ԱՄՆ-ում գրիպի համաճարակ է. մահացել է 18 երեխա
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | January 10, 2013 1:48

ԱՄՆ-ի գրեթե ողջ տարածքում գրիպի համաճարակ է: Ինչպես նշել են Ատլանտայում գտնվող Հիվանդության կանխարգելման ու վերահսկման կենտրոնից, հիվանդության բռնկումներ են գրանցվել 41 նահանգում: Համաճարակի հետևանքով, արդեն 18 երեխա է մահացել: Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն “արտակարգ իրադրություն” է հայտարարել հասարակական առողջապահության ոլորտում: Բժիշկները խորհուրդ են տալիս պատվաստվել գրիպի դեմ: Նրանց խոսքով, դա անհրաժեշտ է առաջին հերթին տարեցներին, երեխաներին, նրանց, ովքեր ռիսկի խմբում են: Որոշ քաղաքներում իշխանությունները որոշել են պատվաստանյութն անվճար տրամադրել:
Փորձագետների խոսքով, այս տարի համաճարակը շատ խիստ կլինի: Հիվանդանոցները հայտնում են հիվանդների հոսքի մասին, մարդիկ ստիպված ժամերով հերթ են կանգնում ընդունելության համար: Շատերին ուղարկում են տանը բուժվելու, քանի որ տեղ ու դադար չկա:
Ամեն տարի ԱՄՆ-ում աշուն-ձմեռ սեզոնին գրիպով հիվանդանում է երկրի բնակչության 5-20%-ը: Նրանցից 200 հազարը հայտնվում է հիվանդանոցում, 3-49 հազարը մահանում է: ԱՄՆ-ում բնակչության 35 %-ն ամեն տարի պատվաստվում է գրիպի դեմ:
Դիտվել է 1498 անգամ: