Կաթոլիկ եկեղեցին և մանկապղծությունը. հանցանք և մեղք

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | March 26, 2010 9:00

Հարկ է` Պապը հստակ և բարձրաձայն ասի, որ սեռական ոտնձգությունները երեխաների նկատմամբ ոչ միայն մեղք են, այլև հանցանք:

Ավելի վատ բան հնարավոր չէ պատկերացնել: Կաթոլիկ եկեղեցու առնչությամբ սեքսուալ բնույթի սկանդալներն այնպիսի մոլեգին տարածում են գտել, որ Վատիկանը ստիպված է պաշտպանել նույնիսկ ներկայիս Բենեդիկտ 16-րդ պապին: Հատկանշական են մասնավորապես երկու սկանդալ, որոնք վերջերս ջրի երես դուրս ելան և անմիջականորեն կարծես կապվում են ներկայիս Պապի հետ:

Մեկը 2001 թ. էր, երբ Պապը դեռ կարդինալ ժամանակ ստորագրել է մի չարաբաստիկ փաստաթուղթ, որը պահանջում է երեխաների նկատմամբ ոտնձգությունների դեպքերը գաղտնի  պահել:

Մյուսը 1977-1982 թթ. էր, երբ նա  Մյունխենում արքեպիսկոպոս էր, և եպիսկոպոսարանն աշխատանքի էր ընդունել մի պեդոֆիլ հոգևորականի, որին հոգեբանական թերապիայի կուրս էր նշանակվել: Բայց նա կցվել էր դաս տալու մի դպրոցում, որտեղ առնվազն մի երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն էր կատարել: Հայրապետի այն ժամանակվա տեղակալը, սակայն, իր վրա վերցրեց պեդոֆիլին աշխատանքի վերցնելու մեղադրանքը, ասելով, որ  ապագա Պապն այդ մասին տեղյակ չի եղել:

1986 թ. դատապարտվելուց հետո Բավարիայի հոգևորականին արգելվեց աշխատել երեխաների հետ, սակայն նրան քրեական պատասխանատվության չենթարկեցին, իսկ երկու տարի առաջ այդ  հոգևորականին  ուղարկեցին այլ ծխական համայնք, որտեղ  մինչև անցյալ ամառ պատարագ էր վարում մի երիտասարդական ճամբարում:  Եվ միայն մարտի 15-ին, երբ հրապարակվեցին հոգևորականի գործի մանրամասները, նա վերջապես հեռացվեց աշխատանքից:

Գերմանիայում որոշ կաթոլիկ  դպրոցների երեխաներ պարբերաբար ենթարկվել են սեռական ոտնձգությունների, իսկ պեդոֆիլները, փոխանակ  հեռացվելու կամ դատապարտվելու, տեղափոխվել են այլ աշխատավայրեր: Նման ոտնձգությունները սկսեցին ջրի երես դուրս գալ նաև Ավստրիայում ու Նիդեռլանդներում: Վերջին շաբաթների ընթացքում Նիդեռլանդներում սեռական ոտնձգությունների առնվազն 350 բողոք է արձանագրվել, Գերմանիայում և  Ավստրիայում` 300-ից ավելի:  Բրազիլիայում մի  հոգևորական երկու մոնսինյորների հետ վերջերս հեռացվեց եկեղեցական ծառայությունից, երբ նրանց մեղադրեցին երիտասարդների մասնակցությամբ սեքսուալ բնույթի տեսաֆիլմեր պատրաստելու մեջ: Իռլանդիայում կարդինալ Շոն Բրեյդին խոստովանել է, որ 1975-ին ներկա  է եղել, թե ինչպես երկու պատանու համոզել են, որ նրանք իրենց նկատմամբ հայր Բրենդան Սմիթի կողմից կատարված սեռական ոտնձգության կապակցությամբ լռություն պահելու երդում ստորագրեն: Եկեղեցին զրկեց Սմիթին հոգևոր կոչումից, սակայն ոչ ոք, նաև կարդինալ Բրեյդին, ոստիկանությանը չհայտնեց  նրա հանցանքների մասին, և նա ազատ էր` ևս երկու տասնամյակ շարունակելու սեռական ոտնձգությունները պատանիների նկատմամբ:

Դեպքերի մեծ մասը կատարվել է անցյալում, երբ  եկեղեցին ավելի անտեղյակ  էր երեխային հասցված այն սոսկալի մեծ վնասից, որն առաջացնում է սեռական վիրավորանքը, և ավելի խիստ հսկողություն չուներ նման դեպքերը կանխելու համար: Բայց հին սկանդալների մեծ մասը, որոնք այժմ ջրի երես են դուրս գալիս, վերաբերում են դեռ կենդանի  եկեղեցականներին, որոնցից  շատերը ներկայումս զբաղեցնում  են եկեղեցական աստիճանակարգի ամենավերին պաշտոնները:

Եկեղեցական վերնախավն անցյալում հաճախ պեդոֆիլիան հանցանք չէր համարում զոհի նկատմամբ, այլ` մեղք, որը վտանգի տակ է դնում եկեղեցականի հոգին, ինչպես, օրինակ`  հարբեցողությունը կամ եկեղեցական հիմնադրամներից փող գողանալը: Մոլորված հոգևորականն արժանանում էր նկատողության, հոգևոր հովվի  ուշադրության և  ամեն բան սկզբից սկսելու հնարավորության: Իսկ այն սոսկալի վնասը, որ հասցվում էր ոտնձգության ենթարկված զոհին, բացարձակապես անտեսվում էր:

Երկրորդ մոլորությունը, որ դեռևս առկա է որոշ եկեղեցական շրջանակներում, պեդոֆիլիան համասեռամոլությունից չտարանջատելն  է: Սեքսուալ հարաբերությունը հոգևորականի և պատանու միջև դիտվում էր որպես սխալ արարք, ճիշտ այնպես, ինչպես կդիտվեր այդ հարաբերությունը երկու հոգևորականի միջև: Այն չէր համարվում վստահության նողկալի չարաշահում:

Այսուհանդերձ, մերժման քաղաքականությունը եկեղեցու կողմից դեռևս շարունակվում է:  Ընտանեկան հարցերով Իռլանդիայի  թեմի առաջնորդ, եպիսկոպոս Քրիստոֆեր Ջոնսը բողոքել է, որ եկեղեցու նկատմամբ խտրականություն է դրսևորվում, չէ՞ որ սեռական ոտնձգություններ կատարվում են և՛ ընտանիքներում, և՛ այլ կազմակերպություններում: «Ինչո՞ւ է հասարակությունը սևեռվում հենց եկեղեցու վրա և դրանով իսկ օտարում եկեղեցուն իրենից, երբ ոտնձգությունների մեծ մասը դարեր ի վեր տեղի է ունեցել աշխարհում»- հարցրել էր նա:

Եպիսկոպոսն իրավացի է, որ այլ կազմակերպություններում, ինչպիսիք են, օրինակ, մանկատները, նման ամոթալի ոտնձգություններ երեխաների նկատմամբ հաճախ կատարվում են, բայց այս կարգի փաստարկները շեղում են մեզ գործի էությունից, այն է` որևէ եկեղեցի չպետք է սպասելիքներ ունենա, որ պիտի հավասար հարթության վրա դատվի աշխարհիկ կյանքի ամենաանբարոյական բաղկացուցիչների հետ: Եթե քարոզում ես բարոյական բացարձակ արժեքներ, պետք է նաև ինքդ քո վարքով հետևես այդ բացարձակ բարոյական արժեքներին: Հետևաբար, կաթոլիկների, ինչպես նաև այլոց համար եկեղեցու վերնախավի` նման խնդիրները վերացնելու անկարողությունն  անչափ մտահոգող է:

Այժմ եկեղեցին երեխաների պաշտպանության շատ օրինակելի օրենքներ ունի, որոնց չափազանց  խիստ բնույթը երբեմն զսպանակներ է դնում նաև մարդկային առողջ վարքի վրա:

«Էկոնոմիստ», 2010, 18 մարտի

Դիտվել է 2733 անգամ:
Print Friendly

Leave a Reply