Էդվարդ Նալբանդյան. Եվրոպական անվտանգության պայմանագրում պետք է ամրագրվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների հավասարությունը և մեկ սկզբունքի մյուսին

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | March 26, 2010 13:34

Էդվարդ Նալբանդյան. Եվրոպական անվտանգության պայմանագրում պետք է ամրագրվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների հավասարությունը և մեկ սկզբունքի մյուսին

Մարտի 25-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

ՀԱՊԿ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացման ընթացքը, կազմակերպության անդամ երկրների արտաքին քաղաքական գործունեության համադրմանը, ԵԱՀԿ-ում նախագահող Ղազախստանի նախաձեռնություններին աջակցությանը եւ համատեղ առաջնայնությունների առաջմղմանն առնչվող հարցեր: Նախարարներն անդրադարձան Աֆղանստանում առկա իրավիճակին` կարեւորելով կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերի գործադրումը:

Հանդիպմանը ելույթով հանդես եկավ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, որը կարեւորեց միջազգային բեմահարթակում ՀԱՊԿ աճող հեղինակությունը, ինչի վկայությունն է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ՀԱՊԿ եւ ՄԱԿ-ի միջեւ համագործակցության մասին բանաձեւի ընդունումը, երկու կազմակերպությունների քարտուղարությունների միջեւ համագործակցության վերաբերյալ հռչակագրի ստորագրումը:

Անդրադառնալով Եվրոպական անվտանգության պայմանագրի մշակման նախագծին` Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասաց. «Հայաստանն այժմեական եւ կարեւոր է համարում ռուսաստանյան կողմի նախաձեռնությունը, որտեղ ամրագրվում է անվտանգության անբաժանելիության սկզբունքը: Պայմանագրում պետք է ամրագրվի միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների հավասարությունը եւ մեկ սկզբունքի մյուսին ստորադասման բացառումը»: Նախարարներն ընդունեցին մի շարք հայտարարություններ` ՀԱՊԿ ԱԳ նախարարների հայտարարությունը Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 65-ամյակի վերաբերյալ, Եվրոպական անվտանգության պայմանագրի մշակման գործում փոխգործակցության վերաբերյալ, 2010թ. Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրի վերաբերյալ անցկացվելիք խորհրդաժողովի մասին եւ ԵԱՀԿ-ում նախագահող Ղազախստանի` կազմակերպության դերակատարության ամրապնդմանն ուղղված նախաձեռնություններին սատարելու վերաբերյալ:

Նույն օրը նախարար Նալբանդյանը հանդիպում ունեցավ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ջերմ եւ անմիջական զրույցի ընթացքում քննարկվեցին մի շարք երկկողմ, տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովը հանգամանալից զրույց ունեցան մադրիդյան առաջարկությունների հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացի շուրջ: Երկուստեք նշվեց, որ հակամարտության խաղաղ հանգուցալուծումը այլընտրանք չունի:

Մոսկվայում Էդվարդ Նալբանդյանն այցելեց Հայաստանի դեսպանություն, ուր աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց դեսպանության աշխատակիցների մասնակցությամբ, որի ընթացքում քննարկվեցին Հայաստանի արտաքին աղաքականության առաջնահերթ խնդիրները եւ համապատասխան հանձնարարականներ տրվեցին Ռուսաստանի հետ դաշնակցային փոխհարաբերությունների առավել խորացման եւ ամրապնդման վերաբերյալ:

Դիտվել է 1214 անգամ:
Print Friendly

Leave a Reply