Ինչո՞վ էր հիշարժան անցած տարին, ի՞նչ սպասելիքներ կան նոր սկսված տարում

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | January 13, 2013 7:00

Ավանդական այս հարցերն ուղղեցինք  սպորտի բնագավառի մի քանի ներկայացուցիչների: Ահա թե ինչ պատասխաններ ստացանք:

 Հրաչյա Ռոստոմյան (Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿի գլխավոր քարտուղար)

 1. Ինչպես հայտնի է, 2012-ին Լոնդոնում կայացած ամառային օլիմպիական խաղերին Հայաստանի ներկայացուցիչների մասնակցությունը գնահատվել է բավարար: Որոշ մարզաձևերում մերոնք գերազանց մրցելույթներ ունեցան, իսկ մյուսներում տապալվեցին: Հաշվետվություններ են տրվել, հետևություններ արվել: Տարբեր մարզաձևերում համապատասխան քայլեր են կատարվել: Ֆեդերացիայի նախագահ, մարզիչներ են հրաժարական տվել: Բայց բացթողումները քննարկելը, ի հայտ բերելը հարցի լուծում չէ, պետք է ճանապարհները գտնել դրանք հաղթահարելու համար: Դա էլ կատարվում է, և լի ենք այդ ամենն իրականացնելու վճռականությամբ : Հավելենք, որ 2012-ի մրցաշրջանը ցույց տվեց, որ պատանեկան և երիտասարդական լավ սպորտ ունենք: Մեր երկրի ներկայացուցիչներն աչքի են ընկել աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում: Ուրախացնում է, որ իրենց լավագույնս են դրսևորել ոչ միայն Հայաստանում հենակետային համարվող ծանրամարտի, ըմբշամարտի, բռնցքամարտի, ձյուդոյի, այլև մյուս մարզաձևերի ներկայացուցիչները: Մասնավորապես, ունեցել ենք  ջրացատկի Եվրոպայի պատանեկան առաջնության մրցանակակիր: Դահուկավազորդ Սերգեյ Միքայելյանն աշխարհի երիտասարդական առաջնությունում 8-րդ տեղ է գրավել: Դա նույնպես բարձր արդյունք է: Նույնը կարելի է ասել նաև հեծանվային սպորտում գրանցված ցուցանիշների մասին: Բացի այդ, մարզաձևերի աշխարհագրությունն է ընդլայնվում: 2012-ի բոլոր գերակա  խնդիրները նախարարությունը կատարել է:

 2. 2014-ին Սոչիում անցկացվելու են ձմեռային օլիմպիական հերթական խաղերը: Այս տարի մի շարք վարկանիշային մրցումներ են կազմակերպվելու: Անգամ խորհրդային տարիներին Հայաստանը ձմեռային մարզաձևերի ուժեղ մարզիկներ չի ունեցել: Այժմ հնարավորն արվելու է, որպեսզի մեր երկրի ներկայացուցիչներն օլիմպիական խաղերի վարկանիշ ձեռք բերեն: Այդպիսի հնարավորություններ կան դահուկավազքում, գեղասահքում: Բացի այդ, 2-3 մարզիկ կհրավիրենք դրսից, որպեսզի Հայաստանն ավելի ներկայացուցչական կազմ ունենա օլիմպիական խաղերում: Պետք է խոստովանել, որ ձմեռային օլիմպիական խաղերին սոսկ վարկանիշ ձեռք բերած մարզիկներով մասնակցությունը մեզ համար արդեն  նվաճում կարելի է համարել: Բանն այն է, որ նախկինում մերոնք հրավերով` «սպիտակ քարտերով» են մասնակցել ձմեռային օլիմպիական խաղերին: Աշոցքում դահուկուղի է սարքավորվելու: Աշխատանքը կսկսվի գարնանը և մեկ տարում այն շահագործման կհանձնվի: Կկառուցվի նաև վարչական շենք: Ապա ձմեռային մարզաձևերի գիշերօթիկ դպրոց կստեղծվի: Դա երեք տարում իրականություն կդառնա: Մեր երկրի ներկայացուցիչները լրջորեն են նախապատրաստվելու 2014-ին կայանալիք պատանեկան օլիմպիական երկրորդ խաղերին: Ամեն ինչ արվելու է, որ մերոնք հնարավորինս շատ վարկանիշ ձեռք բերեն: Ծրագրված աշխատանք է իրականացվում: Կազանում այս տարի կայանալիք Համաշխարհային ուսանողական խաղերի նախապատրաստությունն էլ բարձր մակարդակով կկատարվի, և մերոնցից սպասելիքները մեծ կլինեն: 2013-ից սկսած` փուլային  կարգով 70 տոկոսով կբարձրանա մարզադպրոցներում աշխատող մինչև 10 տարվա աշխատանքային ստաժ ունեցող մարզիչների աշխատավարձը:

 

 Արսեն Ջուլֆալակյան (2012-ի Հայաստանի լավագույն մարզիկ, հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական խաղերի արծաթե, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր)

1. Հաճելի է և պարտադրող, որ 2012-ին Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի  հարցման արդյունքով ճանաչվել եմ մեր երկրի լավագույն մարզիկ: 2007-ից սկսած` այդ մրցանակաբաշխությունում աստիճանաբար առաջ էի շարժվում: Զբաղեցրել եմ 9-րդ, 7-րդ, 5-րդ, 3-րդ, 2-րդ տեղերը և, վերջապես, առաջինն եմ: Նախ` շնորհակալ եմ ընտանիքիս անդամներին` եղբորս, հորս, ապա անձնական մարզչիս, եթե նրանց աջակցությունը չլիներ, ինքս ոչնչի չէի հասնի: Ուրախալի է, որ երկրորդ տեղում է մեր հավաքականի մեկ այլ անդամ` Արթուր Ալեքսանյանը: Ի դեպ,  երկար ժամանակ Հայաստանի 10 լավագույն մարզիկների տասնյակն այդքան օբյեկտիվորեն չէր որոշվել, ինչքան այս անգամ: Միակ բանը, որն ինձ զարմացրել է, այն է, որ ոչ օլիմպիական մարզաձևերից սամբոյի ներկայացուցիչն ընդգրկվել է լավագույնների տասնյակում: Թերևս դա արվել է այն նկատառումով, որ այդ մարզաձևը հավակնում է օլիմպիական դառնալու: 2012-ը ինձ համար գերազանց տարի էր, մի փոքր  պակասեց, որպեսզի այն իդեալական դառնա: Նկատի ունեմ այն, որ Լոնդոնում  կայացած օլիմպիական խաղերում շատ մոտ էի չեմպիոն դառնալուն, սակայն եզրափակչում ձեռքից բաց թողեցի հաղթանակը, որի համար միայն ինձ պետք է մեղադրեմ: Այդ բացը կփորձեմ լրացնել 2016-ին Ռիո դե ժանեյրոյում կայանալիք օլիմպիական խաղերում: Անցնող տարին հիշարժան է ինձ համար նրանով, որ ամուսնացել եմ: Անձնականը կարևոր է այն առումով, որ շատ բանով պայմանավորում է մյուս հաջողությունները:

  2. 2013-ի մրցաշրջանի իմ ծրագրերը կազմում է հայրս` Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, օլիմպիական խաղերի չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը: Նոր սկսված տարում մեկնարկել է օլիմպիական նախապատրաստության նոր փուլը, մարզական խոշորամասշտաբ ստուգատեսները շատ են: Միայն կարող եմ ասել, որ կմասնակցեմ հավաքականի բոլոր ուսումնամարզական հավաքներին, իսկ մրցումներում կարողություններս կփորձեմ, թե ոչ, մարզիչս պետք է որոշի: Փետրվարին անցկացվելու է աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարը, մարտին էլ կայանալու է Եվրոպայի առաջնությունը, Համաշխարհային ուսանողական խաղեր են կազմակերպվելու: Վերջինիս ես կարող եմ մասնակցել, քանի որ ասպիրանտուրայում եմ սովորում: Նոյեմբերին էլ կայանալու է Եվրոպայի գավաթի խաղարկությունը: Իսկ գլխավոր նպատակս է այս տարի դառնալ աշխարհի չեմպիոն: Բանն այն է, որ աշխարհի առաջնության արծաթե, բրոնզե մեդալակիր եմ, նաև աշխարհի գավաթակիր: Իմ հավաքածուում պակասում է միայն աշխարհի առաջնության ոսկե մեդալը: Նպատակս է ունենալ  բոլոր ոսկե մեդալները: Եվրոպայի, աշխարհի գավաթակիր եմ: Միայն երկրորդն եմ աշխարհի առաջնությունում և օլիմպիական խաղերում: Համաշխարհային ուսանողական խաղերին էլ առաջին անգամ կմասնակցեմ: Դրանք կայանալու են Կազանում, և լավ մրցելույթը կարող է օգնել, որ հաջող հանդես գամ աշխարհի առաջնությունում:

 Աշոտ  Վարդապետյան (Շախմատի միջազգային մրցավար, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահԵրևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ) 

1. Մայիսին Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահում անցկացվեց աշխարհի չեմպիոնի կոչման համար եզրափակիչ մրցամարտ Վիշվանաթհան Անանդի և Բորիս Գելֆանդի միջև, որի գլխավոր մրցավարի պարտականությունն ինձ էր վստահվել: Փակման հանդիսավոր արարողության ժամանակ ես եմ հռչակել չեմպիոնին և առաջինը  հայտնել, որ Անանդն այդ տիտղոսի տիրակալն է: Ստամբուլում կայացած Շախմատի համաշխարհային օլիմպիադայում կատարում էի վիճակահանության ղեկավարի պատասխանատու աշխատանքը: Ինձ համար սովորական գործ էր: Հիշարժանն այն էր, որ Հայաստանի ներկայացուցիչները փայլուն մրցելույթներ ունեցան, իսկ տղամարդկանց հավաքականը երրորդ անգամ դարձավ այդ ստուգատեսի հաղթող: Ես և մեր երկրի պատվիրակության բոլոր անդամները Թուրքիայում հպարտ էինք, որ այդպիսի թիմ ունենք: Մեծ հաջողություն էր նաև այն, որ շախմատիստուհիների «Միկա» ակումբը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն: Այդ ակումբի գործադիր տնօրենն եմ և խաղացողների հավաքագրումն ինքս եմ կատարում: Իսրայելի Էյլաթ քաղաքում ես պաշտոնապես որպես «Միկայի» ղեկավար չէի ներկայացել, քանի որ գլխավոր մրցավարի տեղակալի կարգավիճակով ղեկավարում էի տղամարդկանց մրցաշարը: Մերոնց հաջողությունը բարձր եմ գնահատում, քանի որ նրանք զիջել են միայն  Մոնտե Կարլոյի թիմին, որը, փաստորեն, աշխարհի հավաքականն է:

2. 2013-ին պետք է ձգտենք, որ մեր երկրի ներկայացուցիչները բարելավեն իրենց անհատական ցուցանիշները: Թիմային մրցումներում Հայաստանի շախմատիստների ձեռքբերումներն ակնառու են, թեև տարեվերջին բաց թողեցինք Արաբական Միացյալ էմիրություններում կազմակերպված քաղաքների թիմերի աշխարհի առաջնությունը:  Պատճառն այն է, որ Երևանի շախմատի ֆեդերացիան  կայուն և հզոր հովանավոր չունի: Ինչևէ, թեև մեր մարզիկներից անհատական մրցումներում մեծ հաջողություններ ենք ակնկալում, սակայն առայժմ դրանք չունենք: Փետրվարից Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը խաղալու է, և հուսանք, որ նա իրեն լավագույնս կդրսևորի:

2013-ի իմ աշխատանքային պլանը դեռևս հստակեցված չէ: Վերջին շրջանում ՖԻԴԵ-ի ներկայացուցիչներն ինձ ավելի շատ վստահում են նոր մրցավարների պատրաստման աշխատանքը, և տարբեր երկրներում անցկացնում եմ միջազգային սեմինարներ: 2012-ի վերջին առաջին անգամ համացանցի օգնությամբ սեմինար անցկացրի ամբողջ աշխարհի մրցավարների համար:

Քիչ հավանական է, որ «Միկայի» տղամարդկանց հավաքականը 2013-ին կխաղա Եվրոպայի առաջնությունում, սակայն մարզուհիներն անպայման հանդես կգան: Ես միշտ որպես մրցավար սպասարկել եմ մոսկովյան «Աերոֆլոտ»  միջազգային մրցաշարը, բարձր պաշտոններ վարել, սակայն այն այս տարի որպես այդպիսին չի կազմակերպվելու, անցկացվելու են միայն «արագ» շախմատի մրցումներ: Այդուհանդերձ, նոր միջազգային մրցաշարեր են կայանալու, մնում է սպասել կազմակերպիչների հրավերներին: Որտեղ իմ փորձը կցանկանան օգտագործել, պատրաստ կլինեմ մասնակցելու:

 Վարդան Ղահրամանյան (Հայաստանի թհեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն, Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ)

 1. Օլիմպիական խաղերի մասնակից ունեինք: Արման Երեմյանը փայլուն հանդես եկավ Կազանում կազմակերպված  օլիմպիական վարկանիշային մրցաշարում, առաջին տեղը գրավեց  և  «Լոնդոն 2012»-ի օլիմպիական խաղերի ուղեգրի արժանացավ: Նա օլիմպիական խաղերում շատ մոտ էր մեդալակիր դառնալու, բայց ի վերջո բավարարվեց 5-րդ տեղով: Արմանն ընդգրկվեց նաև Հայաստանի տարվա լավագույն մարզիկների տասնյակում: Հուսալի հերթափոխ է աճում: Հայաստանի ազգային հավաքականի կազմում երիտասարդ մարզիկներ են, սերնդափոխություն է կատարվում: Թիմի կազմում 21 տարեկան թհեքվանդոյիստներ են: Տարեվերջին էլ Իրանում անցկացված միջազգային  խոշորամասշտաբ մրցաշարում մեր երկրի ներկայացուցիչները բրոնզե 2 պարգևի արժանացան, թիմային մրցումներում էլ ճանաչվեցին 3-րդը: Աչքի ընկան 63 կգ քաշային Հայկազ Սամվելյանը, 68 կգ քաշային Սերգեյ Վարդազարյանը: Հայաստանի ներկայացուցիչներից Եվրոպայի երիտասարդների չեմպիոն Սամվելյանը և Վարագ Աղաջանյանը հրավեր են ստացել մասնակցելու Իրանի լիգայի մրցաշարին: Երեմյանը վաղուց է հանդես գալիս Իրանի լիգայում: Իրանի ֆեդերացիայի հետ պայմանավորվել ենք, որ փոխադարձ համատեղ ուսումնամարզական հավաքներ կազմակերպվեն Իրանում և Հայաստանում:

2. Այս տարի մերոնց լուրջ փորձություններ են սպասում: Հունիսին Մեքսիկայում անցկացվելու է աշխարհի մեծահասակների առաջնությունը: Սեպտեմբերին Պորտուգալիայում կայանալու է մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Մոլդովայում էլ անցկացվելու է մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունը. ժամկետը դեռևս հստակեցված չէ: Ունենք մի քանի շնորհալի մարզիկներ, որոնք պետք է լրջորեն նախապատրաստվեն, որպեսզի 2014-ին կայանալիք համաշխարհային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր ձեռք բերեն: 2013-ին  Հայաստանի հավաքականն ամբողջ կազմով ուխտագնացության կմեկնի Հադրութ և ուսումնամարզական հավաք կանցկացնի: Դա դարձել է ավանդական, այս միջացառումը պարբերաբար կազմակերպվում է: Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը` Գևորգ Դանիելյանը, բարձրակարգ մասնագետ է, և ակնկալում ենք, որ նրա սաները 2013-ին էլ հուսախաբ չեն անի մարզասերներին և մեդալների կարժանանան:

Դիտվել է 995 անգամ:
Print Friendly

Leave a Reply