես  կզրկվեին կենսապայմաններից, իսկ շատ երիտասարդ կադրեր հնարավորություն չէին ունենա մեծացնելու իրենց կարողությունները և մրցունակությունը աշխատաշուկայում: Միգրանտները, գտնվելով ընդունող հասարակությունների մեջ, նոր գիտելիքներ և մշակութային արժեքներ են յուրացնում և վերադարձից հետո կիրառում  դրանք Հայաստանում»,- ասում է  միգրացիոն գործակալության ծառայության պետը:

Միգրացիոն հոսքերի շրջանակներում Հայաստան են փոխանցվում նաև մեծաքանակ տրանսֆերտներ: Վերջին 5 տարիների ընթացքում դրանց ծավալը միջինը մոտ 15 հազար անգամ գերազանցել է պետական տրանսֆերտների ծավալը: Բացի այդ, 2004-2006 թթ. ավելի քան  40, իսկ 2007 թ. ավելի քան  85 անգամ գերազանցել է պետական մակարդակի այլ ֆինանսական աջակցությունների չափը: Բնակչության մեկ շնչի հաշվով ՄԴՓ-ի(միգրանտների դրաման փոխանցումներ) ցուցանիշով Հայաստանը 2,5-3 անգամ գերազանցում է  աշխարհի միգրանտների դրամական փոխանցումներ ստացող հինգ երկրներին: Ըստ վերջին հետազոտության` տարեցտարի էապես փոխվել է ՄԴՓ-ների պատկերը: Եթե 2010 թ. այդ ցուցանիշը կազմել է 996 հազար, ապա 2011-ին, դրամական փոխանցումների թիվը  հասել է  1 մլն 254 հազար դրամի:

 Բազմաթիվ միգրանտներ լքում են Հայաստանը` հույս ունենալով արտերկրում գտնել  առավել բարձր վարձատրվող աշխատանք և բարելավել կենսապայմանները, ինչը թերևս շատ քչերին է հաջողվում  ապաստանի օրինական կարգավիճակ չունենալու պատճառով: Ինչպես բացատրեց Գագիկ Եգանյանը, որևէ երկիր մուտք գործելու համար անհրաժեշտ է  ունենալ մուտքի արտոնագիր` վիզա, որն ամենևին էլ բնակության արտոնություն չի տալիս միգրանտին, և ժամկետը լրանալուց հետո նա պարտավորվում է լքել երկրի տարածքը: «Մարդիկ չեն պատկերացնում, որ ապաստանի կարգավիճակն արտերկրում այնքան էլ դյուրին հարց չէ: Նրանցից շատ քչերին է  հաջողվում բացառիկ կարգով ապաստան հայցել: Այն ստանալու համար միգրանտները պետք է փաստեր ներկայացնեն այն մասին, որ քաղաքական համոզմունքների համար Հայաստանում ենթարկվում են ծանր հալածանքների կամ սոցիալական փոքրամասնություն են և այլն: 90-ական թթ. եվրոպական երկրները գուցե քաջատեղյակ չէին Հայաստանի իրականությանը, սակայն այժմ իրազեկ են, և այդ փաստարկները նրանց համար հիմք չեն միգրանտին ապաստանի կարգավիճակ շնորհելու համար: Որպես կանոն, հայ միգրանտների բացարձակ մեծամասնությունը մերժվում է ապաստանի կարգավիճակ ստանալուց: Մերժման այդ գործընթացը կարող է նույնիսկ մի տարի տևելՇատերի մեջ տպավորություն է  ստեղծվում, որ երկար տարիներ տվյալ երկրում հաստատվելուց նրանց շնորհվում է հաստատվելու օրինական կարգավիճակ: Եղել են դեպքեր, երբ նույնիսկ 9-ամյա բնակությունից հետո հայերը վերադարձել են ապաստան չգտնելու պատճառով»:

