Միջազգային քաղաքականության 2013 թվականը

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | January 11, 2013 7:08

Ավարտվեց 2012 թվականը, սակայն աշխարհի տարբեր կետերում առկա հակամարտությունները կարծես սահուն տեղափոխվեցին 2013 թվական: Դեռևս աշխարհի համար շարունակում են թեժ կետեր մնալ Հյուսիսային Աֆրիկայի, մերձավորարևելյան տարածաշրջանները: Անդրադառնանք 2013 թվական տեղափոխվող հակամարտություններին:

 Սիրիան դեռ ամենաթեժ տարածաշրջանն է

Աշխարհի ամենաթեժ օջախը, ինչպես անցնող ամբողջ տարվա ընթացքում, շարունակում է մնալ Սիրիան: Սիրիական ճգնաժամն այդպես էլ անցնող տարում չգտավ իր հանգուցալուծումը: Վերջին իրադարձությունները, որ եղան սիրիական խնդրում` ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի հատուկ պատվիրակ Լահդար Բրահիմիի այցելությունն էր Սիրիա և հանդիպումը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ: Այս հանդիպումից հետո Ասադը հայտարարեց, թե Դամասկոսը շահագրգռված է ցանկացած  քայլի հաջողությամբ, որը սիրիացի ժողովրդի շահից է բխում, նաև ինքնիշխանության պահպանման նպատակ ունի: Սա նշանակում էր, որ Ասադն ամենևին էլ մտադիր չէ զիջումների գնալ, առավել ևս, եթե այդ զիջումները պարտադրված լինեն արտաքին աշխարհից:

Այս առումով հատկանշական էր մեկ այլ հանգամանք. Արևմուտքի «անկախ» լրատվամիջոցներն արդեն սկսել են տեղեկատվական արշավը, ըստ որի` Սիրիայի կառավարական ուժերը գազ են օգտագործում ապստամբների դեմ: Սա կարևոր է, քանի որ ՆԱՏՕ-ն հայտարարել է, թե խաղաղապահ ուժեր կմտցնի Սիրիա, եթե հանկարծ Ասադի վարչակարգը որոշի քիմիական զենք կիրառել ապստամբ գրոհայինների դեմ: Եվ լրատվամիջոցների այս քարոզարշավը, ըստ էության, հենց հող է նախապատրաստում` արդարացնելու խաղաղապահ ուժերի մուտքը Սիրիա: Հավանաբար Արևմուտքն արդեն համոզվել է, որ առանց ռազմական միջամտության հնարավոր չէ Սիրիայում փոխել համեմատական` «ծանր կայուն» վիճակը:

Սրան ի պատասխան` Ռուսաստանի արտգործնախարար Լավրովը հայտարարեց, թե ինքը բացառում է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը քիմիական զենք կկիրառի: Սա էլ հավասարազոր է պատասխան մեսիջի, թե Ռուսաստանը աչք չի փակի ՆԱՏՕ-ի «մտահոգությունների» վրա:

Արդեն 2013 թվականի մեկնարկին` հունվարի 6-ին, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, վերջին 7 ամսվա մեջ առաջին անգամ,  հանդես եկավ ելույթ-ուղերձով: Ասադի խոսքով Սիրիան խոշորածավալ պատերազմ է վարում արտասահմանցի ահաբեկիչների դեմ, որոնց աջակցում են որոշ սիրիացիներ, և այդ հանգամանքն անհնարին է դարձնում նրանց հետ երկխոսությունները: Ասադը հայտարարել է, որ «ահաբեկիչները» գործում են արտերկրի ցուցումներով, ուստի հակամարտության կարգավորման համար պետք է պայմանավորվել «ահաբեկիչների տերերի», այսինքն` արևմտյան և Պարսից ծոցի արաբական երկրների հետ, և ոչ թե վերջիններիս «ստրուկների»:

Բաշար Ասադը հայտարարել է, որ երկրում կանցկացվեն քաղաքական բարեփոխումներ, կհայտարարվի համընդհանուր համաներում, որից հետո կգրվի «Ազգային հրովարտակ» (սահմանադրություն)։ Այն կդրվի համաժողովրդական հանրաքվեի, ինչպես նաև կանցկացվեն ազատ ընտրություններ: Նրա խոսքով՝ միայն սիրիացիներն իրենց երկրի բախտը որոշելու իրավունք ունեն:

Սիրիական ընդդիմադիր Ազգային կոալիցիան (ԱԿ) կիրակի օրը հայտարարել է, որ չի պատրաստվում ընդունել նախագահ Ասադի կողմից առաջարկված հակամարտության կարգավորման նախաձեռնությունը, որը հնչեցվել էր ժողովրդին արված դիմումի ժամանակ:

ԱԿ-ի ներկայացուցիչ Ուալիդ Բաննին հայտարարել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի կողմից, Բրահիմիի մասնակցությամբ, կատարվող բանակցությունները չեն ընդունվի, եթե Ասադը չլքի իշխանությունը:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ուիլիամ Հեյգն իբրև «սին խոստումներ» է որակել սիրիացիներին ուղղված Ասադի ուղերձը, որով իբր առաջարկվել են հակամարտության կարգավորման լուծումներ: Ասադի ելույթի առնչությամբ անմիջապես բացասական կարծիք հայտնեց նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նա, անդրադառնալով Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կիրակնօրյա ուղերձին, հայտարարել է, որ Ասադը ոչ մի նոր բան չի առաջարկել:

Նաև ամերիկյան վարչակազմն է Սիրիայում ճգնաժամի կարգավորման Ասադի պլանը համարում  իշխանության պահպանման նոր փորձ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը:

Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ելույթը քննադատել է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը՝ հայտարարելով, որ այն ուղղված չէ երկրում հակամարտության դադարեցմանը: ԵՄ միջազգային հարաբերությունների և քաղաքական անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն էլ ափսոսանք է հայտնել, որ Սիրիայի վարչակարգը պատրաստ չէ հակամարտությունը քաղաքական դաշտում լուծելու պատասխանատվություն ստանձնել:

ԱՄՆ-ն արդեն Ասադի պլանն անվանել է «իրականությունից կտրված»: Մինչդեռ Իրանի իշխանությունները Ասադի ներկայացրած պլանի իրականացման կոչ են անում:

Մի խոսքով` Սիրիայում իրավիճակը շարունակում է լարված մնալ, ու այստեղ միջազգային խոշոր խաղացողների շահերն արդեն ակնհայտ բախվում են:

 Մերձավոր Արևելքում այլ հակամարտություններ էլ կան

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքի մեկ այլ  թեժ կետին` արաբա-իսրայելական հակամարտության գոտուն, ապա այստեղ էլ վիճակը շարունակում է պայթյունավտանգ մնալ: Իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը վերսկսելու դրվագ ցուցադրվեց, երբ ՄԱԿ-ում Պաղեստինին տրվեց դիտորդ պետության կարգավիճակ: Այդ ժամանակ կարծես կրքերը փոքր-ինչ հանդարտվեցին, սակայն այս հակամարտությունը, որոշ դրվագներում կետային մարտական գործողություններով, հուշում է, որ սառած փուլում չէ: Մասնավորապես` ընդամենը օրեր առաջ իսրայելցի զինվորականները ևս երկու պաղեստինցու սպանեցին Գազայի հատվածում, բացի այդ, Իսրայելը դեռ վերջնականապես չի հրաժարվել Պաղեստինի տարածքներում բնակելի թաղամասեր կառուցելու իր նպատակներից: Օրեր առաջ էլ Երուսաղեմի քաղաքային հանձնաժողովը հաստատեց պաղեստինյան տարածքներում տներ կառուցելու նոր ծրագիրը, որով Իսրայելը ծրագրում է Արևելյան Երուսաղեմում 2610 նոր տուն կառուցել` անտեսելով Պաղեստինի և միջազգային հանրության բացասական վերաբերմունքը: Եվ եթե Իսրայելն իր այս նոր ծրագրի իրագործման գործնական քայլերին անցնի, դժվար չէ կռահելը, որ այս հատվածում էլ միանգամից կթեժանա առանց այն էլ խարխուլ հարաբերական անդորրի վիճակը:

Տարածաշրջանի մեկ այլ երկրի` Իրանի հետ Արևմուտքի հակասությունները կարծես կանխակայվել են սիրիական զարգացումների մշուշում, չնայած այս մեկ հակասությունն էլ ակտիվանալու փուլում է, քանի որ պարզ է` եթե Սիրիայում իրավիճակը փոխվի, առավել ևս` հօգուտ Արևմուտքի, ապա տաք հակամարտությունների հաջորդ թեժ հանգրվանը հենց Իրանն է լինելու:

Այս տարածաշրջանում հետաքրքիր զարգացումներից մեկն էլ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի սահմանին ծավալվող իրադարձություններն էին: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա 2012 թ. այս երկիրը «հաջողացրեց» իր սահմաններին տեղադրել ՆԱՏՕ-ական Patriot համակարգի հրթիռներ: Այս հարցի առնչությամբ թեպետ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը RTR-ին տված հարզազրույցում ասել է, թե ՆԱՏՕ-ն Patriot հակահրթիռային համալիրները Թուրքիայում տեղակայել է ոչ միայն Սիրիայից, այլև Իրանից եկող սպառնալիքներից պաշտպանվելու համար ու հավելել, որ եթե վերլուծաբանները չեն սխալվում, ուրեմն «դա ավելի ռիսկային է, քանի որ լրացուցիչ գայթակղություններ է առաջացնում», ամեն դեպքում` հիշում ենք, որ ՌԴ ԱԳՆ-ն ավելի վաղ ևս մտահոգություն էր հայտնել թուրք-սիրիական սահմանին Patriot-ներ տեղակայելու վերաբերյալ, սակայն, ի պատասխան ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը հայտարարել էր, որ Ռուսաստանն իրավունք չունի միջամտելու այդ հարցին:

Patriot-ների տեղակայմանն ի պատասխան` ՀԱՊԿ ղեկավարությունը, իսկ իրականում Ռուսաստանը պաշտոնապես հայտարարեց, որ պատրաստվում են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մակարդակը բարձրացնելու նպատակով ՀԱՊԿ անդամ երկրների տարածքում տեղակայել հակահրթիռային համակարգեր: Այս բոլոր հարցերը նույնպես տեղափոխվում են եկող` 2013 թվական:

Եթե ուզում ենք ճիշտ հասկանալ, թե ինչ է կատարվում այսօր Մերձավոր Արևելքում, պետք է վերադառնանք 2006 թ. հունիս, երբ ԱՄՆի այն ժամանակվա պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսն առաջին անգամ օգտագործեց «Նոր մեծ Մերձավոր Արևելք» արտահայտությունը: Թե դա ինչ էր նշանակում, երևաց բառացիորեն մեկ ամիս հետո, երբ հրատարակվեց Պետերս ազգանունով ռազմական փորձագետի հոդվածը` քարտեզով:

«Ինչպես երևում է քարտեզից, տարածաշրջանում ամերիկյան գեոստրատեգիայի նպատակը տարածաշրջանի ապագաղութացումից հետո ձևավորված սահմանների փոփոխությունն է: Փորձագետները նշում են, որ Ամերիկայի պաշտոնական մոտեցումներից երևում է այս  տարածաշրջանի երկրների ընդերքի հարստություններին մոտենալու տրամաբանությունը, առաջին հերթին էներգակիրների տնօրինումը` տարածաշրջանում մարիոնետ ու անկենսունակ երկրներ ու վարչակարգեր ստեղծելու ճանապարհով»,- նշվում է «Վիքիպեդիա» հանրագիտարանում:

Այս խորապատկերում կարելի է դիտարկել նաև այսօրվա դրությամբ հետհեղափոխական Եգիպտոսում, Լիբիայում, Իրաքում ընթացող անհանգիստ գործընթացները: Բոլոր այն վայրերում, որտեղ Արևմուտքը, ի դեմս ԱՄՆ-ի, կարողացավ անցյալ մի քանի տարիներին հասնել հեղաշրջումների, այսօր անկայուն ու լարված են: Ինչը վկայում է, որ հեռու չեն ԱՄՆ-ի կողմից այդ երկրներում «կարգուկանոն հաստատելուն» ուղղված քայլերը:

Սառը պատերազմը խորանում է

Ինչ վերաբերում է Արևմուտքի` մասնավորապես ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ստեղծված խզվածքին, որից նոր «սառը պատերազմի» հոտ է փչում, ապա այն  օրեցօր ահագնանում է: Մասնավորապես,ամերիկացիները պահանջում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ներառել «Մագնիտսկու ցուցակում»: Սպիտակ տան կայքում այսպիսի պահանջով խնդրագիրը, ինչպես  հաղորդում է РБК-ն, ստորագրել է արդեն ավելի քան 7 հազար մարդ:

Ամերիկացիները կգնան այդ քայլին, եթե Պուտինը չհրաժարվի այն օրենքից, որն արգելում է ամերիկացիներին ՌԴ-ից երեխաներ որդեգրել:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում դեկտեմբերի սկզբին ընդունվեց «Մագնիտսկու ակտը», որն այցագրային և ֆինանսական սահմանափակումներ է նախատեսում ռուս պաշտոնյաների նկատմամբ, որոնք, ամերիկացի օրենսդիրների կարծիքով, կապ ունեն Hermitage Capital հիմնադրամի իրավաբան Սերգեյ Մագնիտսկու մահվան և մարդու իրավունքների այլ խախտումների հետ։

Ի պատասխան այդ քայլին` ՌԴ Պետդուման ընդունել էր «Դիմա Յակովլևի օրենքը», որը Ռուսաստանի պատասխանն է «Մագինտսկու ակտին» և արգելում է ԱՄՆ քաղաքացիներին ռուս երեխաներ որդեգրել:

ի դեպ, սառը պատերազմի վերսկսման ակնարկին ականատես եղանք նաև հենց Հայաստանում. Եվրամիության ներկայացուցիչը մեզ հստակ ու բաց տեքստով ուղերձ հղեց, թե Հայաստանը պետք է ընտրի` կա՛մ Եվրամիություն, կա՛մ Եվրասիական մաքսային միություն, իսկ այդ երկուսը միասին անհամատեղելի են:

Այնպես որ 2013 թվականին բոլոր հնարավորությունները կան, որ սառը պատերազմը խորանա, հակամարտությունները նոր ընթացք ստանան, նոր տարածքներ գրավեն, և նոր «երկաթե վարագույրներ» իջեցվեն միջազգային հարաբերությունների թատերաբեմում:

Դիտվել է 885 անգամ:
Print Friendly

Leave a Reply