Սահմանված ժամկետում ընտրագրավը չվճարած թեկնածուները դուրս մնացին ընտրապայքարից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | January 10, 2013 15:10

Այսօր՝ ժամը 14-ին լրացավ Հանրապետության Նախագահի փետրվարի 18-ի ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու համար թերի փաստաթղթեր ներկայացրած թեկնածուներին 8 մլն դրամի չափով ընտրական գրավի վճարման անդորրագիրը ներկայացնելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից տրված ժամկետը:

Այս ընթացքում անդորրագիրը ներկայացրել է 7 թեկնածուներից միայն մեկը` «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը: Թերի փաստաթղթեր ներկայացրած ևս մեկ թեկնածուի` գործազուրկ, անկուսակցական Մհեր Հայրապետյանին տրված 48 ժամը կլրանա ժամը 15-ին:

Այս մասին «Pastinfo.am»-ի թղթակցին հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը:

Արդեն իսկ կարելի է արձանագրել, որ սահմանված ժամկետում ընտրագրավը չվճարած 6 թեկնածուներ` ինքնաառաջադրված անկուսակցականներ` ոչ մի տեղ չաշխատող Ռոբերտ Ահարոնյանը, թոշակառու Պավլիկ Սարգսյանը, Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Նարինե Մկրտչյանը, Հայաստանի մարտական կարատե կոբուդոյի ազգային ֆեդերացիայի նախագահ Տարոն Աբրահամյանը, «Քաշաթաղ» ՀԿ-ի նախագահ Ռոբերտ Սիմոնյանը և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, փաստաբան Ռուբեն Այվազյանը, դուրս մնացին ընտրապայքարից:

Այսպիսով` առաջադրված 15 թեկնածուներից այս պահին 8-ն են ներկայացրել գրանցման համար բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Նրանք են՝ ՀՀ գործող Նախագահ, ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, «Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը, «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ազատություն» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը, «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը, անկուսակցականներ` հասարակական կարգով «Փախստականների և միջազգային իրավունքի» բարեգործական հասարակական կազմակերպության քաղաքական հարցերով խորհրդատու Արման Մելիքյանը, էպոսագետ, ոչ մի տեղ չաշխատող Վարդան Սեդրակյանը, «Ռադիո Հայ» ՍՊԸ ժողովի նախագահ Անդրիաս Ղուկասյանը:

«Փաստինֆո»

Դիտվել է 700 անգամ:
Print Friendly

Leave a Reply