Իսկ ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի  միգրացիոն ծրագրերի համակարգող Օվսաննա Բաբայանի տեղեկացմամբ` մեկնելուց հետո ոչ բոլորի նպատակներն են իրականացվում, կամ արդյունքները` գոհացուցիչ լինում: «Նրանցից շատերը նույնիսկ ծանր հիասթափություն են ապրում նպատակային երկրում հաստատվելուց հետո, քանի որ չեն արդարացվում նրանց ակնկալիքները: Մեզ բոլորիս շատ է խանգարում ծայրահեղ զգացմունքային  վերաբերմունքը արտագաղթի վերաբերյալ, քանի որ մեր երկրի նպատակը չպետք է լինի միայն միգրացիոն հոսքերի կանխարգելումը, քանի որ ցանկացած մարդ ունի ազատ տեղաշարժվելու իրավունք: Ուստի ընդունող երկրներում պետք է մեծացնենք նրանց իրավունքների պաշտպանությունը»,- ասում է տիկին Օվսաննան:

Օրինական կարգավիճակ չունենալու պատճառով միգրանտները չեն կարողանում նաև աշխատանք ձեռք բերել տվյալ երկրում, ինչը ևս տվյալ երկիրը լքելու և վերադարձի լուրջ պատճառ է: Այս երևույթը թերևս համարվում է  անկանոն  միգրացիա: Ինչպես իր մտավախությունը հայտնեց Միգրացիոն գործակալության ծառայության պետ Գ. Եգանյանը, անկանոն միգրանտն այդ պատճառով էլ միշտ ռիսկային գոտում է և խոցելի` շահագործման թիրախ դառնալու տեսանկյունից:

«Հայաստանից այդ երևույթը ծնունդ է առնում ոչ անլեգալ տեսքով: Տվյալ երկիր քաղաքացին մեկնում է որպես իր անձնագրում մուտքի արտոնագիր ունեցող  միջազգային ուղևոր: Սակայն, երբ հետագայում տվյալ երկրում գտնվելու ժամկետը ավարտվում է, նա դառնում է անկանոն ուղևոր: Միգրացիոն արտագաղթի ծավալները որքան էլ մեզ մտահոգում են, հնարավոր չէ որևէ ծրագրի միջոցով այդ հարցը լուծել: Նախ և առաջ պետք է արտագաղթը առաջացնող գործոնները նվազեցնել, մասնավորապես` ստեղծել բարձր վարձատրվող աշխատատեղեր, բարելավել տնտեսական իրավիճակը, բարոյահոգեբանական մթնոլորտը, մեծացնել ներդրումների գրավչությունը: Դա բազմաոլորտային համալիր ծրագիր է, որին միտված է  կառավարության ողջ գործունեությունը: Այլ հարց է  թրաֆիքինգի և անկանոն միգրացիայի դեմ պայքարը, որին ուղղված արդեն հստակ ծրագիր կա` սկսած մարդկանց իրազեկության բարձրացումից մինչև երևույթի քրեականացումը»,- նշեց Գագիկ Եգանյանը:

Ի դեպ, օրեր առաջ տեղեկացանք, որ տարիներ առաջ հայրենիքը լքած երկու հայ միգրանտ է վերադառնում հերթական չվերթով: Նրանց հանդիպեցինք օդանավակայանում` պարզելու վերադարձի պատճառները: Հասկացանք, որ մայր ու որդի են, Բելգիայում երկարատև կացությունից հետո հայրենիք են վերադառնում: Եկել էին այստեղ մշտապես հաստատվելու ակնկալիքով: Զգացինք միայն, որ խիստ հիասթափված էին թվացյալ գրավիչ օտար բարքերից, և նկատեցինք, թե ինչպես խորը հոգոցով  և կարոտը սրտներում առաջացան դիմավորելու իրենց  մերձավորներին:

Լ.Ն

Դիտվել է 1776 անգամ:
Print Friendly

Leave a Reply